Ռուսաստանը կարող է մոտ 40 «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռ արձակել ԱՄՆ-ի Զինված ուժերի որոշումների ընդունման կենտրոնների վրա

ՌԴ Ռազմածովային նավատորմի նավերը կարող են միանգամից մոտ 40 «Ցիրկոն» ծովային հիպերձայնային հրթիռ արձակել ԱՄՆ ԶՈՒ-ի որոշումների ընդունման կենտրոնների վրա, որոնք անվերապահորեն կոչնչացվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հերոս, պաշտոնաթող փոխծովակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վսեվոլոդ Խմիրովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում հաղորդել էր, որ Ռուսաստանում ստեղծվող «Ցիրկոն» հիպերձայնային ծովային հրթիռը կունենա 9 մախ (ձայնին ինն անգամ գերազանցող) արագություն և հազարավոր կիլոմետրերի հեռահարություն, դրանով կսպառազինվեն ինչպես հեռանկարային, այնպես էլ արդեն կառուցվող նավերն ու սուզանավերը։

Խմիրովը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը Ռումինիայում տեղադրել է Mk41 կայանքներ, համանման համակարգեր են ծավալվում Լեհաստանում։ Նա նշել է, որ այդ կայանքները հարմարեցված են «Tomahawk» թևավոր հրթիռների արձակման համար։

Փոխծովակալի կարծիքով, այդ հրթիռների կառավարումը կիրականացվի Հյուսիսային Ամերիկայի տարածքում տեղակայված կենտրոններից։ Նա համարում է, որ դա հիմնավորված է այն հաշվարկով, որ ռուսաստանյան Զինված ուժերի պատասխան գործողությունների դեպքում այդ կենտրոնները, ՌԴ-ից իրենց հեռավորության շնորհիվ, անհասանելի կմնան։

«Եթե Արևմտյան Ատլանտիկայում և Խաղաղ օվկիանոսի Արևելյան մասում մարտական ծառայություն իրականացնող և «Ցիրկոն»-ներով զինված նավերի ու սուզանավերի քանակը կազմի երկու-երեք նավ՝ ամեն ուղղությամբ, որոնց վրա կլինի մոտ 40 հրթիռ, ապա կարելի է չկասկածել, որ նշյալ կենտրոնները անվերապահորեն կոչնչացվեն»,- ասել է նա։