Գոտեմարտ Վենեսուելայի համար. Ռուսաստանին և Չինաստանին կաշառք են առաջարկել

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր առճակատումը սկսվում է… հարավամերիկյան Վենեսուելայից։ Աշխարհն  արդեն ավելի քան մեկ ամիս տագնապով  հետևում է, թե ինչպես է ԱՄՆ-ը վենեսուելացի ծախված խամաճիկների միջոցով փորձում հեղաշրջում իրականացնել այդ երկրում։

Չնայած այն բանին, որ Վենեսուելայում նույնպես հաջողվեց ալեկոծել «փողոցային կաթնակերներին», ինչպես արտահայտվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, այնուհանդերձ, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից սպանված լեգենդար գնդապետ և բոցաշունչ հեղափոխական Ուգո Չավեսի հետևորդները բնակչության մեծամասնության կողմից վայելում են և՛ հեղինակություն, և՛ աջակցություն։ Նրանց սատարում է բանակը, Ազգային գվարդիայի գերակշիռ մասը։ Հայտնի է, որ օրինականորեն, սահմանադրորեն ընտրված նախագահ Մադուրոյին աջակցելու մասին հայտարարել են նաև Վենեսուելայի 19 նահանգների (23-ից)՝ այդ երկրի վարչական միավորների գերակշիռ մասի ղեկավարները… Հիմնականում մի քանի պաշտոնաթող զինվորականներ են հայտարարել ինքնակոչ և ամերիկյան խամաճիկ ոմն Խուան Գուայդոյին «ՙնախագահ ճանաչելու» մասին, որին, ինչպես վերջերս հայտարարեց Ռուսաստանում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսան, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները վարձել են դեռ 10 տարի առաջ։

Չավեսին և նրա հավատարիմ աշակերտին ՝ Մադուրոյին, վենեսուելական օլիգարխները, հանցագործները, լիբերալներն ու մնացյալ ողջ խաժամուժը մեղադրել և մեղադրում են անձնիշխանության մեջ։ Բայց Լատինական Ամերիկայում գրեթե բոլոր իշխանությունները ավտորիտար են, քանզի այդպիսին է մոլորակի տվյալ մասի պատմությունը։ Այնտեղ իշխանության ղեկին կա՛մ զինվորական բռնապետեր են, ասենք, արգենտինացի Պերոնի կամ չիլիացի Պինոչետի կարգի, կա՛մ էլ հայիթեցի հայր և որդի Դյուվալյեների կամ նիկարագուացի Սամոսայի պես սրիկաների կողմից ղեկավարվող բացարձակ ամերիկամետ խամաճիկային «ժողովրդավարական կառավարություններ»։

Լատինական Ամերիկան գրեթե 200 տարի շարունակ պարզապես հումքային բազա է ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար, բացարձակ անկախ պետությունների գոյությունն այնտեղ ծայրաստիճան կարճատև է եղել։ Լատինամերիկյան գրեթե ցանկացած երկրի բնակչության մինչև 90%-ը աղքատներ ու չքավորներ են։ Չավեսի ու Մադուրոյի անձնիշխանությունը կառավարման ձև է հենց հանուն ժողովրդի ամենաաղքատ մասի, ընդդեմ հարուստների և սպեկուլյանտների, ընդդեմ գործարարների ծախված հատվածի։ Ահա թե ինչու Վենեսուելայում հարկ չկա «քշել» ժողովրդին իշխանությանն աջակցող հանրահավաքների. աղքատներն իրենք են նետվում ամերիկամետ «ժողովրդավարական ընդդիմության» դեմ։ Այստեղից էլ կոշտ բախումները «Չավեսականների շարժման» և ամերիկամետ խամաճիկների կողմնակիցների միջև։ Այստեղից էլ և այն, որ արդեն զոհեր կան Վենեսուելայում հակամարտողների շրջանում։ Այդ թվում նաև՝ զինվորականներ, որոնք չեն դավաճանում նախագահ Մադուրոյին, թեև ԱՄՆ-ը լկտիաբար պահանջում է բանակից  «շտապ» ուրանալ օրինական նախագահին։

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ), որը շարժվեց ԱՄՆ-ի թելադրանքով և  Գուայդոյին ճանաչեց «անցումային նախագահ», չընդունելով օրինականորեն ընտրված Մադուրոյին, արդեն բացարձակ անպետք միջազգային կառույց է, քանի որ վաղուց ֆինանսավորվում է ԱՄՆ-ի բյուջեից։ Եվ այժմ  ուրվագծվել է  մոլորակի պառակտման ևս մի ամբողջ «լեռնաշղթա»։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Արգենտինան, Բրազիլիան, որտեղ վերջերս ԱՄՆ-ը իշխանափոխություն է սադրել, սատարում են Վաշինգտոնին, իսկ գոնե փոքրիշատե ինքնահարգանք ունեցող երկրները, ուղղակի (Կուբան, Նիկարագուան, Բոլիվիան) թե անուղղակի կերպով (Մեքսիկան, Ուրուգվայը), հաստատուն կանգնած են Մադուրոյի կողմում։ Եվրոպան հաշվի մեջ չէ, թեև այնտեղ էլ կան ԱՄՆ-ին «չլսող» երկրներ. Իտալիան առայժմ պատրաստ չէ «ճանաչել» Գուայդոյին։

Միլիոնավոր մարդկանց կուռք, ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որի հետևից կգնան շատ ավելի մեծ թվով արգենտինացիներ, քան Արգենտինայի կառավարության, հունվարի 24-ին «Instagram»-ում հրապարակել է իր լուսանկարը՝ Վենեսուելայի ազգային դրոշի գույների կեպիով, և գրել.

«Ես չեմ պատրաստվում փոխվել։ Այսօր, առավել  քան երբևէ, ես նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ եմ։ Վենեսուելայում կառավարում է ժողովուրդը։ Ես սիրո՛ւմ եմ ձեզ»։

Եվ եթե Մարադոնան հավաստում է, որ «Վենեսուելայում կառավարում է ժողովուրդը», ապա հավատացեք, որ ֆուտբոլային երկրպագուների ահռելի, բազմամիլիոնանոց բանակը Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում կհավատա նրան, այլ ոչ թե ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին…

Չինաստանն ու Ռուսաստանը նախազգուշացրել են Վաշինգտոնին՝ չմիջամտել Վենեսուելայի ներքին գործերին։ Իրանը և Թուրքիան, այո, նույնիսկ Թուրքիան անձնական աջակցություն են արտահայտել նախագահ Մադուրոյին։ Ռուսաստանը վերջին անգամ փետրվարի 12-ին արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրթերով է ԱՄՆ-ին նախազգուշացրել զերծ մնալ Վենեսուելայում ռազմական միջամտությունից, քանի որ արդեն տևական ժամանակ տեղեկություններ էին ստացվում այն մասին, որ Վաշինգտոնը ռազմական ներխուժման գործողություն էր նախապատրաստում «չավեսականների»  ժողովրդական կառավարումը տապալելու նպատակով։ Նույնիսկ ԱՄՆ-ին լիովին ենթակա Կոլումբիայում գտնվում են համարձակ փորձագետներ, որոնք խոսում են, թե իրականում ինչ է կատարվում ներկայումս Վենեսուելայում։

Կոլումբիացի վերլուծաբան Պաբլո Հոֆրեն «El Ciudadano» թերթում գրել է. «Երկիրը, որ կառավարում է Նիկոլաս Մադուրոն, աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի, այնպես որ, ոչ մեկին չպետք է զարմացնի այդ տարածաշրջանում սեփական շահեր ունեցող տարբեր պետությունների աշխուժացումը։ Եվ սա գլխավորապես վերաբերում է  ԱՄՆ-ին, Չինաստանին ու Ռուսաստանին։ ՉԺՀ-ը և ՌԴ-ը մեծ գումարներ են ներդրել Վենեսուելայում (գյուղատնտեսություն, նավթարդյունահանում, սպառազինություն և արդյունաբերություն), բայց նրանց ակտիվությունը բացատրվում է ոչ միայն դրանով, այլև մրցակիցներին «դեսուդեն հրելու» և տարածաշրջանում ամրապնդվելու ԱՄՆ-ի փորձերով։ Զիջել Նահանգներին այսօր, նշանակում է՝ փակել դուռը դեպի ապագա. կասկածելի է, թե Վաշինգտոնը ցանկանում է այստեղ գալ լոկ ժամանակավորապես»։

Ռուսաստանի և Չինաստանի արձագանքը, Հոֆրեի գնահատմամբ, արտաքուստ ոչ արտահայտիչ և գրեթե աննշմար է թվում։

«Ո՛չ մեկ, ո՛չ էլ մյուս երկիրը ներկայիս կառավարությանը ոչ միայն տնտեսական, այլև ռազմական մեթոդներով հնարավոր օգնություն ցուցաբերելու մասին ակնարկող ամպագոռգոռ հայտարարություններ չեն արել,- գրել է Հոֆրեն։- Սակայն ՌԴ-ի և ՉԺՀ-ի իրական գործողությունները թույլ են տալիս հասկանալ, որ նրանք մտադիր չեն զիջել սեփական դիրքերը Վենեսուելայում։ Ռուսները չեն գոռում, բայց գործում են շատ կոշտ. նրանք իրենք էլ գտնվում են ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ և գիտեն, թե ինչ է դա և ինչպես է գործում։ Գիտեն նաև, թե ինչպես աշխատել դրա դեմ»։

Թերևս հիշեցնեմ նաև, որ Վենեսուելայում սրացումն ԱՄՆ-ը կազմակերպեց հենց այն բանից հետո, երբ այդ երկրում, հեռավոր թռիչքից հետո, վայրէջք կատարեցին ռուսաստանյան «Սպիտակ կարապ» ռազմավարական ռմբակոծիչները և նրանց ուղեկցող Ռուսաստանի ՕՏՈՒ-ի ավիախումբը։

Է՛լ ավելի մեծ տհաճություններ պատճառեց ԱՄՆ-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամիի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը «պատրաստ է Վենեսուելային հաղորդել պաշտպանական ոլորտում իր ունեցած փորձը»։ Խաթամին իրանական մեծաթիվ պատվիրակության կազմում  հունվարին ժամանել էր Կարակաս՝ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությանը մասնակցելու։ Նշեմ, որ միմյանց նկատմամբ Վենեսուելայի և Իրանի փոխադարձ հետաքրքրությունը նորություն չէ. հակաամերիկյան հողի վրա մտերմությունը նրանց միջև սկսվել է դեռևս 2005 թվականից, երբ երկու երկրների միջև կնքվեց տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ 26 համաձայնագիր։

Աշխարհը հաստատ հասկանում է. Վենեսուելայում չկա ոչ մի հեղափոխություն, կա պետհեղաշրջման և իշխանությունը դավաճանների, ԱՄՆ-ի խամաճիկների ձեռքը հանձնելու փորձ։ Ճգնաժամը չի ավարտվել, և հենց՝ ԱՄՆ-ի պատճառով, թեպետ Գուայդոն արդեն կորցրել է վստահությունը։ Այդ մասին վկայում է այն փաստը, որ փետրվարի 12-ին նա առաջարկել է Ռուսաստանին ու Չինաստանին աջակցել իրեն, խոստանալով ի պատասխան «մարել Ռուսաստանին և Չինաստանին ունեցած պարտքերը և հարգել նրանց բոլոր ընկերությունների իրավունքները»։ Ամերիկյան խամաճիկները լկտի են, ինչպեսև իրենց տերերը. բացահայտ կաշառք են առաջարկում Մոսկվային ու Պեկինին

 

Սերգեյ Շաքարյանց