ԱՄՆ-ում գնահատել են ռուսաստանյան նոր գրոհային անօդաչու թռչող սարքն ու վախեցել

Ամերիկյան «Business Insider» պարբերականն անդրադարձել է Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) մշակման և արտադրության թեմային ու սարսափել։ Հոդվածում նշված է, որ ռուսաստանյան «Օխոտնիկ» նոր գրոհային անօդաչու սարքը կարող է էականորեն բարդացնել ԱՄՆ-ի զինվորականների կյանքը։

Այսպես, պարբերականը վերլուծել է «Օխոտնիկի» լուսանկարները և համեմատել այն «B-2 Spirit» ռմբակոծչի հետ, որն ԱՄՆ-ում համարվում է ամենից «անտեսանելի» ինքնաթիռներից մեկը։ Ռուսաստանյան անօդաչու սարքը ստեղծելիս, այն ներկայացնում էին որպես վերջին սերնդի կործանիչի նախօրինակ, ինչը ենթադրում է օդային մարտ վարելու ունակություն, սակայն, ինչպես գրում է ամերիկյան պարբերականը, դրա պոչային փետրավորման բացակայությունը կարող է բարդացնել նման խնդիրը։

Ընդ որում, ներկայումս գոյություն ունեցող ամերիկյան անօդաչու սարքերը կարող են հարվածներ հասցնել միայն ցամաքային նշանակետերին։ Բացի այդ, մինչձայնային արագության պատճառով դրանց հեշտությամբ կարող են խփել կործանիչները։ Մինչդեռ «Օխոտնիկը» կարող է օգտագործվել Սու-57 կործանիչի հետ միասին, ինչը զգալիորեն կբարդացնի ամերիկյան զինվորականների խնդիրները։ Եվ ԱՄՆ-ին անհրաժեշտ է շտապ մշակել գաղափարներ, թե ինչպես կանխավ անօգուտ դարձնել ռուսաստանյան «Օխոտնիկ» ԱԹՍ-ների կիրառումը։

Անկեղծ ասած, անհասկանալի է, թե ինչու ԱՄՆ-ում այդքան «ուշացումով» սկսեցին ահազանգել «Օխոտնիկի» առնչությամբ։ Միգուցե Միացյալ Նահանգներում ներկայումս ինչ-որ մեկը կանխամտածված իրարանցո՞ւմ է ստեղծում և խուճապային տրամադրություններ սերմանում ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում Ռուսաստանի վերջին նվաճումների շուրջ։ Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա ստացվում է, որ շարքային ամերիկացիների նյարդերի դեմ ուղղված այս և այլ հրապարակումների պատվիրատուի դերում կարող են հանդես գալ ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերությունները։

Անցած տարվա նոյեմբերի 23-ին ՏԱՍՍ գործակալությունը հաղորդեց․ «Ռուսաստանյան «Օխոտնիկ» հեռանկարային ծանր անօդաչու սթելս-սարքը Նովոսիբիրսկում անցկացված փորձարկումների ընթացքում թռիչքագծի վրա հավաքել է 200 կմ/ժ արագություն, ինչպես հաղորդում է ավիաշինարարական ոլորտի անհայտ աղբյուրը։ Անցկացված գիտափորձի նպատակը ինքնակառավարման, ընթացքի արագացման և թռիչքագծի վերջնակետում կանգ առնելու առաջին մշակումն էր։ Տեստավորումն անցկացվել է Նովոսիբիրսկի օդանավաշինական գործարանի թռիչքագծի վրա, և դրա արդյունքները համարվել են հաջող։ Պոկում հողի մակերեսից և թռիչք չի անցկացվել։ Փորձարկման ծրագրի հաջորդ փուլը կլինեն «ցատկապոկումները», որոնց ընթացքում սարքը մի քանի մետրով կպոկվի թռիչքագծից և մի քանի վայրկյան անց վայրէջք կկատարի։ Այդ տեստերի արդունքների ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո տեղի կունենա «Օխոտնիկ» ծանր ԱԹՍ-ի նախօրինակի առաջին թռիչքը»։

«Ռեգնում» գործակալությունն այն ժամանակ հավելեց. ռուսական «Օխոտնիկ» ծանր անօդաչու սարքը կառուցված է ռադիոլոկացիոն անտեսանելիության «սթելս» տեխնոլոգիայով։ ԱԹՍ-ը ստեղծված է «թռչող թև» սխեմայով։ Սարքի կշիռն ու չափերն առ այսօր հայտնի չեն։ Ըստ տարբեր հաղորդագրությունների, «Օխոտնիկի» թռիչքային զանգվածը կազմում է 7-ից մինչև 20 տոննա։ Ոչ պաշտոնական տվյալներով, «Օխոտնիկը» կարող է լինել վեցերորդ սերնդի ռուսական գրոհային ինքնաթիռի նախօրինակը։

Միայն հունվարի 24-ին, ինչպես հաղորդեց հենց նույն «Ռեգնում» գործակալությունը, համացանցում հայտնվեցին «Օխոտնիկ» ԱԹՍ-ի առաջին լուսանկարները։ Տեղեկացվում էր, որ «Օխոտնիկն» իրականում ունի 20 տոննա թռիչքային կշիռ և պետք է զարգացնի մոտ 1000 կմ/ժամ արագություն։ Թե այդ ԱԹՍ-ի հետ կապված որոշակի ի՞նչն է այսօր մտահոգություն առաջացնում ԱՄՆ-ի որոշ շրջանակներում, ըստ երևույթին, պետք է թողնենք ավիամասնագետներին, մասնավորապես՝ անօդաչու ավիատեխնիկայի մասնագետներին։ Չէ՞ որ նույնիսկ «Business Insider» ամերիկյան պարբերականն անդրադառնալով «Օխոտնիկ» անօդաչու սարքի թեմային, արդյունքում չի նշել, թե Ռուսաստանի կողմից Սու-57 կործանիչի հետ «Օխոտնիկի» կիրառումն ինչով պիտի «զգալիորեն բարդացնի ամերիկյան զինվորականների խնդիրները»։ Եվ արդյոք դա նույնքան վտանգավո՞ր է ԱՄՆ-ի զինվորականների համար, որքան, օրինակ, այն, որ Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են առաջ անցնել Միացյալ Նահանգներից հիպերձայնային զենքի կամ, ինչպես արտահայտվել է ամերիկացի պաշտոնաթող գեներալ-մայոր Հովարդ Թոմփսոնը, «չորրորդ չափման արդյունավետ մարտագլխիկների» արտադրության ոլորտում։

Դժվար է պատկերացնել, թե ԱՄՆ-ի զինծառայողներն ու ռազմական ինժեներները նույնքան ինքնագոհ ու ինքնավստահ են, որքան Վաշինգտոնի քաղաքական գործիչներն ու բիզնես-աշխարհը։ Չէ՞ որ ամերիկյան զինվորականները հնարավորություն են ունեցել բազմիցս համոզվելու, որ ռազմական տեխնիկայի ոլորտում ԽՍՀՄ/Ռուսաստանն առանձնապես չի զիջել ԱՄՆ-ին. Կորեա, Վիետնամ, Անգոլա, Եթովպիա, Գրենադա (միջնորդավորված՝ Կուբայի զինվորականների հետ բախման միջոցով) և այլն, իսկ ռազմական տեխնիկայի որոշ նմուշների առումով նույնիսկ գերազանցել է։ Օրինակ, ամերիկացիները և նույնիսկ Իսրայելը դիմել են ռազմական «ՄիԳ»-երի առևանգումների, որպեսզի իմանան այդ մարտական ինքնաթիռների որոշակի կոնստրուկտորական նրբությունները։ 1965 թվականին իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայությունը կազմակերպեց ՄիԳ-21-ի առևանգումն Իրաքից Իսրայել։ Իսկ 1976-ին կազմակերպվեց այն պահի դրությամբ մեծ քանկությամբ գաղտնի սարքավորումներ կրող ՄիԳ-25Պ-ի առևանգումը ԽՍՀՄ-ից Ճապոնիա։ Ինչպես հայտնի է, ճապոնացիներն առևանգված ՄիԳ-ը փոխանցեցին ամերիկացիներին։ Մի՞թե Ամերիկայում այդ ամենի մասին «մոռացել» են․․․

 

Սերգեյ Շաքարյանց