Ոստիկանության աշխատակիցները մի՞ թե այնքան ցածր իրավագիտակցություն ունեին, որ չհասկանային ու չհայտնեին կատարվող հանցանքի մասին

Ոստիկանության պաշտոնատար անձինք յուրացրել են շուրջ 70 մլն դրամ, այդ թվում՝ պարգևավճարներ։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների հաշվեհամարներին որպես պարգևավճար փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Ըստ մեղադրանքների, ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խ. Ա.-ն 2016թ․ հունվարից 2018թ․ մայիս ժամանակահատվածում բաժանմունքի հաշվապահի հետ մշակել են բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա, որով բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծել պետական բյուջե: Արդյունքում՝ հաշվապահ Գ. Ա.-ն նշված գումարները, իսկ առանձին դեպքերում նաև բաժանմունքի աշխատակիցներին հասանելիք պարգևավճարները Խ. Ա.-ի ցուցումով յուրաքանչյուր ամիս փոխանցել է իր, Խ. Ա.-ի, ջոկի հրամանատար Ա. Ա.-ի, ինչպես նաև անզգուշությամբ հանցանքը կատարած բաժանմունքի և ռազմականացված ջոկատի մի շարք աշխատակիցների հաշվեհամարներին:

Խ. Ա.-ի հրահանգով ջոկի հրամանատար Ա. Ա.-ն, իսկ որոշ դեպքերում նաև Գ. Ա.-ն աշխատակիցներից ամեն ամիս պահանջել ու ստացել են նրանց հաշվեհամարներին փոխանցված վերը նշված գումարները: Արդյունքում՝ Խ. Ա.-ն և Գ. Ա.-ն նշված ժամանակահատվածում խմբով յուրացրել են իրենց վստահված ընդհանուրը 53 992 463 դրամ, որից Խ. Ա.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձամբ յուրացրել է 53 532 463 դրամ:

Բացի դրանից, հաշվապահ Գ. Ա.-ն 2016-ի հունիսից 2018-ի մայիս, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն եղանակով, առանց Խ. Ա.-ի և Ա. Ա.-ի գիտության, անձամբ յուրացրել է իրեն վստահված 15 294 780 դրամ գումարը:

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար Խ. Ա.-ին և Գ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նրանց օժանդակելու համար Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում Խ. Ա.-ի կողմից վերականգնվել է ավելի քան 10 մլն դրամ:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Խմբագրության կողմից․- ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարո՞ղ է բացատրել, թե այս դեպքում բաժանմունքի և ռազմականացված ջոկատի մի շարք աշխատակիցների կատարած հանցանքն ինչպե՞ս է անզգուշությամբ կատարվել կամ այդպիսին ներկայացվել իր իսկ կողմից։ Ոստիկանության բաժանմունքի և ռազմականացված ջոկատի աշխատակիցները, երբ իրենցից ջոկի հրամանատար Ա. Ա.-ն, իսկ որոշ դեպքերում նաև Գ. Ա.-ն ամեն ամիս պահանջում ու ստանում էին իրենց հաշվեհամարներին փոխանցված վերոնշյալ գումարները, մի՞ թե այնքան ցածր իրավագիտակցություն ունեին, որ չհասկանային ու ՀՀ ոստիկանապետին կամ ՀՔԾ-ին չհայտնեին կատարվող հանցանքի մասին։ Ի դեպ, այս հարցումը մենք ՀՔԾ-ին ուղղելու ենք նաև գրավոր կերպով։ Եթե այս ամենում կոռուպցիա կա, չի հանդուրժվելու։