Լիոնի ուսումնարանի հայազգի վարպետը վերապատրաստման դասընթացներ է վարում Շուշիի արհեստագործական ուսումնարանում

Այս օրերին Արցախում է գտնվում Լիոնի «La Martinière Mon plaisir» լիցեյի արտադրական ուսուցման վարպետ Հակոբ Աճեմյանը: «Արցախպրեսի» տեղեկացմամբ, Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում» նրա մասնակցությամբ պատրաստվում են նոր ծրագրի մեկնարկին, որը կազդարարվի ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Կայքի թղթակցի հետ զրույցում Հակոբ Աճեմյանն ասել է, որ հոկտեմբերին մեկնարկելիք նոր ծրագրում մեծահասակները վերապատրաստման հնարավորություն կունենան վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

«Ուսումնարանի էլեկտրատեխնիկայի հետ կապված` ունենք երեք լաբորատորիա, որոնք հիմնադրել եմ ես,- ասել է Հ. Աճեմյանը:- Ես օգնում եմ նաև, որ ոչ միայն լաբորատորիաներն ստեղծվեն, այլև ուսումնարանի վարպետները վերապատրաստվեն: Այս լաբորատորիայում ստենդներ ենք պատրաստում, որպեսզի անցկացնենք մոդուլային ուսուցում, որը շատ ավելի արդյունավետ և հեշտ կառավարվող մեթոդ է: Մեր նպատակն է, որ շարունակական մասնագիտական կրթություն ապահովենք թե մեր շրջանավարտների, թե մեծահասակների համար: Ներկայումս կատարում ենք մոդուլային աշխատանք: Այդ մոդուլը նախատեսված է երկու շաբաթվա համար: Առաջին շաբաթն ընդգրկելու է ծանոթություն, դիտակտիկ աշխատանքներ, որտեղ աշակերտը դեռևս ծանոթանալու է մոդուլին, իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում լինելու են հիմնականում պրակտիկ աշխատանքներ, որտեղ աշակերտը զրոյից պետք է թե էլեկտրասխեման գծի, և թե ստենդի վրա կատարի չափումներ: Մոդուլը կոչվում է շարժիչի սահուն գործարկում, որի դեպքում սկզբից մինչև մոնտաժի վերջն աշակերտը պետք է իրականացնի ինքնուրույն: Այս պահի դրությամբ Արցախում նման գործընթաց չի իրականացվում, այսինքն` աշակերտները սովորելու են նոր տեխնոլոգիա»:

Նրա խոսքով` ծրագիրն իրականացվելու է էլեկտրատեխնիկա բաժնի աշակերտների համար: Խնդիրն է՝ այդ մոդուլով կարողանալ շարժիչը գործարկել այնքան սահուն, որ էլեկտրական տատանումներ չզգացվեն: Աշակերտների հասկանալը կախված է մեթոդիկայից: Այստեղ, միանշանակ, նշանակություն ունի աշակերտի բազան, պոտենցիալը, ուսուցչի վերապատրաստված լինելը, մատուցման ոճը և նյութածախսի առկայությունը: Հոկտեմբերից նախատեսվում է աշխատանք մեծահասակների խմբի հետ, որոնք մեկ տարվա ընթացքում կծանոթանան էլեկտրատեխնիկայի նրբություններին:

Հակոբ Աճեմյանը վտահ է, որ ձեռնարկությունների կողմից մեծ պահանջարկ կա, օրինակ, ֆոտովոլտային համակարգերի հետ կապված, որտեղ բավականաչափ տեխնիկական մասնագետներ չկան:

«Հինգ տարի առաջ մասնագետների այդ քանակության կարիքը չկար, իսկ այսօր` ընդհակառակը,- հավելել է Հ․Աճեմյանը:- ՀՀ-ում ուշացել է տեխնիկներ պատրաստելու գործընթացը: Հուսով եմ, որ ուսումնարանի ապագա տեխնիկները կհամալրեն այդ շարքերը: Ըստ իս, սա միակ վայրն է, որտեղ ապագայի սարքավորումներ այսօրվա դրությամբ կան: Արցախում կլինի վերապատրաստման կենտրոն ֆոտովոլտային համակարգերի համար: Այս երկու տարվա ընթացքում ուսումնարանում ներդրվել են 30 000 եվրո արժողությամբ սարքավորումներ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից: Իմ այցերը կրելու են շարունակական բնույթ, որպեսզի տարվող աշխատանքները դրվեն ավելի բարձր հիմքերի վրա»: