Գույքի հափշտակություն, խոշոր չափերով յուրացում, գողություն․ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գողության, խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն, 1986թ. ծնված տղամարդը, որը վարձակալական հիմունքներով բնակվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղում, 2018թ. հուլիսի 7-ին, ժամը 14:00-ի սահմաններում  ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր սենյակի հարևանությամբ բնակվող մեկ այլ վարձակալի սենյակից գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ 104 000 դրամ գումար:

Բացի դրանից, 32-ամյա տղամարդը, 2018թ. հոկտեմբերին ծանոթանալով Արմավիրի մարզի մի բնակչուհու հետ, այցելել է վերջինիս տուն և մի քանի օր բնակվել նրա տանը: Այդ ընթացքում տղամարդը, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ից մինչև 16:00-ը ժամանակահատվածում օգտվելով տանը միայնակ լինելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է տանտիրուհու հարևանուհուն պատկանող «Սամսունգ Սմարթ» մոդելի, 135 000 դրամ արժողության հեռուստացույցը, որը նույն օրը վաճառել է, իսկ ստացված գումարը յուրացրել:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. օգոստոսին օրավարձով աշխատանքի անցնելով Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչներից մեկի հողամասում և միաժամանակ բնակվելով նույն հողամասում գտնվող տնակում՝ 32-ամյա տղամարդը յուրացման եղանակով հափշտակել է իր պահպանությանը հանձնված և վստահված, տարածքում գտնվող և հիշյալ հողամասի սեփականատիրոջը պատկանող խոշոր չափի` 691 000 դրամ արժողության, տարբեր տեսակի իրեր:

Մեկ այլ դեպքով էլ նույն անձը 2018թ. օգոստոսի 1-ին Երևանի Սևանի փողոցի շենքերից մեկի բակում հանդիպելով Երևան քաղաքի մի բնակչի հետ, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս «Օպել աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան 10 օր շահագործելու վերաբերյալ՝ այդ կերպ յուրացման եղանակով հափշտակելով իրեն վստահված հիշյալ ավտոմեքենան:

Ձեռք բերված ապացուցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով), 177-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` 2 դրվագ (խոշոր չափերով յուրացում):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան: