Նախորդ տարի արտագաղթի իրական ալիքը գերազանցել է սպասված ներգաղթը

Քանի դեռ հերթական հիասթափության ալիքը հասարակության շրջանում նոր ու շատ ավելի մեծ արտագաղթի ալիք չի բարձրացրել

 

Վերջերս ՀՀ վիճակագրական կոմիտեն (ՎԿ) հրապարակեց Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019թ․ հունվարի 1-ի դրությամբ։ Ու թեև թավշյա հեղափոխությունից հետո երկրի բարձրագույն ղեկավարությունը խոստանում էր, ամեն հարթակից պատասխանատու հայտարարում, թե ընդամենն ամիսներ անց ներգաղթի հզոր ալիք կսկսվի երկրում և աշխարհասփյուռ հայերը, հատկապես վերջին մեկ-երկու տասնամյակում երկրից հեռացածները կվերադառնան կոռուպցիայից, մենաշնորհից, հանցավոր ռեժիմից ազատագրված իրենց հայրենիք, իրենք էլ, միգուցե, ոգեշնչվում էին իրենց  հայտարարություններից, Վիճակագրական կոմիտեի հանրայնացրած տվյալներն, այնուհանդերձ, չարդարացրեցին նրանց ու մեր հանրության սպասելիքները։

Ըստ ՎԿ-ի հրապարակած տվյալների, 2017թ․ համեմատ, նախորդ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է 7600-ով։ Եթե 2017թ․ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972 700 մարդ, ապա 2018թ․ վերջին Հայաստանում ապրողների թիվը նվազել է՝ հասնելով 2 մլն 965 100-ի։ Ընդ որում, հիմնական արտագաղթը եղել է Հայաստանի գյուղերից, մեծ մասամբ Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերից։ Եվ զարմանալի չէ, քանի որ անկախացումից հետո Հայաստանի գյուղերն ու գյուղաբնակ քաղաքացիները հիմնականում աչքաթող են արվել երկրի կառավարությունների, իշխանությունների կողմից, ու այդ բնակավայրերի բնակիչները ստիպված իրենց ապրուստի միջոցը սկսել են փնտրել արտագնա աշխատանքի մեկնելով օտար երկրներ ու, հատկապես, Ռուսաստանի Դաշնություն։ Աստիճանաբար արտագնա աշխատանքը վերածվել է այդ երկրներում մշտական բնակության, գյուղերից մարդիկ սկսել են հեռանալ ընտանիքներով, գերդաստաններով։

Մերօրյա իշխանությունները գյուղերի նկատմամբ վարած քաղաքականությամբ չեն տարբերվում նախորդներից։ Փաստն այն է, որ կառավարության ծրագրում գյուղատնտեսության զարգացմանը երրորդական, չորրորդական կարևորություն է տրված, իսկ նախորդ տարի տնտեսական աճի ցուցանիշում գյուղատնտեսությունը զգալի անկում է ունեցել։ Ցավալի, բայց և բնական է, որ ներկայիս պայմաններում նույնպես գյուղերից արտահոսքը պետք է շարունակվի, և քանի որ հանրապետության քաղաքներում էլ գործազրկության ցուցանիշը բավականին բարձր է, այդ մարդիկ ավելի լավ կյանքի պայմանների փնտրտուքով նախընտրում են հատել երկրի սահմանը՝ հիմնականում երկարաժամկետ կամ անվերադարձ։

Վերադառնանք ՎԿ-ի հրապարակած տվյալներին։ Ըստ դրանց, 2017թ․ ՀՀ գյուղերում ապրել է 1 մլն 76 900 բնակիչ, իսկ 2018թ․ վերջին նրանց թիվը հասել է 1 մլն 70 600-ի՝ 6300-ով ավելի քիչ։ Իհարկե, այդ թիվը շատ մեծ չէ, բայց եթե հաշվի առնենք, որ գյուղական շրջաններում առանց այն էլ բնակչությունը մեծ չէ և այնտեղ հիմնականում ապրում են տարեցներն ու երեխաները, ապա հիմք կա անհանգստանալու, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ կառավարության վարած քաղաքականության հետևանքով այդ բնակավայրերից արտագաղթը կարող է շարունակական լինել։

Արդեն նշեցինք, որ կառավարությունն իր ներկայացրած հնգամյա ծրագրում գյուղերի զարգացման պատշաճ միջոցառումներ ու քայլեր չի նախատեսել։ Կառավարության ծրագրով երկրի տնտեսական զարգացման գործում գերակա են համարվել ՏՏ ոլորտի զարգացումը, արդյունաբերությունը, բայց ոչ գյուղատնտեսությունը։ Մինչդեռ, ՀՀ գյուղական բնակչությունը, ըստ թվային ցուցանիշների, Հայաստանի բնակչութան գրեթե կեսն է, հետևաբար արտագաղթը, կառավարությունը ժողովրդագրական բացասական հաշվեկշիռը կանխելու համար պետք է կարևորեր երկրի գյուղերի զարգացումը։ Իսկ գյուղերի զարգացումն, առաջին հերթին, հնարավոր է ապահովել գյուղատնտեսության զարգացման միջոցով։

Ի դեպ, Երևանի բնակչության թիվն, ըստ ՎԿ-ի տվյալների, չի նվազել, հակառակը՝ աճել է․ եթե 2017-ին Երևանի բնակչությունը կազմել է 1 մլն 77600 մարդ, ապա այժմ մեր քաղաքում 2500-ով ավելի մարդ է ապրում, մայրաքաղաքի բնակչության ընդհանուր թիվը 2019թ․ հունվարի 1-ի տվյալներով հասնում է 1 մլն 80100-ի։ Կարելի է միայն ենթադրել, որ այդ աճն ապահովվել է կամ գյուղերից ու հանրապետության այլ քաղաքներից դեպի մայրաքաղաք մարդկանց արտահոսքով, կամ բնական հավելաճի։

Նշենք նաև, որ նախորդ տարի մեր երկրում գրանցված քաղաքացիներից ՀՀ մեկնածների ու վերադարձածների բացասական տարբերությունը շատ ավելի մեծ է եղել՝ 18 500։ Այդքան մարդ հատել է երկրի սահմանն ու այլևս չի վերադարձել, սակայն բնական հավելաճի շնորհիվ այդ բացասական սալդոն կրճատվել է ու կազմել 7600 մարդ։ Նկատի ունենանք, որ նախորդ տարի բնական հավելաճը կազմել է 10 900 և, փաստորեն, կրճատված բնակչության թիվը դրա շնորհիվ այդքանով համալրվել է։

Սա է իրականությունը, որը, ինչպես ակնհայտ է, հակասում է հունվարի սկզբին դեռ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ դեպի Հայաստան ուղևորահոսքերի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման հետ։ Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ ՀՀ վարչապետն մեծ խանդավառությամբ արձանագրել էր, թե  2018թ․ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է 20 հազար 713, այսինքն՝ Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից: Վարչապետը ներկայացրել էր նաև 2017թ․ ցուցանիշը, որի համաձայն, մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից: Ի հավելումն, Նիկոլ Փաշինյանը հերթական չհիմնավորված, սիրողական մակարդակի հայտարարությունն էր արել՝ «Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք +10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: Դուխով:)»։

Նախ նշենք, որ ՎԿ-ի տվյալներով, Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը (ընդգծենք, որ խոսքն ուղևորահոսքի մասին է, այդ թվում նաև՝ օտարերկրացիների, և ոչ թե ՀՀ մշտական բնակչությունը կազմող անձանց) նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում 15 313 է եղել (նրանց թվում, հայերից բացի, նաև հնդիկներ, ֆիլիպինցիներ և ուրիշ այլազգիներ), այսինքն՝ այդքան մարդ մնացել է Հայաստանում, մինչդեռ զուտ ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիների մուտքերի և ելքերի հաշվեկշիռը բացասական է եղել՝ – 4588։

Ժողովրդագիր Արտակ Մարկոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնագիտական տեսանկյունից երկրի մշտական բնակչության թիվը որոշելու համար ուղևորահոսքերի ցուցանիշն այնքան էլ կարևոր չէ, քանի որ դրանում հաշվարկվում է նաև օտարերկրացիների, զբոսաշրջիկների հոսքը։ Այդ թիվն ընդամենը ցույց է տալիս, թե քանի մարդ է մտնում Հայաստան և դուրս գալիս, և այդ ուղևորահոսքը մշտական բնակչության թվաքանակը որոշելիս հաշվի չի առնվում։ Մշտական բնակչության թվաքանակը հաշվարկելիս, ՎԿ-ն երկու ցուցանիշ է օգտագործում՝ մարդկանց բնական հավելաճը և միգրացիայի սալդոն, որը ձևավորվում է ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրային վարչության կողմից տրամադրված տվյալների հիման վրա։

«Մշտական բնակչության թիվը հաշվելու համար կարևոր է իմանալ, թե ինչքան մարդ է Հայաստանում գրանցվել և դուրս եկել գրանցումից, դրա տարբերությունը կազմում է միգրացիոն սալդոն, որը կարող է լինել դրական կամ բացասական,- ասաց ժողովրդագիրը։- Վերջին տարիներին այն միշտ եղել է բացասական, այսինքն՝ գրանցումից դուրս եկողներն ավելի շատ են եղել, քան գրանցվողները։ 2018թ. առաջին երեք եռամսյակի տվյալներով մենք ունեցել ենք բնակչության նվազում 3000 մարդով։ Ընդ որում, բնական աճը դրական է եղել, բայց քանի որ ունեցել ենք միգրացիոն բացասական սալդո, բնակչության թվաքանակը նվազել է»։

Անդրադառնալով բացասական սալդոյին, Արտակ Մարկոսյանը մտահոգություն հայտնեց, որ հեղափոխությունից հետո չեղան այն դրական փոփոխությունները, որոնք կարող էին Հայաստանում գրավիչ պայմաններ ստեղծել ապրելու, աշխատելու, սովորելու համար և նպաստել հայրենադարձությանը։ Ըստ նրա, տասն ամիսը քիչ ժամանակահատված չէր, որպեսզի գոնե այդ դրական փոփոխությունները նախանշվեին։

«Այնպես չէ, որ հեղափոխությունից հետո բոլոր հայերը պետք է ճամպրուկները վերցնեին ու գային Հայաստան,- ասաց մեր զրուցակիցը։- Նման բան չի էլ լինի, քանի երկրում դեռ դրական փոփոխություններ չեն եղել։ Միայն այն փաստը, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, հիմնավոր պատճառ չէ մեր հայրենակիցների վերադարձի համար։ Պետք է հասկանալ՝ մարդիկ գալու են այստեղ ի՞նչ անեն, քանի դեռ երկրի տնտեսական, հասարակական կյանքում ոչինչ չի փոխվել։ Մեր հայրենակիցները չեն կարող դրսում տարիներով ստեղծածը թողնել ու գալ այստեղ՝ չիմանալով, թե ինչ ապագա  է իրենց սպասում։ Իսկ երկրի ապագան այսօր տեսանելի չէ։

Ներգաղթը խրախուսելու համար պետք է ամբողջ պետական ապարատն աշխատի, կառավարությունը պետք է ցույց տա, որ ունակ է դրական փոփոխություններ իրականացնելու, արդյունքներ գրանցելու, մեր հայրենակցի համար դա է խթան լինելու, որ հասկանա՝ Հայաստանը դառնում է գրավիչ երկիր բիզնեսի, ապրելու, ուսանելու համար։ Կառավարությունն ամենօրյա աշխատանքով պետք է ապացուցի, որ այստեղ, իրոք, փոփոխություններ են նախատեսում։ Առայժմ այդ դինամիկան, դրական փոփոխությունների երաշխիքները չկան»։

Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ, եթե մեր երկրում զարգացումները շարունակվեն այնպես, ինչպես հիմա է, ապա հայրենադարձության մասին բոլոր հայտարարությունները միայն պոպուլիստական բնույթ կկրեն։ Ավելին․մեր զրուցակիցն ասաց նաև, որ կառավարությունը պետք է շտապի լուրջ, արդյունավետ տնտեսական, սոցիալական ծրագրեր իրականացնել, կտրուկ բարելավել մեր երկրի քաղաքացիների կենսամակարդակը, քանի դեռ հերթական հիասթափության ալիքը հասարակության շրջանում նոր ու շատ ավելի մեծ արտագաղթի ալիք չի բարձրացրել։

 

Թագուհի Ասլանյան