Օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսությամբ զբաղվողներին ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից

Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են, հարկավոր է օր առաջ հարկային ճիշտ քաղաքականություն մշակել և ոլորտի զարգացման համար օրենսդրական բարենպաստ դաշտ ձևավորել։

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է լուծում, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50% վնասվելու դեպքում, գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:

Հայտնի է, որ մեր հայրենակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, հաճախ բնակլիմայական ազդեցություններով պայմանավորված, հայտնվում են սնանկացման շեմին, երբ կորցնելով բերքն ու ակնկալվող եկամուտները, նաև ստիպված են լինում իրենց վարկային և հարկային պարտավորություններն իրականացնել։

Այսպիսով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից՝ կանխելով անցանկալի զարգացումները, որոնք որոշ դեպքերում վերափոխվում են ընդհուպ ունեզրկման կամ արտագաղթի։

Ըստ ընթացակարգի՝ Ազգային ժողովի նիստի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող, կներկայացնեմ նախագծի ամբողջական պատկերը` ակնկալվող բոլոր արդյունքներով։

Վահե Էնֆիաջյան-ի ֆեյսբուքյան էջից

Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են, հարկավոր է օր առաջ հարկային ճիշտ քաղաքականություն մշակել և ոլորտի զարգացման…

Опубликовано Վահե Էնֆիաջյան Суббота, 23 февраля 2019 г.