Ամերիկյան դատարանը դահլիճից ազատ է արձակել հակահայ թուրք լոբբիստ Քեմալ Օքսուզին, մինչդեռ ՀՀ-ում նա կարող էր մինչև 5 տարի ազատազրկվել

ԱՄՆ-ում հրապարակվել է Հայաստանում կալանավորված հակահայ լոբբիստի դատավճիռը

 ԱՄՆ-ի Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը հրապարակել է Հայաստանում կալանավորված, այնուհետև ԱՄՆ-ին արտահանձնված, հակահայ  թուրք լոբբիստ Քեմալ (Քևին) Օքսուզի դատավճիռը։ «Ermenihaber.am» լրատվական կայքի տեղեկացմամբ, նրա դեմ ԱՄՆ-ում 5 մեղադրանք էր առաջադրվել, մինչդեռ դատավոր Թանյա Չաթկոն նրան մեղավոր է ճանաչել միայն 2 մեղադրանքով։ Այնուհանդերձ, Օքսուզը դատարանի դահլիճից պայմանականորեն ազատ է արձակվել։ Սա՞ է ամերիկյան աշխարհահռչակ արդարադատության իրական դեմքը․․․

Ըստ մեղադրանքներից մեկի, Օքսուզը 2013թ․ամերիկացի օրենսդիրների այցը Բաքու կազմակերպելու նպատակով, Ադրբեջանի իշխանություններից ֆինանսավորում է ստացել, ինչը փորձել է թաքցնել:

Դատարանի որոշմամբ, Օքսուզի համար առաջիկա 2 տարիները լինելու են փորձաշրջան։ Դրանից զատ, Օքսուզը պետք է վճարի 20 000 դոլար տուգանք։ Նա պարտավորվել է նաև 100 ժամ հասարակական աշխատանք կատարել։ Ծիծաղելի չէ՞ այսպիսի մեղմ պատիժը․․․

Անցյալ տարվա դեկտեմբերին ամերիկյան դատարանը վճռել էր նրան 50 000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել: Մինչ այդ Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել էր, որ Օքսուզն առնվազն մեկ տարի ազատազրկվի՝ ամերիկյան քաղաքական ինստիտուտներին վնաս հասցնելու մեջ։

Քեմալ (Քևին) Օքսուզը Հայաստանում 2017թ․ սեպտեմբերին հիմնել էր «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը զբաղվում էր տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ: ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող Օքսուզը 2018թ․ օգոստոսի 29-ին ձերբակալվել էր Երևանում: Նախորդ տարվա սեպտեմբերին Քեմալ Օքսուզի կողմից խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մասով հարուցվել էր քրեական գործ:

Ամերիկյան կողմը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն՝ Օքսուզին արտահանձնելու վերաբերյալ:

Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ բավարարվել էր Քեմալ (Քևին) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ԱՄՆ-ի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:

Օքսուզը հետախուզվում էր նաև Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից։ Թուրքական կողմը նրան մեղադրում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Դրա շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայի իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Օքսուզին իրենց հանձնելու վերաբերյալ: Ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազությունից ասել էին, թե Օքսուզին արտահանձնելու պահանջով ԱՄՆ-ը Թուրքիայից առաջ էր դիմել։ Ուշագրավ է, որ չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Թուրքիայի իրավասու մարմիններն իրենց թույլ են տվել Օքսուզին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն։ Ավելին՝ ՀՀ գլխավոր դատախազությունն Օքսուզին Թուրքիային հանձնելու միջնորդությունը մերժել է ոչ թե Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության, այլ այն պատճառաբանությամբ, որ Օքսուզին արտահանձնելու պահանջով ԱՄՆ-ը Թուրքիայից առաջ է դիմել (ստացվում է, որ եթե ԱՄՆ-ն ավելի վաղ դիմած չլիներ, Օքսուզը հանձնվելու էր Թուրքիային)։

Նկատի ունենալով վերը նշվածը, հարց է առաջանում՝ իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայում հանցանք կատարած ՀՀ քաղաքացիներին Հայաստանին արտահանձնելու պահանջով անցած ժամանակաընթացքում դիմե՞լ է թուրքական կողմին, և եթե ոչ, ինչո՞ւ․․․

Մենք չգիտենք, թե ԱՄՆ-ում Քեմալ (Քևին) Օքսուզին առաջադրված 5 մեղադրանքի թվում եղե՞լ է արդյոք մեղադրանքն առ այն, որ նա Հայաստանում խոշոր չափերի հարկեր չի վճարել, այսինքն՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մասով նախատեսված հանցանք, թեև տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի համապատասխան նախաքննական մարմինը քրեական գործը կամ դրա նյութերը պետք է փոխանցած լիներ ամերիկյան կողմին, և Օքսուզին պետք է մեղադրանք առաջադրված լիներ նաև ՀՀ-ում խոշոր չափերի հարկեր չվճարելու համար։

Մենք չգիտենք նաև, թե ամերիկյան դատարանի կողմից մերժված մեղադրանքների թվում կա՞ Օքսուզի կողմից Հայաստանում խոշոր չափերի հարկեր չվճարելու համար առաջադրված մեղադրանք։ Սակայն մի բան պարզ է․ Հայաստանում Քեմալ (Քևին) Օքսուզը 205-րդ հոդվածի 1-ին մասով մասով նախատեսված հանցանք կատարելու համար կարող էր դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման, մինչդեռ ամերիկյան դատարանը նրան դատարանի դահլիճից պայմանականորեն ազատ է արձակել։ Հիմա ճի՞շտ էր ՀՀ գլխավոր դատախազի կողմից Օքսուզին ԱՄՆ-ի իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ամերիկյան կողմի միջնորդությունը բավարարելը և հակահայ թուրք լոբբիստին ԱՄՆ-ին հանձնելը․․․

ԱՄՆ-ի Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը հավանաբար մերժել է նաև 2013թ․ամերիկացի օրենսդիրների այցը Բաքու կազմակերպելու նպատակով Ադրբեջանի իշխանություններից ստացած ֆինանսավորումը թաքցնելու փորձի համար Քեմալ (Քևին) Օքսուզին ԱՄՆ-ում առաջադրված մեղադրանքը, այլապես դժվար է պատկերացնել, որ այդ պարագայում նրան դատարանի դահլիճից պայմանականորեն ազատ կարձակեր։ Եվ սա՝ այն դեպքում, երբ նույնիսկ Թուրքիայի արդարադատության նախարարությունն էր պահանջել Օքսուզին առնվազն մեկ տարի ազատազրկել՝ ամերիկյան քաղաքական ինստիտուտներին վնաս հասցնելու համար։

 

Արթուր Հովհաննիսյան