Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Երեկոյան ժամերգության: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի ունեցավ նախատոնակ, ապա կատարվեց նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Այնուհետև «Քրիստոս փառաց» հոգեզմայլ տաղի ներքո Ս. Գայանեի խորանի կանթեղից վառված մոմով Մուշեղ Սրբազանը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:

Արարողությունից հետո եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը:

Խարույկի շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով:

Տարիներ առաջ Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս առիթով փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվող Ս. Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության հատուկ կարգ: