Ինչումն է Ռուսաստանի դեմ աշխարհի մշտական չարության աղբյուրը

Աշխարհը կրկին անգամ չարացած է Ռուսաստանի դեմ: Հատկապես Արևմուտքը փորձում է այս երկիրը ներկայացնել որպես սպառնալիքի ու չարիքի աղբյուր, որը պատերազմի է պատրաստվում հարևանների դեմ, ուստի և արդարացված է նրա մեկուսացումն ու մասնատումը, ինչին և ուղղված է գրեթե ամբողջ արևմտյան դիվանագիտական, քարոզչական ու տնտեսական արսենալը:

Ռուսաստանում զարմանում են, թե ինչով են արժանացել նման գնահատականների, չէ՞ որ Ռուսաստանը պատմության ընթացքում գրեթե միշտ, իր կամքից անկախ, ներքաշվել է պատերազմների մեջ, որոնցում սեփական նախաձեռնությունը նվազագույնն է եղել: Սա լավ հասկանում են աշխարհում, բայց շարունակում են նախանշված քաղաքականությունը՝ վերջնական նպատակ ունենալով էապես կրճատելու Ռուսաստանի տարածքը: Իսկ Ռուսաստանն էլ, ի հեճուկս նրանց, հակառակը՝ ընդլայնում է իր տարածքները (Ղրիմը, շուտով հավանաբար նաև Ուկրաինայի հարավ-արևելյան կամ ամբողջ արևելյան տարածքները):

Ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքը կազմում է Երկիր մոլորակի ցամաքի 1/9 մասը, այսինքն՝ ավելի քան 10 %-ը՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի բնակչությունը երկրագնդի բնակչության միայն 2 %-ն է: Բնակչության խտության ցուցանիշով 195 երկրների ցանկում Ռուսաստանը զբաղեցնում է 181-րդ տեղը՝ 1 ք. կմ տարածքում 8,5 բնակչով: Ընդ որում, եթե երկրի եվրոպական հատվածում այս ցուցանիշը կազմում է 29 մարդ, ապա ասիական տարածքում՝ ընդամենը 2,5: Ռուսաստանի հատկապես ասիական շրջանները հարակից են այնպիսի պետությունների հետ, որոնցում առկա է Ռուսաստանի հետ անհամեմատելի բնակչության հսկայական խտություն, մասնավորապես՝ Ճապոնիան (336 մարդ), Հյուսիսային Կորեան (189 մարդ), Հարավային  Կորեան (494 մարդ), Չինաստանը (139 մարդ), Տայվանը (650 մարդ), Հնդկաստանը (357 մարդ), Վյետնամը (272 մարդ) և այլն:

Ստալինը, որքան էլ նրան մեղադրեն տոտալիտարիզմի, բռնաճնշումների և այլ չարագործությունների մեջ, իր կամքի ու հեռատեսության շնորհիվ կարողացավ Ռուսաստանը պարզապես «աշխարհագրական տարածքից» վերածել «կենսական տարածքի»՝ ապահովելով տնտեսական, սոցիալական, մշակութային ու գիտակրթական, ինչպես նաև ռազմական համաչափ բաշխվածություն երկրի ամբողջ տարածքով: Սա որակապես փոխեց երկրի քաղաքական վերնախավի վերաբերմունքը երկրի տարածքի նկատմամբ, և այլևս որևէ տարածք վաճառքի կամ զիջման ենթակա չէ, ինչպես, օրինակ հսկայական Ալյասկան՝ չնայած նրան, որ Ռուսաստանի լիբերալ շրջանակները, որոնց ազդեցությունը երկրի իշխանական համակարգում դեռևս մնում է բավական շոշափելի մակարդակի վրա, երկրի տարածքը դիտարկում են ընդամենը որպես «ռեսուրսային տարածք»:

Ի՞նչ լուծումներ կարող է առաջարկել Ռուսաստանը:

Տարածքային զիջումնե՞ր․․․ Իհարկե՛ ոչ, ինչում համոզում են վերջին տարիների իրադարձությունները (նույնիսկ Կուրիլյան կղզիների մի մասը զիջելու ցանկություն չի դիտվում):

Միգրացիոն ներհոսքի ապահովո՞ւմ․․․ Սա ևս զանգվածային մասշտաբների չի կարող հասնել ու սահմանափակվում է առանձին ու փոքրաքանակ դրվագներով: Ռուսաստանի իշխանությունների համար լիովին պարզ է, որ միգրացիոն հոսքերը խաթարում են ներքին սոցիալական կայունությունը, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում հղի են ազգային անջատողական շարժումներով, որոնց օրինակներն աշխարհում բազմաթիվ են:

Ռուսաստանն արդյոք կկարողանա՞ դիմակայել ճնշումներին ու չգնալ զիջումների՝ միևնույն ժամանակ ապահովելով իր կայունությունը, ամբողջականությունն ու խաղաղությունը, թե՞, վերջիվերջո, մենք նորից ականատես կլինենք այդ երկրի դեմ հերթական ռազմական արշավանքին: