Հովհաննես Թումանյանի զավակները․այսօր հայությունը նշում է Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակը (տեսանյութ)

․․․Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ, թե քառյակ, հեքիաթ, թե պատմվածք, հովվերգություն, թե վիպերգություն:…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը: Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը․․․

Ավետիք Իսահակյան

 

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ․ փետրվարի 19-ին, Լոռու Դսեղ գյուղում։ Թումանյանի և՛ հայրական, և՛ մայրական պապերի անունը եղել է Հովհաննես։

Թումանյանը ծագումով ազնվական է, նրա տոհմը սերում է Տարոնի Մամիկոնյան նախարարական տնից։

Ի դեպ, Թումանյանի քաջ նախնիներից մեկը՝ Մեհրաբյան-Թումանյան Հովակիմը, պատկերված է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում։

Հայրը՝ Ասլան Թումանյանը (1839-1898), 1874-ին ձեռնադրվել է քահանա՝ տեր Թադևոս։

Թումանյանի մայրը՝ Սոնա Քոչարյանը (1842-1936), սերել է Դսեղի Քոչարյանների տոհմից։ Մայրը՝ իր բառով՝ նանը, լինելով զրուցասեր և լավ պատմող կին՝ երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմելով ժողովրդական ոճով և դարձվածներով։

1888թ․ տասնիննամյա Թումանյանն ամուսնանում է 17 տարեկան Օլգա Մաճկալյանի հետ:

Ունենում են տասը զավակ՝ չորս տղա և վեց աղջիկ։

Թումանյանի զավակները

Մուշեղ Թումանյան (1989-1938), ծնվել է Թիֆլիսում։ Թիֆլիսի արական գիմնազիայից հետո  ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույն քաղաքի Սակրավորների ուսումնարանում: Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916թ. կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով:

Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության հետ կապված գիտական աշխատանքով: 1937թ. խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտը, Նադեժդան և Վիգենը:

Արտավազդ Թումանյան (1894-1918), ծնվել է Թիֆլիսում։ Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրել է Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Պահպանվել են Արտավազդ Թումանյանի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ, այդ պիեսներից մի քանիսը բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհաննես Թումանյանը: Արտավազդն իր ուժերը փորձել է նաև բեմում՝ որպես դերասան:

1918 թ. մասնակցելով Վանի ազատագրման համար մղվող մարտերին, 24 տարեկանում զոհվել է Վանում: Ի դեպ, բանաստեղծն զգացել է որդու մահը․ «Արտիկս ընկավ»,- ասել է։ Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին։

Համլիկ Թումանյան (1896-1938), ծնվել է Թիֆլիսում։ Ներսիսյան դպրոցից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924 թ․ վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում որպես ավագ գիտաշխատող:

Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից («Մահիկը», «Պարտիզպանը» տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին) և Պուշկինից: 1937թ. խորհրդային ռեժիմը ձերբակալել է նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը:

Համլիկն ուներ մեկ աղջիկ՝ Նեկտար անունով:

Արեգ Թումանյան (1900-1939), ծնվել է Թիֆլիսում։ Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման:

Աշխեն Թումանյան (1891-1968), ծնվել է Թիֆլիսում։ Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանց բարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ:

1912թ․, «Դաշնակցության գործի» դատավարության ժամանակ Գևորգ Խատիսյանը Հովհաննես Թումանյանի դատապաշտպանն էր: 1922թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր, իսկ 1926-1933 թթ.՝ նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966թ.:

Նվարդ Թումանյան (1892-1957), ծնվել է Թիֆլիսում։ Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի գրականության ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից էր, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ:

Արփենիկ Թումանյան (1899-1981), ծնվել է Թիֆլիսում։ Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:

Անուշ Թումանյան (1898-1927), ծնվել է Թիֆլիսում։ Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ, նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհաննես Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրել է կարճ ու ներքին հակասություններով լի կյանք:

Սեդա Թումանյան (1905-1988), ծնվել է Թիֆլիսում։ Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որը մինչև աղջկա ծնունդը տեղի է ունեցել Անդրանիկ զորավարի և Հովհաննես Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ զորավարն առաջարկել է Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսելով իր մեծ բարեկամի կամքը (բայց և կատարել է իր ընտանիքի կամքը ևս)՝ նորածնին կոչել է Սեդա-Հայկանուշ: Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, Սեդան սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին:

Թամար Թումանյան (1907-1989), ծնվել է Թիֆլիսում։ Թամարը նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Ապա սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: 1966-1989 թթ. Թամարը ղեկավարել է Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանը, որտեղ ստեղծել է «Վերնատան» հուշասենյակը, «Լոռվա ձոր» համայնապատկերը։

 

Պատրաստեց Մարինե Ղարախանյանը