Ճարտարում բազմագործառութային մարզադաշտ է կառուցվում

«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կառուցվում է բազմագործառութային մարզադաշտ:

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը՝ նշելով, որ շինաշխատանքները սկսվել են 2018 թվականին:

Նրա խոսքով, մարզադաշտում կատարվել են հողային աշխատանքներ, որից հետո իրականացվելու է խոտածածկը, այնուհետև տեղադրվելու է 150 նստատեղ: Մարզադաշտը նախատեսված է շահագործման հանձնել ընթացիկ տարվա հուլիսին:

Ա. Աղաբեկյանը նշել է նաև, որ նոր մարզադաշտ ունենալը Ճարտարում կխթանի սպորտի զարգացումը:

«Նոր կառուցվող մարզադաշտին կից երկու տարի առաջ վերակառուցվել է նաև Ճարտարի Մոնթե Մելքոնյանի անվան մարզահամալիրը, որն ապահովված է մարզագույքով,- տեղեկացրել է քաղաքապետը։- Այնտեղ անց են կացվում ազատ ըմբշամարտի, բռնցքամարտի, սամբոյի պարապմունքներ»։