«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնի նպատական է կրթական ոլորտում լրացնել էթիկայի բացը

2018 թվականի սեպտեմբերից իր հյուրընկալ դռներն է բացել «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնը: Այստեղ իրականացվում են հանրակրթական ծրագրերին հավելող դասընթացներ, որոնք կոչված են ամբողջացնելու սաների ընդհանուր զարգացվածությունը: Այս կարճ ժամանակահատվածում կենտրոնն իրականացրել է աշնանային և ձմեռային կարճաժամկետ ծրագրեր: Մարտի 18-ից կմեկնարկի նաև դպրոցի գարնանային երկշաբաթյա ծրագիրը՝ նախատեսված 5-8 տարեկան երեխաների համար:

Ինչպես նշում է «Ալբուս»-ի տնօրեն Սաթինե Ղարաքեշիշյանը, կենտրոնի ստեղծման գաղափարը դեռ վաղուց կար, բայց պահը հասունացավ հենց 2018 թվականին:

«Արդեն 13 տարի է, ինչ կրթական ոլորտում եմ, և հասկացել եմ, որ էթիկայի բացն այս ոլորտում մեծ է: ԽՍՀՄ տարիներին դպրոցներում էթիկա առարկա է դասավանդվել, որը հետագայում կրթական ծրագրից հանվել է: Խորությամբ ուսումնասիրելով և հաշվի առնելով արտերկրի հաջող փորձն այս ոլորտում, և դրա անհրաժեշտությունը Հայաստանում՝ որոշեցինք բացել մեր կենտրոնը»,- ասում է մեր զրուցակից Սաթինե Ղարաքեշիշյանը:

Ալբուսը լատինական ծագում ունեցող բառ է, նշանակում է սպիտակ կարապ, ինչը խորհրդանշում է գրացիա, ճիշտ կեցվածք և պահվածք: «Ալբուս»-ում ամեն ինչ կարապի գաղափարի շուրջ է ստեղծված: Կենտրոն ընդունվող յուրաքանչյուր սան ունենում է իր փոքրիկ անվանական կարապը, որի համար փետուրներ է հավաքում դասավանդվող առարկաներից: Փետուրների վրա էլ գրվում են որակներ: Սա երեխաներին ոգեշնչող գաղափար է: Ծրագրի ավարտին երեխաներն իրենց կարապները տուն են տանում, իսկ ծնողներն էլ տեսնում են, թե այդ 1-2 շաբաթվա ընթացքում երեխաներն ինչ որակներով են տուն վերադարձել: «Ալբուս»-ում մեծապես կարևորում են անհատական մոտեցումը յուրաքանչյուր երեխայի: Ամեն մի խմբում ընդգրկված է 12 երեխա, որպեսզի ուսուցիչը կարողանա անհատապես աշխատել յուրաքանչյուրի հետ:

«Ալբուս»-ում դասավանդվում է գործնական էթիկա, ընդհանուր զարգացվածության հիմունքներ, արվեստ, գեղաքայլք, պարարվեստ, ոճ և դիզայն, հոգեբանություն: Հավելյալ իրականացվում է օտար լեզուների ուսուցում և 1-5-րդ դասարանի առարկաների դասապատրաստում: Ինտերակտիվ խաղերը և ուսումնական արդի մեթոդները նպաստում են առաջարկված նյութի հեշտ յուրացմանը՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության: Բարձրակարգ մասնագետների մշակած ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրացնել դպրոցական տարիքի երեխաների զարգացվածության մակարդակը, ինքնավստահությունը և ստեղծել ինքնադրսևորման յուրօրինակ միջավայր: Ծրագիրը ներառում է նաև ուսումնական էքսկուրսիաների կազմակերպում, այցելություններ թանգարաններ, արվեստի կենտրոններ, կինոթատրոններ և այլն: Այս առարկաները ընդգրկված են կենտրոնի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ծրագրերում:

«Կարճաժամկետ ծրագրերը մեզ թույլ են տալիս ունենալ թեմատիկ օրեր՝ բնության օր, երթևեկության օր, ընկերության օր, ընտանիքի օր, կեցվածքի օր և այլն: Օրինակ, բնության թեմային նվիրված օրվա ընթացքում երեխաներին սովորեցնում ենք խնամքով վերաբերվել բնությանը, բուսականությանն ու ծառերին, չաղտոտել բնությունը, հարկ եղած դեպքում մաքրում ենք շրջակա միջավայրը, երեխաների հետ մասնակցում շաբաթօրյակի: Մեզ մոտ հետաքրքիր ու բովանդակալից են անցնում բոլոր թեմատիկ օրերը: Ինչ վերաբերում է դասընթացներին, դրանք բազմաժանր են: Ունենք պարարվեստի դասընթաց, որի ժամանակ մասնագետն աշխատում է երեխաների կեցվածքի և քայլվածքի վրա: Ի դեպ, առարկայի ուսուցիչը Օպերայի և բալետի թատրոնի պարուհի է: Ունենք նկարչության դասընթաց, որի ժամանակ երեխաները ոչ միայն սովորում են նկարել, այլև լսում եմ հետաքրքիր պատմություններ հայտնի նկարիչների ու նկարների, օգտագործվող նյութերի մասին: Ունենք բուն էթիկայի դասընթաց, որի ժամանակ, օրինակ, երեխաները գործնականում սովորում են սեղանի շուրջ նստելու, սեղանից օգտվելու էթիկայի կանոնները: Սովորում են ինչպես իրենց պահել համերգասրահում, կինոյում կամ թատրոնում: Իսկ մեր էթիկայի մասնագետն աշխատում է նախագահի արարողակարգում»,- ասում է Ալբուսի տնօրենը՝ հավելելով, որ իրենք ևս սեմինարների միջոցով պատրաստում են մասնագետներ, որովհետև Հայաստանում էթիկայի մասնագետ գտնելը շատ բարդ է, բայց պատրաստելը հնարավոր է:

Սաթինե Ղարաքեշիշյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն իրականացնել ամբողջական տարեկան ծրագիր, ինչը հնարավորություն կտա ընդգրկել 1-5-րդ դասարանի ավելի մեծ թվով աշակերտների: Տարեկան ծրագրին մասնակցող երեխաները կարող են այցելել կենտրոն դպրոցի դասերից հետո, կեսօրին ժամը 13:00-ից մինչև 18:00-ն: Կենտրոնը տրամադրում է միակողմանի տեղափոխման ծառայություն՝ սանի դպրոցից կենտրոն ուղղությամբ, և մեկանգամյա սնունդ:

«Ալբուս»-ում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները երեխայի հանգիստը և նպատակային ուսուցումը կազմակերպելու համար:

 

Yerevaklur.am