Իսպանիայից փոստով առաքել են մարիխուանա

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսանենգություն կատարելու կասկածանքով Երևանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից Իսպանիայից ստացել էր իր անունով ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին:

ՊԵԿ-ի տեղեկացմամբ, իրականացված անձնական խուզարկության արդյունքում առաքանում հայտնաբերվել է 17 գրամից ավելի մարիխուանա տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ քաղաքացի Կ.Հ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Իրականացվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: