Էրդողանին վիրավորած անձը դատապարտվել է ընթերցանության

Թուրքիայի 75-ամյա քաղաքացին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար դատապարտվել է քսանչորս գրքի ընթերցանության: Հայտնել է «Ermenihaber»-ը։

Դատախազությունը նախագահին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն էր սկսել Ալի Շահին անունով մի քաղաքացու նկատմամբ՝ Ստամբուլի սրճարաններում Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:

Ստամբուլի Անատոլական 8-րդ դատարանը որոշել է ազատ արձակել Շահինին՝ նրա նկատմամբ փորձաշրջան կիրառելով, որի ընթացքում նա պետք է ընթերցի դատարանի կողմից ներկայացված գրքերի ցանկը և կազմի դրանց համառոտագրերը:

Հետաքրքրական է, որ ցանկում ներառված են Էրդողանի կենսագրությունը ներկայացնող, 2016թ․հեղաշրջման փորձի վերաբերյալ գրքեր, ինչպես նաև Աթաթուրքի ճառերի վերաբերյալ, ղուրանի, իսլամի ու այլ թեմաներով գրքեր:

Դատապարտված քաղաքացին հայտնել է, որ իր փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն ինքը որոշել է կարճ ժամանակում ձեռք բերել այդ գրքերն ու կարդալ: