Համաներմամբ ազատված երկու քաղաքացի բռնվել են հանցանքի վայրում

Փետրվարի 7-ին, ժամը 03։15-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Տաշիր քաղաքի Շահումյան փողոցում նկատել են կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա և 1987թ. ծնված Արգամ Հ.-ին ու 1994թ. ծնված Արթուր Ա.-ին` երկուսն էլ համաներումով ազատված: ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, նրանք ծածկոցով փաթաթված իրերը, յուրաքանչյուրի ձեռքին՝ մեկական կապոց, Տաշիր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 9 տան մոտից մոտենալիս են եղել ավտոմեքենային: Նկատելով մոտեցող ոստիկանության ծառայողներին, կապոցները թողնելով Շահումյան փողոցում, նրանք դիմել են փախուստի, սակայն ժամը 03։30-ին Շահումյան փողոցի թիվ 14 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել բաժին:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ փետրվարի 7-ին, ժամը 03։00-ի սահմաններում Արթուր Ա.-ն և Արգամ Հ.-ն Խանջյան փողոցի թիվ 9 տան մուտքի դուռը բացելով, տնից գողացել են բազմոցի և մահճակալի ծածկոցներ, երաժշտական կենտրոն և սկահակ:

Փետրվարի 7-ին գողության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործով պարզվել է, որ Արթուր Ա.-ն և Արգամ Հ.-ն նշված տնից դուրս են բերել բաճկոն, թվային ֆոտոխցիկ, «10» անվանական արժեքով ԽՍՀՄ արժեթուղթ, «10» անվանական արժեքով հնդկական ռուփի, ձեռքի ժամացույց, ոսկյա զարդ՝ ընդհանուրը մոտ 400 000 դրամ արժողության, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել՝ բաժնի ծառայողների կողմից բռնվելու պատճառով:

Գողոնը վերցվել է: Արթուր Ա.-ն և Արգամ Հ.-ն ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: