Երկրի տարածքային ամբողջականության պահպանման ռումինական տարբերակը (կամ մի ուշագրավ կենսագրության պատմություն)

1989թ. դեկտեմբերի 2-3-ին Մալթայում Գորբաչև-Բուշ ավագ հանդիպման ժամանակ Գորբաչևը հավաստիացումներ էր տվել իր ամերիկյան գործընկերոջը, որ ԽՍՀՄ-ը հրաժարվում է «Բրեժնևյան դոկտրինից» (թեև նման հանձնարարական չուներ Կոմկուսի Քաղբյուրոյի կողմից), հետևաբար ԽՍՀՄ-ը սոցիալիստական երկրների ներքին գործերին այլևս չի միջամտելու, իր զորքերը հանելու է Եվրոպայի տարածքից ու համաձայն է Գերմանիայի վերամիավորմանը:

Պարզ լեզվով ասած՝ «Գորբաչևը ծախեց համայնավարական ճամբարի բարեկամներին» ու նրանց մեն-մենակ թողեց հզոր Արևմուտքի դեմ (այս առումով խիստ տարօրինակ է ռուս քաղաքական գործիչների ու քաղաքագետների զարմանքն ու վրդովմունքը սոցիալիստական երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների ընտրության հարցի շուրջ, չէ՞ որ դա էր նրանց միակ այլընտրանքը):

Ակնհայտ է, որ Խորհրդային Միության ու ամբողջ համայնավարական ճամբարի փլուզման ունիվերսալ մեխանիզմներից մեկն ընտրված էր ազգամիջյան ու տարածքային հիմնախնդիրների ակտուալացումը՝ որպես առավել ցավալի, պատմական լուրջ հիմնավորումներ ունեցող, դյուրին ու մեծ ինտենսիվությամբ արդիականացվող գործոն: Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և որին մեզանից շատերն ականատես եղան:

Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Տիմիշոարա քաղաքը հայտնվել էր Ռումինիայի կազմում, որի բնակչության մոտ կեսը մինչ օրս էթնիկ հունգարներ են (կա նաև բավական ազդեցիկ հրեական համայնք): Այս հանգամանքը պատմական արդարության վերականգնմանը միտված հսկայական ներուժ էր պարունակում՝ առավել ևս, որ այս տարածքում անհրաժեշտության դեպքում հնարավոր էր գործարկել նաև միջկոնֆեսիոնալ գործոնը: Դրա համար կար նաև հարմար կերպար՝ Տիմիշոարայի կաթոլիկ եկեղեցու քահանա-բողոքական, ազգությամբ հունգար Լասլո Թեկեշը, որը և հանդիսացավ տեղի բնակչության մոտ տասնամյակների ընթացքում կուտակված ազգային, կրոնական, սոցիալական ու այլ բնույթի դժգոհությունների արտահայտիչն ու զանգվածային գործողությունների նախաձեռնողը՝ «Մերժիր Չաուշեսկուն» հիմնական կարգախոսով։ Դժգոհությունների արտահայտման ակտիվ փուլը սկսվեց 1989 թ. դեկտեմբերի 16-ին (Գորբաչև-Բուշ հանդիպումից ընդամենը 2 շաբաթ անց): Եվ ինչպես կասեր Գորբաչևը, «процесс пошел»․․․

Շարժումն արագորեն տարածվեց Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքի վրա և սպառնում էր վերաճելու քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում արձանագրվելու էին տասնյակ հազարավոր զոհեր, քաղաքական վերնախավի անկում ու երկրի տարածքի տարալուծում:

Երկրի ղեկավարությունը Ն. Չաուշեսկուի գլխավորությամբ շփոթության մեջ էր՝ դավաճանությունն անկանխատեսելի էր, իսկ հարձակումն անսպասելի: Պաշտպանության նախարար Վ. Միլյան հրաժարվեց բանակն օգտագործել ժողովրդական շարժման դեմ (ով, ի դեպ, օրեր անց ինքնասպանություն գործեց, իսկ այլ տեղեկությունների համաձայն, սպանվեց), սակայն նրա տեղակալ գեներալ Վիկտոր Ստէնկուլեսկուն (որը Չաուշեսկուի ամենամտերիմ անձնավորություններից մեկն էր) դաժանորեն ճնշեց Տիմիշոարայի շարժումը, որից հետո նա նշանակվեց քաղաքի զինվորական պարետ, իսկ նախարարի մահվանից հետո փոխարինեց վերջինիս: Ժողովրդական շարժումը, սակայն, այնքան էր ճյուղավորվել ու տարածվել ամբողջ երկրով, որ նորանշանակ նախարարն այս դեպքում բանակին կտրուկ հրահանգեց չմիջամտել գործողություններին Բուխարեստում, և փոխարենը դեկտեմբերի 25-ին Ն. Չաուշեսկուին իր կնոջ հետ ուղղաթիռով դուրս բերեց մայրաքաղաքից, մոտակա զորամասերից մեկում կազմակերպեց դատավարություն՝ մահապատժի դատավճռով, որն էլ ընդամենը երկու ժամ անց ի կատար ածվեց նույն զորամասի պարսպի տակ:

Չաուշեսկուն հեռացավ իր հետ տանելով համաժողովրդական չարությունն ու շարժման ֆորմալ դրդապատճառը: Չաուշեսկուն հիմնականում մեղադրվեց ռումին ժողովրդի ցեղասպանության մեջ (նրան վերագրվեցին 60-65 հազարին հասնող մարդային զոհեր) և երկրի ունեցվածքի ավելի քան 1 մլրդ ամերիկյան դոլարի հասնող թալանի մեջ: Ի դեպ, երկու մեղադրանքներն էլ ավելի ուշ հերքվեցին (դրանք առավել քան չափազանցված էին): Իսկ ինչ հաջորդեց Չաուշեսկուների մահապատժին․․․

Ժողովրդական շարժումը կտրուկ մարեց, դատավոր Պոպան ինքնասպանություն գործեց, ավելի ուշ ինքնասպան եղավ նաև Ստէնկուլեսկուի կինը։ Ինքը՝ գեներալը, թեև ստացավ գեներալ-գնդապետի կոչում, սակայն շուտով պաշտոնանկ արվեց, իսկ տարիներ անց կանգնեց դատարանի առջև ու դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ ցուցարարների դեմ զենք կիրառելու մեղադրանքով:

Դժվար է լիովին հասկանալ ու գնահատել Ստէնկուլեսկուի գործողությունների մոտիվացիան, սակայն, ինչպես ասում են, ցանկացած գործի մասին դատում են դրա պտուղներից, իսկ որպես պտուղ մնաց Ռումինիան՝ իր տարածքային ամբողջականությամբ, թեև Ստէնկուլեսկուի մտերիմների ու անձամբ իր զոհաբերության գնով:

Ինչպես միշտ, դավաճաններն արժանացան միջազգային գնահատականների ու պարգևների (Գորբաչևը՝ «Խաղաղության նոբելյան մրցանակի», իսկ Լ. Թեկեշը մինչ օրս բարգավաճում է Եվրոպական խորհրդարանում), իսկ ազգային գործիչները՝ մահվան:

Նկատենք, որ նշված վարկածն ընդհանրապես չի դիտարկվում պատմաբանների ու քաղաքագետների կողմից, սակայն փաստերի և իրադարձությունների համադրումն ու դրանց արդյունքը հիմք են տալիս եզրակացնելու, որ Ստէնկուլեսկուի որոշումներն ու գործողություններն ուղղված էին շարժման դադարեցմանը և, որպես արդյունք, Ռումինիայի տարածքային ամբողջականության պահպանմանը:

 

Լևոն Անդրիասյան