Խոջալուի կրակակետերի վնասազերծումը դարձել էր կենսական անհրաժեշտություն

1992թ. փետրվարի 25-ից լույս 26 գիշերը տեղի ունեցավ Խոջալու բնակավայրի ազատագրումը՝ Ստեփանակերտ քաղաքը և շրջակա հայկական բնակավայրերը ապաշրջափակելու և Խոջալուում հակառակորդի կրակակետերը վնասազերծելու նպատակով:

1991-ի գարնանից ԼՂՀ բնակավայրերը Խոջալուից պարբերաբար ենթարկվել են ադրբեջանական ՄՀՆՋ-ականների (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ) հարձակումներին, և «Ալազան», «Կրիստալ», ՄՄ-21 «Գրադ» համազարկային ռեակտիվ կայանքներից հրթիռակոծության։ Այդ ընթացքում պատանդվել են 700 հայ խաղաղ բնակիչներ, ոչնչացվել հարյուրավոր հեկտար հացահատիկային ցանքսեր, բնակավայրերի մեծ մասը զրկվել է էլեկտրաէներգիայից և ջրամատակարարումից։

Շարունակվող պաշարման, գնդակոծության, մեծ թվով փախստականների առկայության, վառելանյութի բացակայության, արդյունաբերական, այդ թվում՝ սննդի վերամշակող ձեռնարկությունների հարկադրական պարապուրդի, միջշրջանային ճանապարհների շրջափակման և այլ պատճառներով Ղարաբաղում և հատկապես Ստեփանակերտում վիճակը գնալով ծանրացել է, մթերքն ու վառելանյութը սպառվել:

1992թ. հունվար-փետրվարին հացի ամսական չափաբաժինը չի գերազանցել 400 գ, և ամսվա վերջին սկսվել է սովը, իսկ որոշ բնակավայրերում բռնկվել են վարակիչ հիվանդություններ։ Բնակչությանը սովից փրկելը, բժշկական օգնություն ցույց տալը, միակ օդանավակայանն ապաշրջափակելը և Խոջալուի կրակակետերի վնասազերծումը դարձել էր կենսական անհրաժեշտություն:

Մինչ այդ Ադրբեջանի ժողովրդական ճակատի ջանքերով Խոջալու էին տեղափոխվել զինված ստորաբաժանումներ, կազմակերպել են Ուզբեկստանից բռնագաղթած թուրք մեսխեթցիների վերաբնակեցում, և Խոջալուի բնակչությունը 2 100 մարդուց 1991-ին հասցվել էր մոտ 6 000-ի:

Խոջալուն գրոհող ԼՂՀ ԻՊՈՒ (ինքնապաշտպանական ուժեր) ստորաբաժանումները միջանցք էին թողել գյուղի խաղաղ բնակչությանը՝ ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, որի մասին ադրբեջանական կողմը նախօրոք տեղեկացված էր։ Սակայն վերջինս ոչինչ չէր ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց դուրս բերելու համար:

Խոջալուի ռազմական գործողությունից հետո ԼՂՀ ԻՊՈՒ պատանդությունից ազատել են 13 հայ, այդ թվում՝ 1 երեխա և 6 կին, ռազմավար վերցրել 2 ՄՄ-21 «Գրադ» համազարկային ռեակտիվ, 4 «Ալազան» կայանք, մեկ 100 մմ-ոց հրանոթ և 3 միավոր զրահատեխնիկա։ ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայությունը Խոջալուում և շրջակայքում հայտնաբերել է ադրբեջանցի 11 խաղաղ բնակիչների դիակներ։ Խոջալուի հարյուրավոր խաղաղ բնակիչներ զոհվել էին գյուղից 10-11 կմ հեռու՝ Աղդամ քաղաքի մատույցներում, որտեղ տեղակայված էր Ադրբեջանի ռազմական ստորաբաժանումը։

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է մեզ մեղադրել Խոջալուի խաղաղ բնակչության կոտորածի մեջ, սակայն անգամ ԱՀ նախագահ Այազ Մութալիբովը 1992-ի մարտին խոստովանել է, թե «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», իսկ «Աղդամի մոտ այդ ժամանակ բավարար ուժեր կային մարդկանց օգնության հասնելու համար»։ (Независимая газета 2.4.1992)։

Արտակ Զաքարյան Artak Zakaryan-ի ֆեյսբուքյան էջից

1992թ. փետրվարի 25-ից լույս 26 գիշերը տեղի ունեցավ Խոջալու բնակավայի ազատագրումը՝ Ստեփանակերտ քաղաքը և շրջակա հայկական…

Опубликовано Արտակ Զաքարյան Artak Zakaryan Понедельник, 25 февраля 2019 г.