Վեց երեխա հատուկ դպրոցից տեղափոխվել է ներառական դպրոց. Պաշտպանի կրկնայցը Երևանի թիվ 2 հատուկ դպրոց

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոց: ՄԻՊ գրասենյակի տեղեկացմամբ, պաշտպանը ծանոթացել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում առկա վիճակին, պարզել անցած տարի մոնիթորինգային այցի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Այս այցի արդյունքում ևս արձանագրվել են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

  • Երեխաներից շատերը դեռևս չունեն վկայագրեր այն դեպքում, երբ վկայագրի առկայությունը հաստատություն ընդունվելու կարևոր նախապայման է,
  • Պետք է վարվեն երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության դեպքերի արձանագրման մատյանները,
  • Բուժանձնակազմը պետք է ունենա շուրջօրյա ներկայացվածություն,
  • Դեղամիջոցները երեխաներին պետք է տրամադրվեն բժշկական կրթություն ունեցող անձնակազմի կողմից,
  • Պետք է առկա լինեն մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար հարմարեցված դասագրքեր,
  • Պետք է հատուկ դպրոցում ներգրաված մասնագետների համար ներդնել վերապատրաստման համակարգ,
  • Շենքի տանիքը և ննջասենյակներն ունեն անհապաղ վերանորոգման կարիք և այլն։

Անցած տարի սեպտեմբեր ամսին Պաշտպանի ներկայացուցիչների  ևս մեկ չհայտարարված այցից հետո հաստատությունում արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ։ Մասնավորապես՝ 6 երեխա տեղափոխվել է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներ:

Բացի դրանից, սանհանգույցներում արդեն առկա է օճառ և զուգարանի թուղթ, առանձնացվել և վերանորոգվում է բժշկական մեկուսարան, տարածքային պոլիկլինիկայի հետ հաստատված է համագործակցություն և պոլիկլինիկան սպասարկում է նաև հաստատության երեխաներին, տեղադրվել է բողոքների արկղ երեխաների համար և այլն։

Այցի արդյունքում արձանագրված խնդիրները մանրամասն կվերլուծվեն և պետական իրավասու մարմիններին կներկայացվեն խնդիրների լուծման ուղղությամբ որոշակի առաջարկներ։