Թուրքիային առաջարկել են հեռանալ Սիրիայից

Փետրվարի 14-ին Սոչիում տեղի ունեցավ Սիրիայի վերաբերյալ հերթական եռակողմ հանդիպումը։ Բանակցություններին մասնակցում էին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին։

Վերոնշյալ երկրների ղեկավարների ցանկացած հանդիպում հայտնվում է ոչ միայն Մերձավոր Արևելքի երկրների և ժողովուրդների, այլև հավանաբար ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում։ Համենայն դեպս, Անդրկովկասի պետություններին ու ժողովուրդներին հաստատ անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես են միմյանց հետ հարաբերվում այդ երեք նախագահները, քանի որ մեր տարածաշրջանում նույնպես կան հարցեր, որոնցում ավանդաբար առկա են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը։ Սիրիայի հարցում Մոսկվայի, Թեհրանի և Անկարայի պահվածքն այդ առումով մեզ կարող է օգնել հասկանալու, թե նրանք ինչպես տրամադրված կլինեն, երբ խոսք գնա Անդրկովկասում փոխհարաբերությունների սուր անկյունների մասին։

Հանդիպման նախօրեին ընթացել են նաև երկկողմ բանակցություններ, որոնց ընթացքում սիրիական կարգավորման վերաբերյալ ճշտվել են որոշակի դիրքորոշումներ, որոնք այնուհետ մտցվել են եռակողմ բանակցությունների օրակարգում։ Դրանից հետո Պուտինը ստացավ բոլոր հիմքերը՝ հանդիպման բացման ժամանակ հայտարարելու, թե առկա է այն համոզմունքը, որ «մենք կկարողանանք  Սիրիայում իրավիճակի նորմալացմանը նոր ազդակ հաղորդել ինչպես գետնի վրա, այնպես էլ միջսիրիական երկխոսությունը կարգավորելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերի քաղաքականության շրջանակներում»։ Իր իսկ խոսքերով, «դեռ բոլոր խնդիրները չեն, որ լուծված են, բայց եթե մենք աշխատենք նույնքան ակտիվորեն, նույնքան համաձայնեցված և փնտրենք փոխզիջումներ, ապա, անկասկած, մեզ հաջողություն է սպասում»։

Այսպիսով ակնհայտ դարձավ, որ երկխոսությունը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների մակարդակով կրում է հաստատուն բնույթ, և մասնակիցները կողմնորոշված են հասնելու որոշ դեպքերում փոխզիջումային, բայց բոլորի համար դրական պայմանավորվածությունների։

Իհարկե, այս կամ այն խնդրի որոշակի մանրամասները քննարկվել ու ճշգրտվել են  արտաքին քաղաքական և ուժային գերատեսչությունների ղեկավարների երկկողմ կամ եռակողմ հանդիպումների ու շփումների մակարդակով։ Այդ պատճառով էլ Պուտինը, Էրդողանը և Ռոհանին իրենց ելույթներում խոսում էին հիմնականում ընդհանուր արտահայտություններով, սակայն նրանց տրամադրվածությունը վկայում էր, որ գոհ են ձեռք բերված արդյունքներից և գտել են համատեղ գործողությունների համակարգման հիման վրա խնդրահարույց հարցերը լուծելու մոտեցումները։ Բանակցությունները Սոչիում շարունակվել են 70 րոպե, ինչը վկայում է, որ կողմերը դրանք լավ մշակել ու նախապատրաստել էին։ Բանակցությունների արդյունքների ամփոփիչ ասուլիսում Պուտինը, Էրդողանը և Ռոհանին համարյա նույն բառերով էին խոսում Սիրիայում իրավիճակի երկարաժամկետ բարելավումն իրագործելու ուղղությամբ իրենց համատեղ քայլերի և նպատակների մասին՝ լինի դա իրավիճակն Իդլիբում, թե բուֆերային գոտու ստեղծումը թուրք-սիրիական սահմանին կամ Մանբիջի շրջանում։

Ճիշտ է, առայժմ պարզ չէ՝ ինչպե՞ս, ե՞րբ և արդյոք, ընդհանրապես, Թուրքիան կսկսի՞ ծրագրված մարտական գործողությունը Եփրատից արևելք։ Բայց գլխավորն այն է, որ Մոսկվան, Անկարան ու Թեհրանը միասին հանդես եկան հօգուտ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման։ Նրանք դրսևորեցին պատրաստակամություն՝ հետագայում վերականգնելու  պատերազմի հետևանքով այդ երկրում ավերված ենթակառուցվածքը և պայմաններ ստեղծելու փախստականների վերադարձի համար։ Ընդ որում, զգացողություն չէր առաջանում, թե յուրաքանչյուրը ցանկանում է վերմակն իր վրա քաշել կամ միաժամանակ խաղալ մի քանի խաղատախտակի վրա։ Ավելին․ Էրդողանը չբացառեց 1998 թվականի Ադանայի հուշագրի իրականացման հնարավորությունը, որն, ըստ էության, նախատեսում է երկխոսության կարգավորում Անկարայի և Դամասկոսի միջև։

Այնուամենայնիվ, բազմաթիվ հարցեր առայժմ մնում են օդում կախված։ Փետրվարի 14-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո հիմքեր չկան պնդելու, թե Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներն «ամեն ինչի մասին պայմանավորվել են»։ Վերցնենք Պուտինի պահանջը՝ «Սիրիայի հակամարտությունը կարգավորելիս, այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանումը լիակատար չափով վերաբերվում է Իդլիբի գոտուն, դա վերաբերվում է Եփրատին հարակից տարածքներին, այդ թվում՝ արևելյան մասի»։ Եթե սրա հետ Էրդողանն իրոք համաձայնել է և այլևս «չի աշխատում» ԱՄՆ-ի հետ, ապա թուրքական զորքերը պետք է հեռանան Սիրիայից ամենուրեք, որտեղ որ գտնվում են, և քաղաքների ու գյուղերի վերահսկողությունը հանձնեն Սիրիական բանակին։ Բայց նման եռանդ ու պատրաստակամություն Թուրքիայի մոտ ինչ-որ չի դիտարկվում։ Հայտնի դարձավ նաև, որ Պուտինը հերթական անգամ պնդել է, որ այդ նույն Իդլիբի գոտին «մաքրվի» ահաբեկիչներից, այդ թվում նաև՝ թուրքամետ զինված խմբերից։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունն այն մասին, թե «Սիրիական Իդլիբի խնդրով Սոչիում ընթացող բանակցությունները բավական արդյունավետ են», առայժմ ոչ մի բանի մասին չի խոսում, որովհետև հենց ինքն էլ հավելել է. «իրավիճակն Իդլիբում, ցավոք, բնավ պարզ չէ»։

Ավելի գլոբալ և կտրուկ է արտահայտվել Իրանի նախագահ Ռոհանին. «Պետք է, իհարկե, ուշադրություն դարձնել Թուրքիայի կառավարության անհանգստությանը, մենք հասկանում ենք այդ մտահոգությունը և, սակայն, համարում ենք, որ համագործակցությունը Սիրիայի լեգիտիմ կառավարության հետ և սիրիական ուժերի տեղակայումը միջազգային սահմանին, այդ անհանգստությունը վերացնելու ամենահաստատուն ճանապարհն են,- կտրական հայտարարել է նա։- Հենց իր՝ Թուրքիայի համար դա շահավետ կլինի»։

Այսինքն՝ Իրանը համոզում է թուրքերին կամովին լքել Սիրիայի տարածքը՝ հենց Անկարայի շահերից ելնելով։ Թե ինչպես և ինչ է պատասխանել Էրդողանը Իրանի կոչին, մեզ առայժմ հայտնի չէ։ Փոխարենը՝ Քաթարի «AlJazeera» հեռուստաալիքը փետրվարի 15-ին հաղորդել է, որ Ռուսաստանը, բանից պարզվում է, արգելել է Էրդողանին մասնակցել Սիրիայում ամերիկյան ծրագրով «անվտանգության գոտիների» ստեղծմանը։ Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան «ոչ մի իրավունք չունի Սիրիայում ստեղծել անվտանգության գոտիներ», քանի դեռ երկիրը դրանց ստեղծման պայմանների վերաբերյալ համաձայնության չի եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, հաստատում է «AlJazeera»-ն։ Այսպիսով, Էրդողանը կանգնել է լուրջ ընտրության առջև։ Եվ, ուրեմն, ո՞ւմ հետ է Թուրքիան Սիրիայում՝ ամերիկացիների՞, թե Ռուսաստան-Իրան տանդեմի։

Երեք նախագահներն առայժմ ստորագրել ու տարածել են Սիրիայի վերաբերյալ իրենց համատեղ հայտարարության շարադրանքը։ Դրանում առանձնահատուկ ընդգծված է Իդլիբի գոտու կարևորությունը, և պայմանավորվածություն կա, որ հաջորդ խորհրդակցությունները տեղի կունենան Աստանայում, ապրիլին։ Կապրենք՝ կտեսնենք։

 

Սերգեյ Շաքարյանց