Ճապոնիայի կառավարությունը կաջակցի Հայաստանում ընտրությունները կազմակերպող մարմինների կարողությունների զարգացմանը

Այսօր ՀՀ կառավարությունում Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ստորագրեցին համաձայնագիր՝ պաշտոնապես հայտարարելով ընտրությունները կազմակերպող մարմինների երկարաժամկետ կարողությունների զարգացմանը միտված ծրագրի մեկնարկը։

ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և պրն Մարիյասինը ստորագրեցին Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող (մեկ միլիոն ԱՄՆ դոլար) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն – 2» (ՀԸԳԱ-2) ծրագրային փաստաթուղթը։

Հիմնվելով 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության (Եվրոպական միություն, Գերմանիա, Միացյալ Թագավորություն և Շվեդիա) և ՀՀ կառավարության աջակցության վրա, ՀԸԳԱ-2 ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները՝ վերջինիս կառուցվածքի և պլանավորման գործընթացների արդիականացման, ռեսուրսների վերակազմակերպման, ներքին ընթացակարգերի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների բարելավման միջոցով։

ՀՀ կառավարությունից հաղորդել են նաև, որ ծրագիրը, ի լրումն այլ գործառույթների, կաջակցի էլեկտրոնային ուսուցման հարթակի ընդլայնմանը, Միջազգային ընտրական տեխնոլոգիաների համաժողովի միջոցով կներկայացնի Հայաստանի փորձը տարածաշրջանում և դրանից դուրս, կնպաստի ընտրական հանձնաժողովների տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորմանը։

ՀԸԳԱ-2-ը համակարգելու է իր գործողություններն այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աջակցություն կտրամադրեն ընտրական գործընթացներին ծրագրի շրջանակներից դուրս։