Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի առաջարկներ և երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցեր։ Ի թիվս այլ հարցերի, խորհրդի նիստի օրակարգում են Սերբիայի և Սինգապուրի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ապրանքների և  միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ բանակցությունների ընթացքը: ԵԱՏՀ խորհրդի նիստին քննարկվելու է նաև մի շարք ապրանքների՝ երրորդ երկրից ներկրման դեպքում մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցը: