Ռուսաստանի պաշտպանության նախարարը համարում է, որ Հայաստանն առանցքային դաշնակիցն է Անդրկովկասում

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանն  անվանել է առանցքային դաշնակից և գործընկեր Անդրկովկասում։ Հայտնելով այս մասին, Ռուսաստանի Դաշնության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը տեղեկացրել է.

«Մենք դա բազմիցս հաստատել ենք և՛ մեր գործողություններով, և՛ համատեղ ծրագրերով ու միջոցառումներով, որոնք բավական հաջող իրականացնում ենք տարիներ շարունակ,- այսօր հայտարարել է Սերգեյ Շոյգուն՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ։- Դա վերաբերում է թե՛ ռազմական, թե՛ ռազմատեխնիկական համագործակցությանը»:

Դավիթ Տոնոյանն իր կողմից նշել է Ռուսաստանի զինված ուժերի մեծ դերը Անդրկովկասում անվտանգության ապահովման և ռազմական գործողությունների վերսկսման վտանգի նվազեցման գործում։

«Մենք անչափ բարձր ենք գնահատում մեր հարաբերություններում ձեռք բերված մակարդակը, հատկապես ռազմական ոլորտում,- ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարարը։ – Ես վստահ եմ, որ Ռուսաստանի զինված ուժերը շատ մեծ դեր են խաղում ընդհանրապես տարածաշրջանում լարվածությունը մեղմելու, ինչպես նաև ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նվազեցնելու հարցում»:

Նրա կարծիքով, այսօրվա բանակցությունները կծառայեն ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների։