ԱԱԾ-ում ծառայության ընդունվել ցանկացողների համար կազմակերպվում է ուսուցում Ռուսաստանի առաջատար մասնագիտական բուհերում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր կադրերի համալրումն ապահովելու համար, կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտներում, ինչպես նաև Պահպանության դաշնային ծառայության Օրյոլի ակադեմիայում, որոնք ռազմաուսումնական հաստատություններ են:
Հայտնելով այս մասին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ ՌԴ ԱԴԾ ակադեմիայում և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում և ՊԴԾ Օրյոլի ակադեմիայում` ինժեների որակավորում, որից հետո որպես սպա զինվորական ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումներում և սահմանապահ զորքերում:
Ուսման տևողությունը 5 տարի է, որի ընթացքում կուրսանտներն ապահովվում են ԲՈՒՀ-երի տարածքում տեղակայված հանրակացարանով, անվճար սննդով և կրթաթոշակով:
Ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնք  վարժ տիրապետում են հայերեն և ռուսերեն լեզուներին, իրենց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ և անձնական տվյալներով համապատասխանում են ՀՀ ԱԱԾ զինծառայողին ներկայացվող պահանջներին`

– ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները.

– միջնակարգ կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 23 տարեկան անձինք.

– ավագ դպրոցն ավարտած, սակայն 18 տարին չլրացած անձինք.

– ավագ դպրոցն ավարտած, 18 տարին լրացած, սակայն օրենքով սահմանված կարգով զինծառայությունից տարկետում ստացած անձինք:

Թեկնածուների բժշկական հետազոտությունն ու առողջական վիճակի համապատասխանության ստուգումն իրականացվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովում և ներառում է թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգում, ինչպես նաև հոգեբանական թեստավորում: Թեկնածուները սահմանված կարգով անցնում են նաև պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ հետազոտություն:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` ՀՀ ԱԱԾ-ում անցկացվող համապատասխան բարդության աստիճանի հետևյալ քննությունների արդյունքների հիման վրա`

– ֆիզիկական պատրաստվածության ստուգում` հետևյալ ցուցանիշներով`

– հարցազրույց (ռուսերեն).

– ընդհանուր կրթամակարդակի ստուգում թեստավորման միջոցով.

– ռուսաց լեզու (գրավոր` փոխադրություն).

– հայոց լեզու (գրավոր` թելադրություն).

– մաթեմատիկա՝ ՌԴ ԱԴԾ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտ և ՊԴԾ Օրյոլի ակադեմիա ընդունվողների համար.

– ֆիզիկա՝ ՌԴ ՊԴԾ Օրյոլի ակադեմիա ընդունվողների համար.

– օտար լեզու (բանավոր)՝ ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ ընդունվողների համար:

Դիմումներն ընդունվում են հունվարի 10-ից մինչև մարտի 10-ը:
Մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ ԱԱԾ ընդունարան` Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ զանգահարել 010 58 90 89 կամ 010 57 91 77 հեռախոսահամարներով, իսկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության ընդունվելու հարցերով` 010 36 35 24: