Աղմուկ հայ մասնագետներին Հալեպ ուղարկելու շուրջ. դավաճաններն իրենց դեմքը ցույց տվեցին

Մեր երկրի հասարակայնությունը գործնականում միշտ, հատկապես 1988 թվականից հետո տեղյակ է եղել, որ հանրապետությունում կա ԱՄՆ-ին ամբողջությամբ նվիրված մարդկանց ենթաշերտ։ Բայց որ այդ մարդիկ իրենց զգում են նախևառաջ «ԱՄՆ-ի քաղաքացիներ», այլ ոչ թե հայեր, մի ավելորդ անգամ համոզվեցինք ներկայումս, երբ փետրվարի 8-ից հետո քաղաքականությունից և աշխարհում տիրող ռազմավարական իրավիճակից առանձնապես ոչինչ չհասկացող անձանց խմբակները վայնասուն բարձրացրեցին։ Պարզաբանեմ, թե որն է խնդիրը։

Ինչպես հայտնի է, փետրվարի 8-ին հումանիտար ականազերծման հայ մասնագետների խումբը, բժշկական անձնակազմն ու բուն մասնագետների անվտանգությունն ապահովող խումբը՝ թվաքանակով 83 անձ, մեկնեց Սիրիայի Հալեպ քաղաք՝ սիրիական ժողովրդին հումանիտար մասնագիտական օգնություն ցուցաբերելու։ Հարց եմ տալիս ամերիկամետ քաղաքացիներին. եթե դուք իսկապես հայ եք, ապա ի՞նչ վատ բան կա նրանում, որ Հայաստանի մասնագետներն ինչ-որ բանով օգնեն Սիրիայում գտնվող իրենց հայրենակիցներին։ Դա հանցա՞նք է․․․

Բայց վա՜յ, ախր ինչպե՞ս են երևանյան ամերիկամետները «հաշվետու լինելու» իրենց անդրօվկիանոսյան տերերի առջև։ Տիպիկ շնագայլային վայնասուն են բարձրացրել, օրինակ, «դա չի համապատասխանում օրենքներին», կամ՝ Սիրիայում Ռուսաստանի հետ միավորումը սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար և հակասում է հանրապետության ազգային շահերին։  Իսկական (ոչ միայն անձնագրով և ազգանվամբ) հայերից որևէ մեկը կարո՞ղ է արդյոք պատկերացնել, որ նման գնահատականներ կհնչեցնեն անուն ազգանուն ունեցող մարդիկ։ Իսկ, ահա, 2019 թվականն այդպիսի «հնարավորություն» ընձեռեց ոմանց։ Թե ինչպե՞ս անվանել այդպիսի մարդկանց, թողնում եմ ընթերցողների խղճին։

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքելով մի շարք հասարակական գործիչների «մտահոգությանը», իրավական պարզաբանումներ ներկայացրեց մասնագետների խումբը Սիրիա ուղարկելու կապակցությամբ։ Պարզաբանումները, ինչպես նշեց Հովհաննիսյանը, հասցեագրված են, բացի ամենայնից, նաև միջազգային որոշ գործընկերներին։ Եվ հասկանալի է, որ խոսքը հենց Արևմուտքի մասին է։ Ըստ Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության, հայ մասնագետները Սիրիայում պետք է իրականացնեն մարդասիրական գործունեություն՝ կապված հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային տեղեկացման, Հալեպում բացառապես մարտական գործողությունների գոտուց դուրս ցուցաբերվող բժշկական օգնության հետ։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության այս պարզաբանումները պայմանավորված են նաև մարդասիրական առաքելության մեջ Հումանիտար ականազերծման կենտրոնի ընդգրկվածությամբ։ Համաձայն ՀՀ ՊՆ ներկայացուցչի հրապարակած տեղեկանքի, Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև դեռ 2001թ. օգոստոսի 27-ին կնքվել է Համագործակցության համաձայնագիր, որը սահմանված կարգով վավերացվել է 2002թ. փետրվարի 4-ին և ուժի մեջ մտել 2002թ. փետրվարի 14-ին։ Համաձայնագրով, մասնավորապես, նախատեսված է կողմերի համագործակցություն նաև այլ ոլորտներում՝ փոխադարձ պայմանավորվածության դեպքում։ Նաև հստակ ամրագրված են կողմերի լիազորությունները՝ ըստ Համաձայնագրի դրույթների փոխընդունելի մեկնաբանության, այդ թվում նաև այն մասին, որ կողմերը պարտավոր են պահպանել փոխանակվող տեղեկատվության բացարձակ գաղտնիություն։ Ամփոփման կարգով ընդգծվում է, որ Հայաստանի կողմից Սիրիա ուղարկված հումանիտար մասնագետների և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմի գործուղման կանոնակարգերը համապատասխանում են հայկական օրենսդրության տառին։ Նա նշել է նաև, որ իրավական ակտերի մի մասը, համաձայն պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքների, հրապարակման ենթակա չէ, ավելին՝ դրանց չարտոնագրված հրապարակումը նախատեսում է քրեական պատասխանատվություն։

Բայց Հայաստանի ամերիկամետ շրջանակների համար ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի հայտարարություններն էլ բավարար չեղան։ Նրանք խելապակասի պես դեսուդեն են նետվում և խցկում ու խցկում իրենց «հարցերը»։ Եվ, ահա, փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում այդպիսի «հարցերին» պատասխանել է արդեն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, շտկելով վերջին ժամանակներս հնչող ձևակերպումները։

«Հայաստանը զինվորական համակազմ չի ուղարկել Սիրիա, այլ միայն մասնագետների առաքելություն,- ասել է Ռուբինյանը։- Սա հումանիտար առաքելություն է, ինչն արմատապես փոխում է հարցի էությունը»։

Հուսանք, որ մեր երկրի հակաազգային ուժերը կբավարարվեն նրանով, որ այդպիսի պատասխան հնչեցրեց հենց «հեղափոխականների» ներկայացուցիչը, այլ ոչ թե ինչ-որ մեկը «հեղափոխականների» շարքերում չգտնվող, բայց մեր հասարակության հայրենասիրաբար տրամադրված մասից։

Նշեմ, որ մեր առաքելությունը Սիրիա մեկնեց էական ուշացումով։ Չէ՞ որ Արևելյան Հալեպի թաղամասերն ամերիկամետ ահաբեկիչներից ազատագրվել են դեռևս 2016թ. նոյեմբերի վերջին, այլ ոչ թե երեկ կամ առաջին օրը։ Ինչի՞ էին սպասում Հայաստանի իշխանությունները․․․ Հենց որ Երևանում տեսան ու համոզվեցին, որ փախստական սիրիահայերի կեսից ավելին, այնուամենայնիվ, որոշել է վերադառնալ իր տուն (ավելի ճիշտ, շատերի պարագայում՝ տների ավերակներ…), արդեն պետք էր մտածել օգնություն ցուցաբերելու մասին։ Ավելին․ իսկ ինչո՞ւ էր Հայաստանը լռում, երբ ահաբեկիչները փորձում էին գրավել ու օկուպացնել Քեսաբը, պաշարման մեջ էին պահում Դեյր-Էլ-Զորը և Ալ-Կամիշլին, ձգտում ներխուժել Հալեպի Հայկական թաղամաս և այդպես շարունակ։ Չէ՞ որ ԱՄՆ-ը ահաբեկիչների ձեռքերով Սիրիայի դեմ պատերազմը սանձազերծել է առնվազն 2012 թվականից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Դամասկոսյան թեմի առաջնորդ, եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը դեռևս 2014թ. ապրիլի 6-ին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Սիրիայում հայերին օգնելու համար և խնդրել Մոսկովյան և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին անձամբ ժամանել Սիրիա, փրկել սիրիական քրիստոնյաներին, «որպեսզի Ռուսական Ուղղափառ Եկեղեցու ձայնը հնչեղ ու լսված լինի համաշխարհային և եկեղեցական բոլոր ասպարեզներում և այդ կերպ ազդարարի ճշմարտությունը Սիրիայում կատարվող ամենի մասին, բոլորին բացատրելով, որ մենք բռնության ենք ենթարկվում ահաբեկիչների կողմից»։

Մեր սիրիացի հայրենակցին անմիջականորեն ռուսներին դիմելու մղեց այն հանգամանքը, որ 2014թ․ փետրվարին ԱՄՆ կատարած այցի ժամանակ (Սիրիայի քրիստոնյաների ընդհանուր պատվիրակության կազմում) նա մերժում էր ստացել ամերիկացիներից՝ սիրիական քրիստոնյաներին օգնելու հարցում։ Այն ժամանակ «Christian Today» թերթը գրեց, որ չնայած Սիրիայի եկեղեցականներին կարեկցանքով լսեցին, սակայն «աջակցության և օգնության ոչ մի երաշխիք ԱՄՆ-ի պաշտոնական անձանց կողմից նրանց չտրվեց»։

Ահա թե ինչ է հայտարարել 2014 թվականին եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում. «Նրանք, ովքեր կանգնած են, այսպես կոչված, զինված ընդդիմության թիկունքում՝ Թուրքիան, Եվրոպան, արաբական նավթային երկրները, ԱՄՆ-ը, մոռանում են, որ զենք տալով, իրենք սերմանում են միայն մահ և ավերածություն… Ինչպես և այն ժամանակներում (խոսքը Սիրիայում հայերի դեմ հանցագործությունների համեմատության մասին է 1915-23 թթ. Ցեղասպանության հետ), հայկական քաղաքում իրականացվող կոտորածին, իսկ Քեսաբի բնակիչների մեծամասնությունը հայեր են՝ Օսմանյան կայսրության Ցեղասպանությունից փրկված հպատակների սերունդներ, ակտիվորեն օգնել է Թուրքիան։ Իմ ունեցած տեղեկություններով, գրոհայինները քաղաքին մոտեցել են ոչ միայն թուրքական տարածքից, այլև Թուրքիայի բանակի օժանդակությամբ»։ Ահա բուն սիրիահայերի կողմից 2012-19 թթ. պատերազմի ընկալումը. դա Թուրքիայի հարձակումներից պաշտպանվելու շարունակությունն է։ Այնպես որ, ավելորդ չէր լինի ճիշտ ժամանակին ուղարկել նաև զինվորական համակազմ։ Ե՛վ Սիրիայի հայերին կփրկեինք, և՛ Թուրքիայի դեմ պատերազմի անգնահատելի փորձ ձեռք կբերեինք։ Այդ փորձը կարող է շատ պետքական լինել մեզ։

 

Սերգեյ Շաքարյանց