ԱՄՆ-Ռուսաստան. պատերազմ առայժմ չկա, բայց ամերիկյան զինվորականները Սիրիայից հետո խուճապի մեջ են

Վերջերս բրիտանական «The Independent» ազդեցիկ թերթը հրապարակեց զարմանալի և, անկեղծ ասած, ապշեցուցիչ տեղեկություններ ԱՄՆ-ի բանակի զինծառայողների շրջանում տիրող հոգեվիճակի մասին։

Հղում կատարելով Պենտագոնի աղբյուրներին, բրիտանական թերթը գրել է, որ 2018թ․ նոյեմբերից հետո ընկած ժամանակահատվածում Կոլումբիայի շրջանի (Վաշինգտոն) Շրջանային դատարանում Պենտագոնի դեմ 4137 հայտ է արձանագրվել Սիրիայի տարածքում մարտական գործողությունների մասնակցած զինծառայողներից։ Ըստ «The Independent»-ի հրապարակման, զինվորները ռազմական գերատեսչությունից պահանջում են փոխհատուցել հոգեբանական և բարոյական վնասը, որ ստացել են մերձավորարևելյան պետությունում կառավարական և… ռուսական զորքերի դեմ մարտական գործողությունների ժամանակ։

Համաձայն ամերիկյան գործող օրենսդրության, Պենտագոնը պարտավոր է դրամական պարգևավճարներ տալ զինվորներին՝ ռազմական գործողությունների ժամանակ «վախ կամ անբավարար պաշտպանության զգացում առաջացնող իրավիճակների» մասնակցելու համար։ Ներկայիս հայցերը կապված են, առաջին հերթին, Սիրիայում ծավալված ռուսաստանյան Ս-400 զենիթահրթիռային համալիրի (ԶՀՀ) հրթիռներով և «Սատանա» դասի հրթիռներով ոչնչացված լինելու վախի հետ։ Թերթը հավաստիացնում է, որ խմբագրությունն արդեն ունի այդ թեմայով ամերիկյան զինվորականների հարյուրավոր խոստովանություններ։ Ահա թե ինչ է պատմել, օրինակ, ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավագ լեյտենանտ Էնդրյու Թրյուդոն.

«Ես ոչ մի օր ինձ անվտանգության մեջ չեմ զգացել Ռաքքայի մոտ։ Մենք ամեն օր վախենում էինք ռուսների հարձակումից։ Երբեմն ես վրանից դուրս չէի գալիս 2-3 օր շարունակ, ամեն օր կուլ տալով սրտի հաբերի 2-3 չափաբաժին։ Իսկ մի անգամ եկավ մայորն ու հայտարարեց, որ ռուսներն օդ են բարձրացրել ավիացիան։ Այդժամ մեր վաշտից երեք հոգու մոտ սրտի նոպա սկսվեց, իսկ սերժանտը, ներեցեք, տակը լցրեց։ Նույնիսկ Իրաքում և Աֆղանստանում մեզ համար այնքան սարսափելի չի եղել, որքան ռուսների դեմ այս մղձավանջային պատերազմում»։

Ուշադրություն դարձնենք. Սիրիայում ընթացող ռազմական գործողությունները ամերիկյան սպան հենց այդպես էլ անվանում է՝ «պատերազմ ռուսների դեմ»։ Վերջապես մենք տեսնում ենք, թե ինչ էր և ինչ է ԱՄՆ-ի համար Սիրիայում ընթացող պատերազմը։ Թերևս, նրանց այդպես էլ տրամադրել են, թե իրենք Մերձավոր Արևելք են եկել, որպեսզի «պատերազմեն ռուսների դեմ»։ Ի՞նչ ժողովրդավարություն, ի՞նչ «արաբական գարուն», և Արևմուտքի ի՞նչ հոգատարություն «Սիրիայի սուննի մեծամասնության» նկատմամբ․․․ Ծիծաղելի չէ. ԱՄՆ ՌՕՈՒ-ի սպան համոզված է, որ իրենց Սիրիա են ուղարկել «ռուսների դեմ պատերազմին» մասնակցելու համար։

Վստահ եմ, որ բրիտանական «The Independent» թերթի հրապարակումից հետո ոչ միայն Անգլիայում ու եվրոպական այլ պետություններում, այլև մեզ մոտ՝ Հայաստանում, շատերը վերջնականապես կհասկանան. Վաշինգտոնի իշխանություններին հետաքրքրում է հենց Ռուսաստանը, բնականաբար, նաև Իրանը, ուստի և դեռևս շարունակվող սիրիական պատերազմը ամերիկյան զինվորականների կողմից ընկալվում է որպես ռազմական բախում հենց այն երկրի հետ, որը, իր դաշնակիցների հետ միասին, եկել է օգնելու Սիրիայի օրինական նախագահ Բաշար ալ-Ասադին։ Եվ հասկանալի է, թե ինչու է ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավագ լեյտենանտ Է. Թրյուդոն այդչափ վստահ, որ Սիրիայում «կռվել է ռուսների դեմ». դա ամերիկյան զինվորականների ուղեղն է մտցվել ԱՄՆ-ի բարձրագույն ռազմական հրամանատարության կարգադրությամբ։ Սա ընդունված է անվանել «վրիպախոսություն ըստ Ֆրեյդի». ինչի մասին որ երազել են ամերիկացիները, այն մասին էլ խոսում են, երբ ներկայումս ինչ-որ վիճելի հարցեր են առաջանում Սիրիայում պատերազմի առնչությամբ։

Թե ինչ կլինի այսուհետ, առայժմ դժվար է կանխագուշակել։ Ավագ լեյտենանտ Է. Թրյուդոյի խոստովանությունները, որ հրապարակել է «The Independent» թերթը, կարող են էականորեն բարդացնել այդ տարաբախտ սպայի կյանքն ԱՄՆ-ում։ Համենայն դեպս, զինվորական կարիերայի վրա նա հաստատ ստիպված կլինի խաչ քաշել։ Իսկ ինչ վերաբերվում է դատական հայցերին, ապա կարելի է ասել, որ դրանք լիակատար ծավալով բավարարելու դեպքում, Պենտագոնը պարտավոր կլինի Սիրիայում մարտական գործողությունների վետերաններին վճարել, ընդհանուր հաշվարկով, 118 մլն դոլար։ Այդպիսի ծախսեր ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության բյուջեում նախատեսված չեն, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ միջազգային խոշոր ընկերությունների հետ նրա պայմանագրերի վրա։ Ընդ որում, նշվածը ամերիկյան զինվորականների խոստովանությունների և «The Independent» թերթում հրապարակման հետ կապված սկանդալի հետևանքների լոկ մի մասն է։

Ուզում եմ հիշեցնել, որ վերոնշյալն ԱՄՆ-ի բանակում սկանդալի բնավ առաջին դեպքը չէ՝ կապված Ռուսաստանի հանդեպ ամերիկյան զինվորականների վախի հետ։ Նման իրավիճակի օրինակներից մեկը դարձավ 2014թ ռուսական ծովային օդուժի Սու-24 ռազմաճակատային կործանիչ-ռմբակոծչի խոյընթաց թռիչքը Սև ծովի ավազանի տարածքում ամերիկյան «Դունալդ Կուկ» էսկադրոնային ականակրի վերևում։ Արդեն 2016թ. ապրիլին, այս անգամ՝ Բալթիկայում, Սու-24 երկու ինքնաթիռներ ու Կա-27 գրոհային ուղղաթիռը մի լավ ծաղրեցին հենց նույն «Դոնալդ Կուկ» ականակրին։ Ընթերցողները կարող են դիտել նաև դրա վերաբերյալ տեսանյութը ։

Եթե 2014 թվականին, այն բանից հետո, երբ Սու-24-ի շրջաթռիչքի պատճառով ականակիրը կտրուկ փոխեց ուղղությունն ու հեռացավ Ռումինիա, և ինչպես այն ժամանակ հաղորդեցին, նավի անձնակազմի մի մասն ափ իջնելով, դիմում գրեց ԱՄՆ ՌԾՆ-ում ծառայությունը թողնելու մասին, ապա 2016թ․ ամերիկյան ծովայինները Բալթիկայի երկնքում տեղի ունեցած միջադեպից հետո… հայցեր ներկայացրեցին Պենտագոնի դեմ՝ հենց «վախ կամ անբավարար պաշտպանվածության զգացում առաջացնող իրավիճակների» մասնակցելու համար։ Այդ պատահարից հետո Պենտագոնը «Դոնալդ Կուկ»-ի ծովայիններին վճարեց ավելի քան 300 հազար դոլար փոխհատուցում։

Սու-24-ը և Կա-27-ը Ռուսաստանի ռազմական օդուժի բնավ գերժամանակակից միջոցները չեն։ Եվ ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչ կլինի ամերիկյան զինծառայողների հետ, եթե նրանց հայտնի դառնա, որ իրենց դեմ ծավալված և ուղղված են Ս-500 ԶՀՀ-ները, «Կալիբր», «Կինժալ», «Ավանգարդ» և այլ հրթիռները, որ շատ մեծ արագությամբ իրենց վրա են սլանում վերջին մոդելի Տ-90 տանկերը և այլն։ Չէ՞ որ տարբեր երկրների շարքային քաղաքացիների համար անմատչելի են համապատասխան տեղեկություններն այն մասին, թե վաղը-մյուս օրն ինչ նորույթներով կզարմացնի աշխարհին Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը։ Մենք կողմնորոշվում ենք միայն նրանով, ինչը վաղուց բոլորին հայտնի է, և նրանով, ինչը ինքը՝ Ռուսաստանը, որոշել է այլևս չթաքցնել աշխարհից։ Կարող եմ խորհուրդ տալ ԱՄՆ-ի զինծառայողներին, որ պարզապես չընկնեն Ռուսաստանի իրենց «գործընկերների» «ոտքի/անիվների տակ», որպեսզի սրտի դեղորայք չընդունեն ու «տակը չլցնեն»։

 

Սերգեյ Շաքարյանց