Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը «Արմեդիա» գործակալությանը

-Պարոն Մայիլյան, այս տարի լրանում է Ղարաբաղյան շարժման 31-րդ տարեդարձը։ Արցախը դե ֆակտո լուծել է այն խնդիրը, որի պատճառով սկսվել էր այդ Շարժումը։ Դե յուրե մենք ունենք սառեցված տարածաշրջանային հակամարտություն, որը բազմաթիվ միջազգային խաղացողների շահերի կենտրոն է հանդիսանում։ Ի՞նչ եք կարծում, հայկական կողմերը ժամանակի գործոնը ճի՞շտ են օգտագործել, այն առումով, որ արագացնեն Ղարաբաղի ճանաչումը համաշխարհային հանրության կողմից։

-Կարծում եմ, որ Ձեր կողմից նշված ժամանակահատվածում ավելի շատ ժամանակ, ռեսուրսներ և ուշադրություն հատկացվում էր Արցախի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծմանը, ինչն արդարացված էր։ Կային ժամանակահատվածներ, երբ հայկական կողմերը բանակցային գործընթացից սպասելիքներ էին ունենում, և այդ պատճառով էլ հիմնական ջանքերն ուղղվում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը։

Կարծում եմ, որ Արցախի պատվիրակության լիիրավ մասնակցությամբ եռակողմ բանակցային գործընթացը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը պետք է զուգահեռ ընթանան։ Ընդ որում, մեր կողմից ձեռնարկվող՝ Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը ոչ միայն թույլ կտան մեղմացնել Ադրբեջանի բանակցային անզիջում պահվածքը, այլ նաև կնպաստեն Արցախի անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Պետք է նշեմ, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և ադրբեջանա-ղարաբաղյան միջպետական հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են և արտացոլվել են Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրում։ Կարգավորումն իր հերթին պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։

Պետականաշինության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման գործում Արցախի ունեցած հաջողությունները նոր հնարավորություններ են ստեղծել հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում։ Բացի այդ, Արցախի Հանրապետությունը նաև ժամանակի փորձություն է անցել և ցուցադրել, որ արդյունավետ պետություն է, որն իրականացնում է պատասխանատու արտաքին քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը։ Անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել վերջին շրջանում այդ ոլորտում ձևավորված դրական միտումներին և Արցախի միջազգային ճանաչման գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին։ Կցանկանայի նաև նշել, որ Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտության մասին անցած տարվա մայիսին ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են խոսել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, համագործակցության տնտեսական ներուժի մասին և այլն։ Արցախն ինչ-որ քայլեր ձեռնարկու՞մ է այդ ուղղությամբ։

-Արցախի իշխանությունները միշտ էլ հանդես են եկել հօգուտ վստահության միջոցառումների ամրապնդմանն ուղղված ծրագրերի և հումանիտար ու տնտեսական ոլորտներում անդրսահմանային համագործակցության։ Մոտ քսան տարի առաջ Արցախի ԱԳՆ-ն մշակել և միջնորդների միջոցով ադրբեջանական կողմին է փոխանցել վստահության ամրապնդման միջոցառումների ցանկ։ Սակայն մեր առաջարկությունները, այդ թվում նաև հումանիտար բնույթի փոխշահավետ ծրագրային գաղափարները, մերժվել են պաշտոնական Բաքվի կողմից։ Արցախը և Հայաստանի Հանրապետությունը հնարավոր էին համարում նաև տնտեսական համագործակցության հաստատումը մինչև խաղաղության պայմանագիր կնքելը։

Ինչ վերաբերում է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասին դրույթին, ապա հարկ է նշել, որ այդ հարցում Ադրբեջանն այնքան է հետ մնում Արցախից և Հայաստանից, որ ցանկացած համեմատություն անտեղի է դառնում։ Հասարակություններին խաղաղության նախապատրաստելու հարցում առաջընթաց ապահովելու համար Ադրբեջանը պետք է նախևառաջ լրացնի այն բացը, որն առաջացել է պաշտոնական Բաքվի կողմից տարիներ շարունակ տարվող պետական քաղաքականության պատճառով՝ միտված հայատյացության արմատավորմանը, հայերի նկատմամբ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսմանը և դրանք կատարած հանցագործների հերոսացմանը, հասարակական խաղաղարար նախաձեռնությունների տապալմանը, պատերազմի քարոզչությանը, Արցախի մեկուսացմանը և այլն։

Ադրբեջանի այդօրինակ գործողությունները, որոնք շատ հաճախ չեն արժանացել միջնորդների պատշաճ գնահատականին, ստեղծել և շարունակում են ստեղծել չափազանց բացասական ֆոն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացի համար։ Ուստի առաջին փուլում ադրբեջանական իշխանությունները պետք է դադարեցնեն ատելության արշավը և, գուցե միջազգային աջակցությամբ, գործուն քայլեր ձեռնարկեն` արմատախիլ անելու այն բացասական երևույթները, որոնք սկսել են արմատավորվել ադրբեջանական հասարակության մեջ` տարիներ շարունակ հայերի նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու արդյունքում:

-Ինչպե՞ս կբնութագրեիք Ղարաբաղի հարցով բանակցությունների ներկայիս փուլը։ Արդյոք տեսնու՞մ եք որևէ պատճառներ անհանգստության համար։

– Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումները, ինչպես նաև երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող խորհրդակցությունները չի կարելի բանակցություններ համարել։ Ցանկացած հանդիպում, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, միայն ողջունելի է:

Հարկ է նաև նշել, որ Ստեփանակերտի և Երևանի միջև գործում է արդյունավետ փոխադարձ կապ, այդ թվում նաև՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև. պարբերաբար տարբեր մակարդակներով անց են կացվում հանդիպումներ և խորհրդակցություններ։ Այդ ամենի շնորհիվ մենք կարողանում ենք Երևանի մեր գործընկերներին տեղյակ պահել բանակցային գործընթացի այս կամ այն առանցքային հարցերի շուրջ Ստեփանակերտի դիրքորոշման մասին։ Տվյալ փուլում անհանգստության պատճառ չեմ տեսնում, հատկապես՝ այն հրապարակայնորեն արտահայտելու համար։

-Պարոն նախարար, Դուք հայտարարել եք, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ավելի հստակ է դարձել, մասնավորապես, բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության հարցում։ Ըստ Ձեզ, կարո՞ղ ենք արդյոք մոտ ապագայում ակնկալել ձևաչափի ընդլայնում, և ընդհանրապես, ղարաբաղյան բանակցային գործընթացում այսօր ի՞նչն է պակասում։

– Լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման համար ներուժ կա, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում։ Ակնհայտ է, որ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ կարգավորման բոլոր փուլերին Արցախի ուղղակի և լիիրավ մասնակցությամբ, որոշիչ նշանակություն ունի խաղաղ գործընթացի առաջմղման և արդյունավետության ապահովման համար։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջին հերթին ադրբեջանական իշխանությունների քաղաքական կամքի պակաս կա։ Բանակցություններին Արցախի մասնակցության հարցը հանդիսանում է խաղաղ լուծում գտնելու՝ Ադրբեջանի ոչ թե հայտարարվող, այլ իրական պատրաստակամության աստիճանի ամենաճշգրիտ ցուցիչը։

– Ցանկացած հնացած հակամարտություն պահանջում է թարմ գաղափարներ։ Արցախն ունի՞ թարմ գաղափարներ բանակցային գործընթացի համար։

– Իրականում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նոր չէ, այն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի։ Հակամարտությունը ծագել է աշխարհի քաղաքական քարտեզի վրա Ադրբեջանի ի հայտ գալու պահից և անցել տարբեր փուլեր։ Այն համարվում է ամենաբարդ հակամարտություններից մեկը։ Դրա կարգավորման համար, հատկապես վերջին 30 տարիների ընթացքում, միջնորդների կողմից առաջարկվել են տարաբնույթ գաղափարներ, ինչը դեռ արդյունք չի տվել։ Ընդհանուր առմամբ՝ բանակցելն արվեստ է, ինչը հնարավոր չէ առանց ստեղծարար գաղափարների։ Արցախի իշխանություններն ունեն թարմ մոտեցումներ, սակայն մենք նախընտրում ենք դրանք հնչեցնել բանակցային սեղանի շուրջ։

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ անհրաժեշտ է վերանայել կարգավորման գործընթացում առկա մի շարք հնացած մոտեցումներ, և պատրաստակամություն ենք հայտնել մեր ներդրումն ունենալ նոր, առավել իրատեսական գաղափարների մշակման գործում, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տարածաշրջանում հասնել երկարաժամկետ խաղաղության։