Տեսնո՞ւմ են Հայաստանի իշխանությունները, թե իրականում ինչ է կատարվում Իրանի շուրջ ու ներսում

Մինչ աշխարհում քննարկում են Իրանի հետ իր հաշվարկների կարգավորման ԵՄ-ի փորձը, ինքը՝ Իրանը, յոթմղոնանոց քայլերով առաջ է շարժվում արևելյան ուղղությամբ։ Շուտով մենք, ինչպես և ողջ աշխարհը, վերջնականապես կհամոզվենք, որ Իրանի դաշնակիցներն են ոչ միայն Ռուսաստանն ու Չինաստանը, այլև Հնդկաստանը։ Փետրվարի 5-6-ը տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ։ Հենց դրանք են ներկայացնում ամենամոտ ապագայի նախագիծը, որը կշոշափի Իրանի բոլոր հարևաններին։

«The Economic Times» թերթի տեղեկացմամբ, հնդկական ու ռուսական կողմերը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ արագացնելու համար Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) զարգացումը, որը կապահովի Հնդկաստանի ավելի սահուն հաղորդակցումը Ռուսաստանի հետ Իրանի միջով։ INTSC-ը, որի իրականացումը հետաձգվել էր մի քանի տարով, Շանհայի համագործակցության կազմակերպության ընդերքում ծնված նախագիծ է։ Եվ, ահա, «Ռուսաստանյան երկաթուղիներ» բաժնետիրական ընկերությունը և Հնդկաստանի Կոնտեյներային կորպորացիան՝ երկաթուղային կոնտեյներային բեռնափոխադրումների խոշորագույն օպերատորն այդ երկրում, ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ INTSC-ի համար լոգիստիկ ծառայություններ մատուցելու նպատակով։

Փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է Ռուսաստանում և Հնդկաստանում միջազգային տրանսպորտային միջանցքների, այդ թվում նաև INSTC-ի կիրառմամբ համատեղ լոգիստիկ ծրագրերի մշակման հնարավորությունների ուսումնասիրություն։ Երկու երկրներն էլ գերակա նշանակություն են տալիս հենց Իրանին ու նրա երկաթուղային ցանցերին։ INSTC-ը Հնդկական օվկիանոսն ու Պարսից ծոցը Իրանի, Ռուսաստանի միջով Եվրոպայի հետ կապող մուլտիմոդալ բեռնափոխադրումների ամենակարճ տրանսպորտային երթուղին է։ Հնդկաստանից բեռը կարող է փոխադրվել իրանական Բանդար-է Աբբաս նավահանգիստ, իսկ այնտեղից ցամաքային ճանապարհով տեղափոխվել Կասպից ծովի Էնզելի նավահանգիստ։ Այնուհետ ապրանքները կարող են ուղարկվել ռուսաստանյան Աստրախան նավահանգիստ, իսկ այնտեղից՝ երկաթուղիով առաքվել Եվրոպայի մնացյալ մաս։

Պետք չէ կարծել, թե Հնդկաստանը, Ռուսաստանն ու Իրանը մտահոգված են միայն երկաթուղային բեռնափոխադրումներով և ջրային ու ցամաքային հաղորդակցության ուղիներով։ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն փետրվարի 5-ին հայտարարել է, որ Իրանն ընդունել է Ռուսաստանի առաջարկն Իրանից Հնդկաստան բնական գազի արտահանման համար ստորջրյա խողովակաշարի շինարարության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է «Tasnim News» գործակալությունը։

Ելույթ ունենալով Թեհրանում անցկացված մամուլի ասուլիսում, Զանգանեն հերքել է իրականությանը չհամապատասխանող պնդումներն այն մասին, թե չի ընդունել ստորջրյա խողովակաշարի շինարարության վերաբերյալ հնդիկների առաջարկը, և հայտարարել է, որ այդ առաջարկը ներկայացվել է ռուսների կողմից, և Իրանը հավանություն է տվել դրան։ Նա պատմել է նաև, որ իրանական օրացույցով անցած տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրան կատարած այցի ժամանակ այդ հարցի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի էներգետիկայի նախարարի և «Գազպրոմի» հետ։ Ներկայումս խողովակաշարի շինարարության պատասխանատվությունը կրում են ռուսները, հավելել է Իրանի նավթի նախարարը։

Համառոտ խոսենք այն մասին, թե ինչ նկատի ունի իրանցի նախարարը։ Դեռևս 2015 թվականին Գազի արտահանման իրանական ազգային ընկերության այն ժամանակվա կառավարիչ- տնօրեն Ալիռըզա Քամելին հայտարարել էր, որ երկրում բանակցություններ են ընթանում 4,5 մլրդ դոլար արժողության ստորջրյա խողովակաշարի շինարարության ծրագրի վերաբերյալ ՝ բնական գազը Հնդկաստան արտահանելու համար։ Ենթադրվում էր, որ ծրագրվող խողովակաշարը Իրանի ափերից Օմանի նեղուցի և Հնդկական օվկիանոսի միջով մինչև Գուջարատ կփոխադրի օրական 31,5 մլն խորանարդ մետր գազ։ Ըստ Քամելիի, այն պետք է կառուցվեր գազի առքուվաճառքի վերաբերյալ անհրաժեշտ համաձայնությունների և համաձայնագրի ստորագրումից 2 տարի անց։ Ինչպես տեսնում ենք, այսօր շահագրգռված երեք կողմերը վերադարձել են Իրանից Հնդկաստան ստորջրյա գազամուղի նախագծին։

Ընդգծեմ, որ գազի շուրջ Իրան-Ռուսաստան-Հնդկաստան համագործակցության մասին հաղորդագրությունները ստացվել են անչափ հետաքրքիր իրադարձությունների խորապատկերին։ Հարավային Կորեան, որը ԱՄՆ-ից սաստիկ կախում ունեցող երկիր է, որոշել է Իրանից գնել ոչ միայն նավթ, այլև գազակոնդենսատ։ Հարավկորեական «Hyundai Oilbank Co.» նավթամշակման խոշորագույն գործարանը ծրագրում է փետրվարին ներկրել 2 մլն բարել իրանական կոնդենսատ, գրել է «Tehran Times» թերթը փետրվարի 5-ին։

Հարավ-կորեական մեկ այլ բիզնես-սուբյեկտ՝ «Hanwha Total Petrochemical Co.»-ը, նույնպես ծրագրում է Իրանից կոնդենսատ ներկրել փետրվարին։ Վերջին անգամ այդ ընկերությունը իրանական կոնդենսատ է ներկրել անցած տարվա հուլիսին, երբ ընդունեց 2 մլն բարել։ Անցած տարվա ապրիլին իրանական կոնդենսատը կազմում էր Հարավային Կորեայի կողմից ներկրվող նավթի մինչև 59%-ը, իսկ այնուհետ մայիսից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում նվազեց 30%-ի։ «SK Trading International Co.»-ն՝ Հարավային Կորեայի «SK Innovation Co» նավթամշակման խոշորագույն գործարանի դուստր ընկերությունը, նույնպես ծրագրում է իրանական կոնդենսատ ներկրել փետրվարին։ Հունվար ամսին «SK Trading International»-ը գնել է 2 մլն բարել իրանական կոնդենսատ։

Իրանից ստացվող նմանօրինակ լուրերը, որոնք ցույց են տալիս, որ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, աշխարհում չի նվազում մեր հարավային հարևանի հետ համագործակցելու շահագրգռվածությունը, մեծաթիվ են։

Իրանի Ազգային նավթային ընկերությունը (NIOC) փետրվարի 5-ին հայտարարել է երկրի հեղուկ ածխաջրածինների արդյունահանվող պաշարների մասին, նշելով, որ նավթի պաշարներն Իրանում գնահատվում են 160,12 մլրդ բարել, իսկ բնական գազի պաշարները կազմում են 33,33 տրիլիոն խորանարդ մետր։ Այսպիսով, Իրանին է պատկանում անմշակ նավթի, կոնդենսատի և գազի խոշորագույն պաշարներից մեկը մոլորակի վրա, ընդգծել է «Fars News» գործակալությունը։ Համաձայն ԱՄՆ-ի Աշխարհագրական ծառայության (USGS) տվյալների, երկրաբանական որոնման և հետախուզության աշխատանքների ծավալով Իրանը երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ Իրաքից ու Ռուսաստանից հետո։ Ահավասիկ Ճապոնիայից արդեն չորրորդ՝ «JXTG Nippon Oil & Energy» ընկերությունն էլ վերականգնեց նավթի ներկրումն Իրանից։ Հայաստանը, սակայն, հետ է մնում այս զարգացումներից, կարծես թե «ինչ-որ մեկից վախենում» է։

Իրանի տնտեսությանն իմ այս անդրադարձը կավարտեմ Թեհրանից ստացված ևս երկու հաղորդագրությամբ։ Նախ, փետրվարի 5-ին Իրանի Նանոտեխնոլոգիաների զարգացման կենտրոնի քարտուղար Սայիդ Սարքարը IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամական հեղափոխությանը հաջորդած տարիների ընթացքում Իրանի նանոտեխնոլոգիաներն աշխարհում 57-րդ տեղից բարձրացել են 4-րդ հորիզոնական։ Երկրորդ․ նույն օրը Կաբուդառահանգում (Համադան նահանգ) բացվել է 7 ՄՎտ հզորության արեգակնային էլեկտրակայան, որի բացման արարողությանը ներկա է եղել Իրանի առաջին փոխնախագահ Էսհագ Ջահանգիրին։ Շուտով նա պետք է բացի այդպիսի ևս երկու էլեկտրակայան Ֆամենին և Համադան քաղաքներում, հաղորդել է «Mehr News»-ը։

Իրանի կառավարությունը ձգտում է մինչև 2022թ. ավելացնել էներգիայի վերականգնելի աղբյուրներով, այդ թվում՝ արևի և քամու էներգիայով աշխատող էլեկտրակայանների հզորությունը՝ այն հասցնելով մինչև 5000 ՄՎտ-ի։ Ունենալով տարեկան 300 արևոտ օր, Իրանը ահռելի ներուժ ունի էներգիայի վերականգնելի աղբյուրների օգտագործման համար, այդ թվում՝ ընդերքային, արեգակնային և հողմային։

 

Սերգեյ Շաքարյանց