Զինդատախազ Վահե Հարությունյանը ամփոփել է կայազորների դատախազությունների 2018թ. գործունեությունը

Զինվորական դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեությունն ամփոփելու նպատակով, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն  այցելել է Լոռու, Սևանի, Շիրակի, ինչպես նաև թիվ 1, թիվ 2 և թիվ 3 կայազորային դատախազություններ: ՀՀ դատախազության տեղեկացմամբ, անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2018թ. զինված ուժերում հանցավորության վիճակին, ԶՈւ-երում հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների որակը, հանցագործության դեպքերով իրականացվող մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության հիմնական արդյունքներն ու խնդիրները, պետական շահերի, ինչպես նաև քրեական վարույթում ներգրավվող զինծառայողների, սպաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կայացած քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ ռազմական ոստիկանությունների, ՀՀ և ԱՀ զինված ուժերի պատասխանատուները:

Կայազորների զինվորական դատախազները ներկայացրել են համապատասխան կայազորների զորամասերում և այլ զորամիավորումներում հանցավորության վիճակի նվազեցման, բանակում զինծառայողների միջև և զինվոր-սպա հարաբերություններում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի, կանոնադրային հարաբերությունների պահպանման ուղղություններով կատարված աշխատանքները, որոնց շուրջ ծավալվել են շահագրգիռ քննարկումներ:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այս առումով կարևորել է քրեածին վարքագծից զինծառայողներին զերծ պահելու նպատակով զորամասերում տարվող բացատրական աշխատանքների, իրավունքների և պարտականությունների մասին նրանց իրազեկման շարունակումը, հրամանատարական կազմի հետ զորամիավորումներում օպերատիվ իրավիճակի լիարժեք վերահսկողության ապահովումն ու տեղեկատվության արագ փոխանակման գործուն կառուցակարգեր ունենալը:

Զինվորական դատախազի կողմից շեշտվել է ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ սպայական կազմի ծառայողական պարտականությունների անշեղ կատարման նկատմամբ վերահսկողությունը: Կարևորվել է հանցագործության յուրաքանչյուր դեպքին նպաստող պատճառների ու պայմանների վերհանումը, հանցագործություն կատարած զինծառայողների արագ բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելը, ինչը նախ ձևավորում է զինված ուժերում կատարած հանցավոր արարքին համաչափ պատժի անխուսափելիությունն ապահովելու համոզմունք, և, իբրև այդպիսին, դառնում կարևոր նախադրյալ հետագա հանցագործությունների կատարումից, քրեածին վարքագծի դրսորումներից խուսափելու համար:

Զինվորական դատախազի կողմից գոհունակություն է հայտնվել զինված ուժերում կոռուպցիայի դեմ ուղղված քրեաիրավական պայքարի, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների առումով: Այդուհանդերձ, ամփոփումների ժամանակ նրա կողմից առաջնային է համարվել  հանցագործության դեպքերի, հատկապես ծանր և առանձնապես ծանր դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերի շրջանակներում նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության լիարժեք ապահովումը: Խնդիր է դրվել քննությունների հնարավորինս արագ և արդյունավետ իրականացման նպատակով ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել նախաքննական մարմիններին քննչական անհետաձգելի գործողությունները կատարելու ցուցումներ տալու, ինպես նաև օպերատիվ-հետախուզական մարմիններին նման միջոցառումներ կատարելու հանձնարարություններ տալու ուղղություններով:

Խորհրդակցությունների ընթացքում, հաշվի առնելով յուրաքանչյուր կայազորում հանցավորության վիճակի, կատարված աշխատանքների արդյունքների առանձնահատկությունները, Վահե Հարությունյանի կողմից կայազորների դատախազությունների դատախազներին տրվել են որոշակի հանձնարարություններ: Ամփոփումները շարունակվում են: