Հայաստանը ծրագրում է Սու-30ՍՄ մակնիշի 12 կործանիչ գնել Ռուսաստանից

Հայաստանը ծրագրում է 2019-ի վերջին-2020-ի սկզբին ձեռք բերել ռուսական Սու-30ՍՄ մակնիշի 4 կործանիչ, իսկ, ընդհանրապես, Երևանը կցանկանար գնել այդպիսի 12 ինքնաթիռ։ Այս մասին փետրվարի 18-ին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ IDEX-2019 սպառազինության ցուցահանդեսի ընթացքում։

«Մենք շարունակում ենք բանակցությունները Սու-30ՍՄ-ի հաջորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ,- ասել է նա։- Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի տվյալ արտադրանքը. այստեղ առկա են ներկրվող արտադրանքը տեղականով փոխարինելու հարցեր և այլն։ Առաջին խմբաքանակը մենք ծրագրում ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարեսկզբին»։

Պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» այն հարցին, թե, ընդհանուր առմամբ, քանի այդպիսի մեքենա կցանկանար գնել հայկական ռազմական գերատեսչությունը, Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը մեկ էսկադրիլիայի (12 ինքնաթիռ) մասին է։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր «ՌԻԱ Նովոստիին», որ Երևանը ծրագրում է  ՌԴ-ից գնել Սու-30ՍՄ չորս կործանիչներ։ Պաշտպանության նախարարությունում նաև նշել են, որ ռուսաստանյան կողմի հատկացրած 100 միլիոն դոլար վարկի շրջանակներում սպառազինության գնման գործընթացը իրականացման փուլում է։

Ավելի ուշ հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է լրագրողներին, որ Երևանը չի սահմանափակվի առաջին չորս ինքնաթիռների գնումով։