2018թ․ Գերմանիայից ապաստան են խնդրել պատկառելի թվով Թուրքիայի պետական պաշտոնյաներ

Գերմանիայի փախստականների հարցերով դաշնային վարչությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել Թուրքիայից ստացված ապաստան խնդրելու դիմումների վերաբերյալ։ Այս մասին գրել է Ermenihaber.am կայքը։

2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը շարունակաբար աճում է։ Վիճակագրության համաձայն, վերջին շրջանում ապաստան խնդրողների կրթամակարդակի նկատելի փոփոխություն է գրանցվել։ Պարզվել է, որ 2018թ․ առաջին կեսին Թուրքիայից դիմողների 48 տոկոսը բարձրագույն կրթություն է ունեցել։ Այն դեպքում, երբ այլ երկրներից ապաստան խնդրողների միայն 17 տոկոսն է համալսարանական կրթություն ունեցել։

Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ ապաստան խնդրողների կրթության մասին տվյալները որևէ կերպ ապացուցված չեն, այլ հիմնված են միայն դիմողի  հայտարարության վրա։ Ուստի հնարավոր է համարվում, որ ապաստան խնդրողները պարզապես ցանկացել են բարձրացնել դրական պատասխան ստանալու հավանականությունը՝ իրենց ներկայացնելով որպես ավելի հաջողակ։

Թուրքիան 2018թ․ 6-րդ տեղն է զբաղեցրել Գերմանիայից ապաստան խնդրող քաղաքացիների թվով։ Թուրքիայից դիմել է, ընդհանուր առմամբ, 10 655 քաղաքացի։ 2017թ․ այդ ցուցանիշը կազմել էր 8 483։ Ֆեդերալ վարչությունում համոզված են, որ դիմումների թվի աճը պայմանավորված է Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակով։

Ուշագրավ է նաև, որ 2016թ․ Գերմանիայից ապաստան էր խնդրել Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 4 383 քուրդ, 1 197 թուրք։ Իսկ ահա 2018թ․ ապաստան խնդրած թուրքերի թիվը գերազանցել է քրդերին․ 5 776 թուրք և 4 067 քուրդ։

Հեղաշրջման փորձից հետո փոխվել է նաև ապաստան խնդրողներին տրված դրական պատասխանների թիվը։ Եթե 2016թ․ բավարարվել է քուրդ և թուրք քաղաքացիների միայն 7 տոկոսի դիմումը, ապա 2018թ․ նոյեմբերի տվյալներով,  ընդհանուր առմամբ, բավարարվել է Թուրքիայից դիմած քաղաքացիների 40 տոկոսի դիմումը։

Ուշագրավ է նաև, որ 2018թ․ Գերմանիայից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիներից 316-ը ունեցել են դիվանագիտական անձնագրեր, իսկ 115-ը եղել են պետական պաշտոնյաներ։