Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորի տնտեսական համաժողովում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև Հայաստանի ու արտերկրի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ողջունելով համաժողովի մասնակիցներին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում, հետևյալն է. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն, և կարո՞ղ են, արդյոք, կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանն ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր հասանելիության տիրույթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»: Վարչապետն ավելացրել է, որ տնտեսական հեղափոխության արգասիքն, առաջին հերթին, բարեկեցության նոր մակարդակն է:

«Բայց ովքե՞ր են ստեղծում դա տնտեսության մեջ, ո՞վ է որևէ արդյունքի հեղինակը,- ասել է վարչապետը:- Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը, և մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչն ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է: Ինչպե՞ս ենք քաջալերելու, այո՛, նաև խոսքով: Ցավոք, մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և դրա արժեքը: Որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք, որ ի սկզբանե բանն էր, այսինքն բանը` խոսքն է, ամեն ինչ սկսվում է խոսքից, մտքերից: Բայց արդյոք միայն խոսքով, իհարկե` ոչ: Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման, օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով»։

Կառավարության ղեկավարի խոսքով` քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշեց, որ ինքն իրենով պետք է փակի այն փողոցները, որոնցով հոսում են կոռուպցիան և ամենաթողությունը:

«Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է իրականացնի,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:- Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը: Մենք պետք է պայմանավորվենք, որ մենք իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը պետք է պահենք նույնը: Իրականում սա հեշտ չէ: Պետք է խոստովանել, որ տնտեսական կոռուպցիոն համակարգը երբեմն ունի պարզություններ, օրինակ, եթե որևէ բիզնես «փայ է» որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նշանակում է, որ պատասխանատվության կեսը կիսված է, և երբ ահազանգ լինի, որ ինչ-որ բան բիզնեսին սպառնում է, կարելի է հարկայինին միջամտել, անհարմար մրցակցի շարքից հանել: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երաշխիքները բոլորի համար հավասար են, և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության հետ: Որևէ մեկը նրա համար արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել»։

Կառավարության ղեկավարի խոսքով` տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են իսկապես կրել դուխով մարդիկ, դուխով գործարարները, ովքեր վստահ են իրենց աշխատասիրության, ազնվության, սկզբունքայնության վրա և գիտեն, որ տեսակով հաղթող են:

«Գիտեմ, որ Հայաստանում կան հաղթող բիզնեսմեններ: Իսկապես տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է, ովքեր հավատում են իրենց մտքին, ուժերին, տաղանդին: Ուզում եմ արձանագրել, որ այսքան մարդկանց այստեղ բերել է հավատը ոչ թե իշխանության, այլ սեփական ուժերի նկատմամբ: Հավատում եմ, որ այստեղ նստած ամեն մարդ գիտի, որ ինքը հաղթող է, գիտի հարստանալ և հարստացնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, պատրաստակամության համար, ինչը շատ մեծ գրավական է: Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը: Ուզում եմ ևս մեկ անգամ հռչակել տնտեսական հեղափոխության կարգախոսը․ «Հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վեր կենանք ու քայլեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բիզնես համաժողովի ընթացքում ներկայացվում են Լոռու մարզում տուրիզմի, գյուղատնտեսության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ավելի քան 50 ծրագրեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի հավակնոտ առաջարկներ ներդրողների համար։ Համաժողովի շրջանակում կազմակերպվում են ոլորտային քննարկումներ:

Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես՝ շուրջ 40 ընկերությունների մասնակցությամբ։ Վարչապետ Փաշինյանը շրջել է ցուցահանդեսով` ծանոթացել ներկայացված արտադրանքին:

Լոռիում անցկացվող բիզնես համաժողովը բացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և մարզպետարանների նախաձեռնությամբ։ 2019 թվականին կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացմանն ուղղված ևս 8 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։