Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է ԻԻՀ երկու քաղաքացի

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի:

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2019թ․ փետրվարի 9-ին, ժամը 21:00-ին Երևանի Ռոստովյան և Արցախի փողոցների հատման խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված Երևան քաղաքի՝ 1980թ. ծնված բնակիչը:

Նույն վայրից նույն ժամին թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով բերման են ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության  երկու քաղաքացիներ (ծնված՝ 1959թ․և 1971թ․):

Բերման են ենթարկվել նաև Իրանի՝ 1959թ․ ծնված մեկ այլ քաղաքացի և նրան հիշյալ տարածք հասցրած տաքսու վարորդը, որը հետաքննության մարմնին է ներկայացրել կաշվե պայուսակ՝ հայտարարելով, որ այն պատկանում է ԻԻՀ քաղաքացի ուղևորին։ Պայուսակի զննությամբ հայտնաբերվել են էլեկտրոնային կշեռք և պոլիէթիլենային 5 փոքրիկ տոպրակներ, ընդհանուր առմամբ, մոտ 52,06 գ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղային զանգվածով։

1971թ․ ծնված ԻԻՀ քաղաքացու անձնական խուզարկությամբ  հայտնաբերվել է մոտ 1,73 գ «հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և մոտ 0,60 գ «հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։

1959թ․ ծնված ՒՒՀ քաղաքացու մոտից պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մոտ 70,87 գ «հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող շագանակագույն զանգված, մոտ 5,49 գ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակավուն զանգված և մոտ 1,30 գ «հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, թղթե փաթեթով` մոտ 1,44 գ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված` մոտ 0,37 գ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաև ծայրերն այրված պլաստմասե խողովակ։

Վերջիններիս մոտ հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածները ներկայացվել են փորձաքննության, որի եզրակացության համաձայն, 1,5 և 68,81 գ քաշով զանգվածները հանդիսացել են «հերոին» տեսակի թմրամիջոց:

Փորձաքննությանը ներկայացված 5,1 գ քաշով բյուրեղային զանգվածը հանդիսացել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ կապույտ պոլիմերային ձողիկի մակերեսներին հայտնաբերվել են «մեթամֆետամին» և «հերոին» տեսակի թմրամիջոցների հետքեր:

Փորձաքննությանը ներկայացված արծաթափայլ նրբաթիթեղի մակերեսին հայտնաբերվել են «հերոին» տեսակի թմրամիջոցի հետքեր:

1959թ․ ծնված ԻԻՀ քաղաքացու բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 89,6 գ  «հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, մոտ 0,62 գ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված սպիտակ պոլիմերային ձողիկ, պլաստմասե 2 տարաներ` մոտ 121,23 և 53,21 գ՝ յուրահատուկ հոտով զանգվածի պարունակությամբ։

Խուզարկությամբ հայտնաբերված հիշյալ թմրամիջոցներով ևս նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։

«Հերոին» և «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի 1 գ-ն արժե 200-ից 300 ԱՄՆ դոլար, իսկ «ափիոն» տեսակի թմրամիջոցի 1 գրամը՝ 7-10 հազար դրամ:

1971 և 1959 թթ․ ծնված ԻԻՀ քաղաքացիները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով։