Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացրել է «Դեզֆուլ» ինտելեկտուալ բալիստիկ հրթիռը

«Mehr News»-ի տեղեկացմամբ, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ հանդիսավոր արարողությանը մասնակցող օտարերկրյա դեսպանների և զինվորական կցորդների առջև հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նկատմամբ հաղթանակի նպատակով վերջին 40 տարիներին Իրանի դեմ կազմակերպվել են տարբեր դավադրություններ։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հավելել է, որ «այդ առումով երկրին հաջողվել է լիովին կասեցնել Իրանի դեմ նյութվող բոլոր դավերը»։ Բաղերին նաև նշել է. «Իրանին չես վախեցնի իր պաշտպանական և հրթիռային հզոր ներուժի հետ կապված սպառնալիքներով» (նկատի ունի՝ շանտաժներով)։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաֆարիի և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզոդայի ներկայությամբ առաջին անգամ ներկայացվել է բալիստիկ հրթիռների արտադրության ստորերկրյա գործարանը։ Այս մասին հաղորդել է IRIB իրանական պետհեռուստատեսությունը։

Ի լրումն բալիստիկ հրթիռներ արտադրող գործարանի ցուցադրման, ԻՀՊԿ-ն ներկայացրել է նաև «Դեզֆուլ» ինտելեկտուալ բալիստիկ հրթիռը։ Ջաֆարիի խոսքերով, աշխարհի նորագույն տեխնոլոգիայով ճշգրիտ նշանառության և ինտելեկտուալ հրթիռների զանգվածային արտադրությունը, որոնք երկրի առաջադիմության բարձրակետն են հրթիռների արտադրության ոլորտում, իրականացվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հայրենի ինժեներների անսասան ջանքերի շնորհիվ»։