ԵԽ անդամ երկրներում 130 ազատազրկված լրագրող կա, որոնցից 110-ը՝ Թուրքիայում

Եվրոպայի խորհուրդը փետրվարի 12-ին հրապարակել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կազմված մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը։ «Ermenihaber»-ի տեղեկացմամբ, զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիան աշխարհում ամենից շատ ազատազրկված լրագրողներ ունեցող երկիրն է։

2018թ․ վերջի տվյալներով, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ազատազրկված լրագրողների թիվը 130 է։ Ընդ որում, նրանցից 110-ը գտնվում են թուրքական բանտերում։ Ըստ զեկույցի, 2016թ․ հուլիսից (Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի հայտարարումից հետո) մինչ օրս այս երկրում առնվազն 200 լրագրող է ձերբակալվել։

«Չնայած 2018թ․ հուլիսին երկրում արտակարգ դրության ռեժիմը դադարեցվել է, բանտարկված լրագրողների թվով Թուրքիան շարունակում է մնալ առաջին տեղում,- գրված է զեկույցում։- Այն նաև աշխարհի ամենահետադիմական երկրներից մեկն է՝ խոսքի և մամուլի ազատության տեսակետից»։

Մինչդեռ 2 ամիս առաջ BBC-ին հարցազրույց տված Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Գյուլնուր Այբեթը պնդել էր, որ թուրքական բանտերում «լրագրողական գործունեության պատճառով» դատապարտված որևէ լրագրող չկա։

Արձանագրվել է նաև, որ 2018թ․ ընթացքում Եվրոպայի խորհրդի անդամ 32 երկրից 140 լուրջ իրավախախտման վերաբերյալ հայցեր են ներկայացվել Խորհրդի և 12 միջազգային իրավապաշտպան ընկերության կողմից համատեղ հիմնված «Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության պլատֆորմին»։ Նշվել է, որ 2018թ․ աշխարհում սպանվել է 17 լրագրող, որոնցից 2-ը՝ Թուրքիայում։

Թուրքիան նաև այն 4 երկրներից մեկն է, որտեղ մամուլի ազատությունն ամենից մեծ հետընթացն է ապրել, իսկ լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է։