Մի՞թե Ադրբեջանից ու Թուրքիայից հետո ԱՄՆ-ին նույնպես պետք չէ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Անդրկովկասում իր խառը գործերի համար

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) ԱՄՆ-ի կողմից նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնին», որը վերահեռարձակվել է ռուսաստանյան և անդրկովկասյան որոշ ԶԼՄ-ների կողմից։ Հարցազրույցում ամերիկյան դիվանագետը գնահատել է Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հեռանկարներն այն իրավիճակում, երբ ինքը «թողել է պետական ծառայությունը և այժմ ներկայացնում է իր անձնական տեսակետը»։

Աշխարհը հիանալի գիտի, որ Արցախի վերաբերյալ բոլոր բանակցություններն ընթացել ու ընթանում են գաղտնիության ռեժիմով, որը պահպանում են, ինչպես հայտնի է, ոչ միայն հակամարտող կողմերը, այլև միջնորդները։ Ճիշտ է, Բաքուն մի անգամ գաղտնազերծեց, թե որոշակի ինչ է հասկանում «սուբստանտիվ բանակցություններ» տերմինի տակ։ Պարզվում է, դա «կողմնակցությունն է հետևողականության սկզբունքին՝ գաղտնիության պահպանմամբ»։ Հավանական է, որ համանախագահներն ու հակամարտող կողմերը միասնական կարգ են սահմանել այն տեղեկությունների հետ վարվելու համար, որոնք ենթակա չեն հրապարակման։ Հնարավոր է, որ գոյություն ունի նույնիսկ բոլորի կողմից ընդունված փաստաթուղթ, որը նկարագրում է փակ բնույթի տեղեկատվությունը պահելու պայմանները և գաղտնիության ռեժիմի պահպանման վերահսկողությունը։ Կամ էլ գործում է բանավոր պայմանավորվածություն։

Չգիտեմ՝ արդյոք իրավունք ունե՞ր Հոգլանդը, թեկուզ և պաշտոնը թողնելուց հետո, հրապարակել գաղտնի տեղեկություններն այն նախագծերի մասին, որոնք դիտարկվել են Արցախի խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շրջանակներում։ Խնդիրն այն է, որ նա ասպարեզ նետեց հերթական ինտրիգն Արցախյան հարցի շուրջ։ Համաձայն Հոգլանդի, «ոչ վաղուցվա իրադարձությունները, ներառյալ՝ կողմերի միջև շարունակվող երկխոսությունը և շփման գծում բախումների կտրուկ կրճատումը, որոշակի լավատեսություն են ներշնչում, բայց լուրջ բեկումներ չեն լինի»։

Այնուհետ, սակայն, նա հղում է կատարում  մի ինչ-որ «Լավրովի ծրագրի», որը «չի արժանացել կողմերից ոչ մեկի հավանությանը». «ղարաբաղյան կարգավորման հարցով Լավրովի առաջարկած փաստաթուղթը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա՝ մի քանի տարբերություններով»։

Հոգլանդը պնդում է. «Հիմնական տարբերությունը հանրաքվեն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում նաև՝ տեղափոխված ադրբեջանցիների շրջանում… Պատճառը, թե ինչու կողմերը երկուսն էլ չընդունեցին այդ նախագիծը, ամփոփված է նրանում, որ հանրաքվեի անցկացման ժամկետները ճշտված չեն. դա հանրաքվե է, որը կանցկացվի ապագայում ինչ-որ ժամանակ… Սակայն տվյալ պահին և՛ Երևանը, և՛ Բաքուն ցանկանում են, որ հանրաքվեի ժամկետները հստակ նախորոշվեն»։

Այսինքն՝ Հոգլանդը մասամբ խոսում է նաև ներկա ժամանակի մասին, բնութագրելով ներկայիս բանակցային օրակարգը.  Իբր՝  վե՛րջ, վճռված է, մնում է միայն հստակ որոշել հանրաքվեի անցկացման ժամկետները։ Սակայն հենց ինքն էլ, դիվանագիտական էստաֆետը հանձնելով Էնդրյու Շեֆերին, Վաշինգտոնի  արտասահմանյան մամուլի կենտրոնի կլոր սեղանի շուրջ  ներկայացրեց լրացուցիչ մանրամասներ, որոնք «Ամերիկայի ձայնն» անվանեց ոչ թե Լավրովի, այլ «Հոգլանդի ծրագիր»։ Մեջբերենք «Ամերիկայի ձայնից»․

«Լեռնային Ղարաբաղի բարդ պատմության լույսի ներքո կողմերը պետք է որոշեն նրա վերջնական իրավական կարգավիճակը՝  համաձայնեցված և  իրավաբանորեն պարտավորեցնող ապագա կամարտահայտման ճանապարհով։ Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»։

Հոգլանդը հավատացնում էր, որ դա ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահների դիրքորոշումն է։ Տարածքները, որոնք գտնվում են նախկին ԼՂԻՄ սահմանների շրջանակներում և չեն վերահսկվում Բաքվի կողմից, «պետք է ստանան միջանկյալ կարգավիճակ, որն առնվազն երաշխավորում է անվտանգությունն ու ինքնակառավարումը»։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»․ այսպես է նշված այն փաստաթղթում, որի անվանումը, մեկ անգամ էլ հիշեցնեմ, «Հոգլանդի ծրագիր» է, այսինքն՝ ԱՄՆ-ի, այլ ոչ Լավրովի կամ Ռուսաստանի։ Ըստ Հոգլանդի, չի կարող լինել «ոչ մի կարգավորում առանց Ադրբեջանի անկախությունը հարգելու և ընդունելու, որ նրա ինքնիշխանությունն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»։

Իսկ մեջբերման շարունակությունը հետևյալն է. «Հոգլանդի ծրագիրը» նախատեսում է նաև միջանցքի ստեղծում Հայաստանի և Ղարաբաղի միջև, սակայն այդ միջանցքը չի կարող ներառել Լաչինի շրջանը։ Երկարաժամկետ լուծումը պետք է հաշվի առնի ներքին տեղափոխված բոլոր անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալու բնակության նախկին վայր։ Լուծումը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք նախատեսում են խաղաղարար միջոցներ։ Չկա սցենար, որի կիրառմամբ կարելի լինի խաղաղության հասնել առանց բոլոր կողմերի վստահությունը վայելող հստակ մտածված խաղաղարար գործողության»։

Հիշենք, որ դեռ 2017թ․ մարտին Հոգլանդը հայտարարել է, որ «կան Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի քանի խելամիտ ծրագրեր, որոնց շուրջ կողմերը պետք է բանակցություններ վարեն, և դրանք չեն կոչվում «Լավրովի ծրագիր»։ Նա երկու անգամ ընդգծել է, որ գոյություն չունի «Լավրովի ծրագիր» անվանումով որևէ փաստաթուղթ, բանակցային գործընթացում  այդպիսին չկա։

«…Շրջանառության մեջ է մի ծրագիր, այն կազմված է երեք մասից,- հայտարարել է Հոգլանդը։- Սակայն դրա մանրամասները հրապարակել ներկա փուլում մենք չենք կարող, ժամանակը դեռ չի եկել։ Կողմերը դրա վրա աշխատում են»։

Սրան հավելենք և այն, որ ինքը՝ Լավրովը, հրապարակավ ժխտել է իր անունով «ծրագրի» առկայությունը, և ճշտել, որ «այժմ քննարկվող գաղափարների հիմքում ընկած են Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից համատեղ մշակված առաջարկները». խոսքն այն դրույթների մասին է, որոնք «հնչեցվել են լեռնային-ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում»։

Կարևորագույն հարց է ծագում. ինչո՞ւ էր Հոգլանդը 2017թ․ վերջին հայտարարում, որ «Լավրովի ծրագիր» գոյություն չունի, իսկ հիմա փոխել է կարծիքը։ Չէ՞ որ ստացվում է, որ նա, չգիտես ինչու, իր «ծրագիրն» է ներկայացնում որպես «Լավրովի ծրագիր»։ Ինչ-որ բան մշուշազերծվում է, երբ շարունակում ենք կարդալ նրա հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»։ Պատասխանելով հակամարտության կարգավորման ընթացքի վրա արտաքին խաղացողների դերի և ազդեցության վերաբերյալ հարցին, նա պատասխանել է. «Կարծում եմ, որ Իրանը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ։ Բայց ցանկանո՞ւմ է արդյոք Ռուսաստանը, որ այն կարգավորվի… Մոսկվայում կան ուժեր, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում կկորցնեն դրա կողմերի վրա ճնշում գործադրելու կարևոր լծակ։ Ընդգծենք, սակայն, որ համանման հարցին Հոգլանդը նախկինում այլ կերպ էր պատասխանում.

«Չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եղած տարաձայնություններին, երկու երկրները սերտ համագործակցում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Ինձ համար միանշանակ է, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում, Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Դա կապակայունացնի ողջ տարածաշրջանը և կվնասի Ռուսաստանի շահերին»։

Տարբերությունը Հոգլանդի նախկին ու ներկա շեշտադրումների միջև նկատելի է։ Այստեղ մտաբերում ես այն հակառուսական իրարանցումը, որ Հայաստանի ամերիկամետ ուժերը ստեղծեցին 2016թ․ ապրիլին՝ Ադրբեջանի արկածախնդրությունից հետո…

Բայց ինտրիգի մյուս մասն արտահայտված է նրանում, որ Հոգլանդը խորհուրդներ է տվել միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կոչ անելով նրան լինել «շատ զգույշ, կարգավորման գործընթացում չդիմել արմատական քայլերի», «առաջ շարժվել փոքր քայլերով»։ Իլհամ Ալիևը մնաց առանց Հոգլանդի խորհուրդների․․․ Նշվածը հանգեցնում է այն մտքին, որ ԱՄՆ-ում թերևս հարվածի տակ են դնում Փաշինյանին, նրա հետ կապելով «Հոգլանդի ծրագրի» հետ առնչվող հույսերը։ Այդ միտքը որսացել են նաև Բաքվի որոշ փորձագետներ, որոնք սկսել են մեղադրել Մոսկվային՝ Փաշինյանի և Ալիևի միջև իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունները տապալելու» մեջ։ Նրանց կողմից առաջ է տարվում այն գաղափարը, թե ՀՀ վարչապետը պետք է «հանձնի» Արցախի որոշ շրջաններ, ի պատասխան ստանալով փոխզիջումային առաջարկներ Ալիևի կողմից։ Այնուհանդերձ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով բանակցությունների շարքից և Ալիևի հետ «ոտքի վրա շփումներից» հետո Փաշինյանը հանկարծ հայտարարեց, որ «Մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»։

Հակամարտության կարգավորման շուրջ միշտ տեղի են ունեցել բարդ ու բազմաշերտ գործընթացներ, յուրաքանչյուր փուլն ունեցել է իր առանձնահատկությունը։ Հիմա Վաշինգտոնը, թեկուզ և ի դեմս ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահի, սկսել է օգտագործել տեղեկատվության և ապատեղեկատվության արտանետման մեթոդիկան, ինչը վարկաբեկում է ՄԽ-ի շրջանակներում ընթացող գործընթացը։ Ճիշտ է, հիմա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները չեն թաքցնում, որ փորձում են կարգավորման հարցում պայմանավորվածությունների բացակայության պայմաններում պահպանել գոնե ստատուս քվոն։ Բայց ի՞նչ կլինի վաղը․․․ Իսկ մենք հավաստում ենք. Հոգլանդի քայլը քայլ է դեպի ԵԱՀԿ ՄԽ-ի և նրա բանակցային գործընթացի վարկաբեկում։ Ստացվում է, որ ԱՄՆ-ին այլևս պետք չէ՞ այդ կառույցը՝ Անդրկովկասում իր խառը գործերի համար։

 

Սերգեյ Շաքարյանց