«Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 6-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:

Հանձնաժողովի տեղեկացմամբ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ, 19-րդ և 19.1-րդ կետերով սահմանված ժամկետները: Խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 21-ից հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում 154 դեպքում խախտել է կանոնների 16-րդ և 19-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։ Հանձնաժողովի 2018թ․ ապրիլի 4-ի №109Ա, օգոստոսի 22-ի №333Ա և նոյեմբերի 21-ի №430Ա որոշումներով «Վեոլիա Ջուր» ընկերությունն արդեն իսկ կանոնների 16-րդ, 19-րդ, 19.1-րդ կետերի խախտման համար երեք անգամ, որոնցից երկուսը՝ առավելագույն չափով, ենթարկվել է տուժանքի:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննության առնելով հարցը, որոշել է ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։