Սերգեյ Շոյգուի հետ քննարկվել են նաև ՀՀ զինուժի կանխարգելիչ գերակայությունն ապահովող նորագույն ու ճշգրիտ զինատեսակներով համալրելու հարցեր

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում:

ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին` Սիրիային մարդասիրական աջակցության համար, նշելով, որ Հայաստանն առաջինն է արձագանքել արաբական պետության խաղաղ քաղաքացիներին աջակցելու ՌԴ կոչին:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին Սիրիային տրամադրվող մարդասիրական օգնության հարցում համագործակցության համար: Դավիթ Տոնոյանը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում նպաստում են հետպատերազմյան վերականգնմանը և կարևորել Հայաստանի մասնակցությունը մարդասիրական գործողությանը:

«Կարևոր է մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին, որի մի մասն է հայկական սփյուռքը»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ գերակայությունն ապահովող նորագույն և ճշգրիտ զինատեսակներով համալրելու հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև մարտական պատրաստության մակարդակի բաձրացմանն ուղղված համատեղ պլանները:

Ընդգծելով, որ հայ-ռուսական երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, կողմերը համոզմունք են հայտնել, որ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ: