Հադրութում կանցկացվի «Դիզակի գույները» նկարչական միջազգային երրորդ սիմպոզիումը

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ հունիսի 10-17-ը շրջկենտրոնում երրորդ անգամ կազմակերպվելու է «Դիզակի գույները» նկարչական միջազգային սիմպոզիում:

«Արցախպրես»-ի տեղեկացմամբ, այս մասին ասել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը:

Նա տեղեկացրել է, որ սիմպոզիումին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն 10-15 հատ բարձր որակի նկարչական աշխատանքներ, իրենց ինքնակենսագրականը և լուսանկարը:

«Պրոֆեսիոնալ հանձնաժողովը ներկայացված հայտերից կընտրի 15 արվեստագետի,- ասել է «Արցախպրես»-ի զրուցակիցը։- Աշխատանքները կյանքի կոչելու համար կտրամադրվեն համապատասխան նյութեր՝ կտավ, ներկեր (վրձինները բերում է մասնակիցը): Յուրաքանչյուր մասնակից Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնին պետք է նվիրի 4 աշխատանք, որոնք պիտի ստեղծվեն սիմպոզիումի ընթացքում: Երևանից Հադրութ տրանսպորտի, կեցության և սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները»։

Խոսելով նախորդ երկու սիմպոզիումների նշանակության մասին, Ե. Հայրիյանն ասել է, որ այդ կերպ օտարերկրյա արվեստագետները կարողանում են շփվել արցախցիների հետ, ծանոթանալ Արցախի պատմությանը, այցելել Արցախ աշխարհի պատմական վայրեր, վայելել գեղատեսիլ բնությունը, ինչը նկարիչների կտավներում իր արտացոլանքն են գտնում:

«Կազմակերպելով նման միջոցառում` երկու կարևոր խնդիր է լուծվում,- նշել է պատասխանատուն,- առաջին` նկարիչներին ծանոթացնել հարազատ բնաշխարհի այս հատվածին, ոգևորել, ի հայտ բերել նրանց ստեղծագործական ներուժը, և երկրորդ` աշխուժացնել տեղի մշակութային կյանքը` սիմպոզիումի շրջանակներում անցկացնելով զանազան միջոցառումներ»:

Նշենք, որ ցանկացողները մանրամասների համար կարող են զանգահարել՝ (+374) 47 55-12 -51 կամ (+374) 97 30-39-37 հեռախոսահամարներին: Հայտերը կընդունվեն ապրիլի 5- 25-ը: