Ճարտարում անցկացվել է «Արայիկ» ինքնապաշտպանական հատուկ ջոկատին նվիրված բռնցքամարտի հուշամրցաշար (լուսանկարներ)

Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան մարզահամալիրում կայացել է «Արայիկ» ինքնապաշտպանական հատուկ ջոկատին նվիրված բռնցքամարտի հուշամրցաշար: «Արցախպրես» լրատվական կայքի տեղեկացմամբ, մինչ մրցաշարն սկսելը, Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը, «Արայիկ» ինքնապաշտպանական հատուկ ջոկատի հրամանատար Վահրամ Ղահրամանյանն իր մարտական ընկերների հետ, Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ղազարյանը, մարզիչները և մարզիկները ծաղիկներ են խոնարհել քաղաքի զոհված ազատամարտիկների հուշարձանին:

Բռնցքամարտի հուշամրցաշարին մասնակցել են Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի, Ճարտարի, Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղի, Հադրութի, Շուշիի և Ստեփանակերտի 2002-2011 թթ․ ծնված շուրջ 80 մարզիկներ: Հուշամրցաշարին մրցանակային տեղեր գրաված մարզիկներն արժանացել են մեդալների և դիպլոմների:

«Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ղազարյանն ասել է, որ հուշամրցաշարի նպատակն է ոչ միայն արժևորել, գնահատել և հարգանքի տուրք մատուցել «Արայիկ» ինքնապաշտպանական հատուկ ջոկատի ազատամարտիկների հայրենանվեր գործունեությանը, այլև նորօրյա սերնդին դաստիարակել հայրենասիրության ոգով: Մրցաշարը նաև նպատակ ունի ֆիզիկապես առողջ և պատրաստ սերունդ կրթելու և դաստիարակելու, որը պատրաստ կլինի կրկնելու իր նախորդ սերնդի սխրանքը:

Խոսելով ֆեդերացիայի մասին, Ա. Ղազարյանն ասել է. «Մենք ունենք շուրջ 300 մարզիկներ, ովքեր մասնակցում են տարբեր մրցաշարերի և գրավում առաջնային տեղեր: Այս տարի նախատեսում ենք նաև բռնցքամարտի խմբակներ բացել Մարտունիում և Շուշիում: Առաջիկայում գլխավոր մարզիչ Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ նախապատրաստվում ենք մասնակցել բռնցքամարտի ՀՀ երիտասարդների առաջնությանը»:

«Արայիկ» ինքնապաշտպանական հատուկ ջոկատի հրամանատար Վահրամ Ղահրամանյանի հետ զրույցում նա պատմել է, որ իրենց ջոկատն ստեղծվել է 1992 թվականի մայիսի 14-ին, Երևանի պետական համալսարանի ճարտարցի ուսանողների և Ճարտարում գործող ազատ ըմբշամարտի խմբի շուրջ 30 տղաների նախաձեռնությամբ, ապա անդամների թիվը հասել է 56-ի:

«Մեր խմբի տղաներից Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արայիկ Ավանեսյանը, անցնելով որոշակի պատրաստվածության փուլ, եկավ հայրենի Ճարտար և, ցավոք սրտի, մարտական գործողության ժամանակ թշնամու գնդակից զոհվեց,- մասնավորապես ասել է ջոկատի հրամանատարը:- Արայիկը եղավ Ճարտարի առաջին զոհը, և, ի պատիվ նրա, կոչվեցինք «Արայիկ» ինքնապաշտպանական հատուկ ջոկատ: Մեզ կոչել են հատուկ ջոկատ, որովհետև գաղափարական կուռ հիմքեր ենք ունեցել, այդ թվում՝ ֆիզիկական լուրջ պատրաստություն և հայրենապաշտություն: Մենք կարողացել ենք ստեղծել միասնական ու համախմբված ջոկատ, որը փայլուն կերպով կատարել է հատուկ առաջադրանքներ: Հպարտությամբ պետք է ասեմ, որ ոչ մի մարտական գործողության ժամանակ ջոկատը պարտություն չի կրել: Մեր հիմնական խնդիրը հայրենի գյուղի և հարակից համայնքների պաշտպանությունն էր: Անհրաժեշտության դեպքում մենք հանդես ենք եկել նաև որպես արագ արձագանքման ջոկատ: Երբ պետք էր  հետախուզություն կամ հատուկ առաջադրանքներ կատարվեր, դիմում էին մեր ջոկատին: Հետաքրքիրն այն էր, որ ժամանակ անց թուրքերն իմանալով, որ մեր ջոկատի հետ պիտի ճակատեն, վախենում ու չէին հարձակվում: Մենք գիտեինք, որ կյանքի գնով պետք է պաշտպանենք մեր հողը և մարտի դաշտում չպիտի թողնեինք զոհ կամ վիրավոր»։

Անդրադառնալով հուշամրցաշարին, Վ. Ղահրամանյանն ավելացրել է, որ նման մրցաշարերը, հիրավի, ունեն դաստիարակչական մեծ նշանակություն: