Զոհված երկու զինծառայողների ընտանիքների հատուցում կտրվի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի տեղեկացմամբ,  հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 21.01.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին:

Պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ, և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 դրամ:

Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի, գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Հիշեցնենք, որ 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Հայկ Քարամյանը Սիսիանում ձնահյուսի տակ էր մնացել: Նրա դին հայտնաբերվել է 2018-ի դեկտեմբերի 6-ին:

Պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանը սպանվել էր վաշտի հրամանատարի տեղակալի անկանոն կրակոցների հետևանքով: