Կրեմլում որոշել են սթափեցնել ՀՀ ղեկավարությանը. «Փաստ»

Օրաթերթի տեղեկություններով, ՌԴ իշխանությունները բավական կոշտ վարքագիծ են սկսել դրսևորել ՀՀ ղեկավարության հանդեպ: Դա հատկապես ակնառու դարձավ օրերս ռուսական առաջատար լրատվականներով հայաստանյան իշխանությունների գործողությունները «քլնգող» ռեպորտաժների թրոլներով:

Մասնավորաբար, «Ռաշա թըդեյ» լրատվականի ղեկավար, հայազգի Մարգարիտա Սիմոնյանը շատ կոշտ շեշտադրումներով հայտարարեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018–ին Հայաստանում, դասական արևմտյան մանիպուլյացիաների արդյունք էր, իսկ ռուսների համար ավելի անտանելի է այն հանգամանքը, որ այս փորձով հայ հեղափոխական «փորձագետները» փորձում են աջակցել ռուսական սեկտորին:

Թերթի տեղեկություններով, այսպիսի կոշտ արձագանքների հանձնարարություններն իջեցված են ռուսական իշխանությունների վերնախավից՝ հայ կառավարիչներին սթափեցնելու համար:

Թերթի աղբյուրների պնդմամբ, այս գործում ինդիկատոր է հանդիսացել նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հանգամանքը: Սակայն այս պատմության մեջ կա ևս մի նրբագույն սեգմենտ. ՖԲ-ում այս թեման բավական նրբորեն շրջանցվեց, ինչը նույնպես պատահական չէր: Ըստ տեղեկությունների, կառավարության ղեկավարը իշխանությանը «հպատակ» օգտատերերին հորդորել է թեման «չբզբզել», որպեսզի կրակը հարկադրաբար չուժեղանա: