Հայաստանի բարեկամ Փելոսին ընդդեմ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության

ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքական և ռազմական էլիտայում սկսել են հայտնվել բանականության ծիլեր։ Օրերս անվտանգության գծով Մյունխենի կոնֆերանսում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում քննարկելով Իրանի հարցում նախագահ Դոնալդ Թրամփի վարչախմբի գործողություններին հետևելու ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի կոչերը՝ ուղղված եվրոպական դաշնակիցներին, ասաց.

«Փոխնախագահը հստակ արտահայտված ներկայացուցիչն է իր տեսակետի, որն Իրանի հարցով ես համարում եմ բացարձակ սխալ։ Եվ, երջանիկ եմ դա ասել, այն մեծ արձագանք չգտավ այստեղ»։

Ամերիկյան կին կոնգրեսականի այս հայտարարությունը ցույց է տալիս աշխարհին, թե Սպիտակ տանը որքան են սրվում ներքին հարաբերությունները դեռևս ողջամտությամբ օժտված քաղաքական գործիչների և սիոնիզմի կողմնակիցների միջև։ Փելոսին հայտնի է տարիներ շարունակ այն ուժերի ներկայացուցիչը լինելով, որոնք հանդես են գալիս հօգուտ Վաշինգտոնի կողմից 1915-23թթ. Թուրքիայում  իրականացված Հայոց ցեղասպանության լիարժեք ընդունման։ Լինելով ծագումով իտալուհի (լրիվ անունն է Նենսի Պատրիսիա Դ’Ալեսսանդրո Փելոսի), ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամ, նա վաղուց է հանդես եկել ու հանդես գալիս հօգուտ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի ավելի զգուշավոր քաղաքականության։ Մասնավորապես, երբ 2007թ․ ԱՄՆ-ի նախագահ Բուշ կրտսերը պառլամենտականներից համաձայնություն պահանջեց Իրաքում  մեծացնելու ամերիկյան զինվորական համակազմը, Նենսի Փելոսին կտրուկ դեմ արտահայտվեց, համարելով, որ Մերձավոր Արևելքի ոչ մի խնդիր ռազմական լուծում չունի։

Մենք Հայաստանում Փելոսիին գիտենք որպես ամերիկյան խորհրդարանում Հայաստանի բարեկամների խմբի ամենաակտիվ մասնակիցներից մեկին։ 2007թ․ հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի Արտասահմանյան գործերի գծով Կոմիտեն հրապարակեց բանաձև, որով կոչ էր արվում ընդունել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, Փելոսին պարտավորվեց քվեարկության դնել այն։ Բանաձևի նախագծին Բուշ կրտսերն արձագանքեց նախազգուշացմամբ, իսկ Թուրքիան՝ խիստ քննադատությամբ։ Թուրքիայի վարչապետն այն ժամանակ հայտարարեց, որ այդ բանաձևի ընդունումը սպառնալիքի տակ կդնի ամերիկա-թուրքական հարաբերությունները։ Դրանից հետո բանաձևի ընդունմանը ցուցաբերվող աջակցությունը Ներկայացուցիչների պալատում նվազեց՝ Սպիտակ տան և հրեական լոբբիի ուժգին ճնշման տակ, իսկ հոկտեմբերի վերջին Փելոսին համաձայնեց հետաձգել այդ հարցը։ Ավելի ուշ, 2010թ․ մարտին մշակվեց նոր բանաձև, բայց դա նույնպես Փելոսիի կողմից չդրվեց քվեարկության։ Պատճառը դարձյալ հրեական լոբբիի ճնշումն էր և այն, որ Սպիտակ տունը հերթական անգամ շարժվեց սիոնիստների և Իսրայելի ղեկավարության թելադրանքով։ Չէ՞ որ հենց այդ ժամանակ ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի համապատասխան ուժերը Մերձավոր Արևելքում գործի գցեցին «արաբական գարնան հեղափոխությունների» մեկնարկի մեխանիզմը։

2007թ. փետրվարի 15-ին տված հարցազրույցում Փելոսին նշել է, որ Բուշ կրտսերը մշտապես խոսում է Իրանի հետ տարաձայնությունների դիվանագիտական լուծմանն աջակցելու մասին, և «ես բռնում եմ նրան խոսքի վրա»։ Նա հայտարարել է նաև, որ Կոնգրեսը պետք է «հստակ հասկացնել տա, որ ԱՄՆ-ի ո՛չ այս, ո՛չ էլ մեկ ուրիշ նախագահ լիազորություններ չունի հարձակվելու Իրանի վրա, առանց Կոնգրեսի արտոնագրի»։

Վերը նշվածը խոսում է այն մասին, որ Փելոսին և ամերիկյան մյուս խորհրդարանականները, որոնց անունից նա հանդես է եկել, արդեն 12 տարի առաջ պարզորոշ տեսնում էին, որ սիոնիստներն ու սիոնիստամետ շրջանակները ԱՄՆ-ին Վաշինգտոնում բացահայտ մղում են պատերազմ սանձազերծել Իրանի դեմ։ Փելոսին դեմ արտահայտվեց նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն հատարարելու մասին ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևին. «Դեռ երբեք մեր երկրի պատմության մեջ նման բան չի եղել, որ Սենատն այլ երկրի զինված ուժերի մի մասին հայտարարի ահաբեկչական կազմակերպություն»։

Ի դեպ, մենք կարող ենք նաև ակնկալել Նենսի Փելոսիի այցը Երևան․ «Մյունխենում ես հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ,- Instagram-ի իր էջում գրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։- Մենք մի գավաթ թեյի շուրջ երկար զրույց ունեցանք հայ համայնքի, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում ես նրան հրավիրեցի Հայաստան»։ Համոզված եմ, որ տիկին Փելոսին շատ բաների մասին կկարողանա պատմել հայ հասարակայնությանը։

Հետաքրքիր է նաև, որ Փելոսիի հայտարարությունը հնչեց ԱՄՆ-ի բանակում տեղի ունեցած աղմկահարույց սկանդալի խորապատկերին։ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը և դատախազությունը փետրվարի 13-ին հրապարակել են ամերիկյան նախկին հետախույզ, 40-ամյա Մոնիկա Ուիթին ներկայացված մեղադրանքն այն բանում, որ նա գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Թեհրանին և փախել Իրան։ Կինը ծառայության մեջ էր 1997-ից մինչև 2008 թվականը։ ՀՖԲ-ի տվյալներով, 2013-ի ամռանը նա հայտնվել է ոչ այն է Աֆղանստանում, ոչ այն է Տաջիկստանում։ Այնտեղ աշխատել է որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի։ Իսկ այնուհետ, արդեն չլինելով հետախույզ, բայց դեռևս ընդգրկված լինելով ԱՄՆ ՌՕՈՒ-ի կազմում, Ուիթը փախել է Իրան։ Նրան մեղսագրում են 7 հանցագործություն՝ կապված գաղտնի տեղեկատվությունն օտարերկրյա իշխանություններին փոխանցելու, դավադրության մասնակցելու, ինչպես նաև համակարգիչների կոտրման, նախկին գործընկերների դեմ ուղղված կիբեռլրտեսության արշավի կազմակերպմանն օժանդակելու հետ։ Տվյալները նա փոխանցել է 2012-ից մինչև 2015 թվականը։ Մեղադրող կողմի վարկածով, Ուիթը դոսյե է հավաքել ԱՄՆ-ի ռազմական հետախուզության 8 աշխատակցի վերաբերյալ, որոնց հետ նախկինում աշխատել է, և իր փախուստից հետո փոխանցել է այդ տվյալները իրանական հակերային խմբավորմանը։ Տեղեկատվությունը չարամիտների կողմից օգտագործվել է զոհերի համակարգիչներում լրտեսական ծրագիր ներդնելու համար։ Ուիթն ուներ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն, որի հրապարակումը «կարող է լուրջ վնաս հասցնել» ԱՄՆ-ին։ Իրանում Ուիթը, ըստ երևույթին, մահմեդականություն է ընդունել։ Երկրի իշխանությունները նրան տրամադրել են բնակարան և համակարգչային սարքավորում, որի օգնությամբ փախստակը Facebook սոցիալական ցանցում հետևել է իր նախկին գործընկերներից մի քանիսին և բացահայտել գաղտնագրված տեղեկատվություն ամերիկյան հատուկ ծառայությունների առնվազն մեկ գործակալի մասին։

«Associated Press» գործակալության տվյալներով, հիմնվելով Ուիթի փոխանցած տեղեկությունների վրա, իրանական կիբեռհանցագործները 2015թ․ հունվարից մինչև մայիս ժամանակահատվածում Facebook-ում ստեղծել են անհատական կեղծ էջեր և, ձևանալով հետախուզության աշխատակիցներ, որպես խայծ ուղարկել ընկերների ցանկում ընդգրկվելու հայտեր։ Այդ հակերներին՝ Մոջթաբե Մասումպուրին, Բեհզադ Մեսրիին, Հոսսեյն Փարվարին և Մոհամմադ Փարյարին նույնպես մեղադրանքներ են ներկայացվել համակարգչային ցանցերի աշխատանքին միջամտելու և անձի տվյալների յուրացման մեջ։

Ուիթն աջակցել է իրանական հատուկ ծառայություններին ամերիկյան հետախուզության դեմ գործողություններում, հաղորդել գաղտնի տեղեկություններ, օգնել ԻՀՊԿ-ին մերկացնել ամերիկյան մի ամբողջ հետախուզական ցանց։ Բացի այդ, նա խոչընդոտել է ԱՄՆ-ի կողմից իրանական պետհաստատությունների համակարգիչներում լրտեսական ծրագիր տեղադրելուն։ Համաձայն հաղորդագրության, իրանցիներին զարմացրել է նրա ակտիվությունն ու եռանդը, որով ցանկանում էր համագործակցել իրենց հետ։ Նրանց լիովին համոզել է միայն ստացած գաղտնի տվյալները Ռուսաստանին և WikiLeaks կայքին փոխանցելու սպառնալիքը։ Ներկայումս ԱՄՆ-ը միջազգային հետախուզում է հայտարարել Ուիթի նկատմամբ։

Փելոսիի հայտարարության և Իրանի ամերիկուհի օգնականի մասին տեղեկատվությունները կապված են մեկ բանով՝ Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Իրանում և Իրաքում ԱՄՆ-ի քաղաքականության բացասական ընկալմամբ։

«Ես 10 տարի ծառայել եմ ՌՕՈՒ-ում և մասնակցել պատերազմին Աֆղանստանում և Իրաքում,- գրել է Ուիթը «Իրաքի վետերաններն ընդդեմ պատերազմի» ինքնակենսագրականում։- Կոռուպցիայի բազմաթիվ դեպքեր մերկացնելուց հետո, այն վնասից հետո, որ մենք պատճառել ենք Իրաքին ու Աֆղանստանին, ինչպես և Միացյալ Նահանգների նկարագրին, ես որոշեցի անել ամեն հնարավորը, որ շտկեմ դա»։

Անկեղծորեն ուժ ու արիություն եմ մաղթում ԱՄՆ-ի հակասիոնիստական շրջանակներին՝ Սպիտակ տան սիոնիստամետներին դիմակայելու գործում։

 

Սերգեյ Շաքարյանց