Ռուսաստանի հրթիռային պատասխանն ԱՄՆ-ին․ Շոյգուն նախանշել է ցամաքային «Կալիբր»-ի մշակման ժամկետները

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է մեծ հեռահարության հիպերձայնային հրթիռային համալիրի մշակման անհրաժեշտության մասին։

Մեծ հեռահարության թևավոր հրթիռով ծովային տեղակայման «Կալիբր» համալիրի ցամաքային տարբերակն անհրաժեշտ է մշակել 2019-2020 թվականներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

«2019-2020 թվականների ընթացքում մեզ անհրաժեշտ է մշակել Սիրիայում իրեն լավ դրսևորած թևավոր հրթիռով ծովային տեղակայման «Կալիբր» համալիրի ցամաքային տարբերակը»,- հայտարարել է Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության հեռակապային խորհրդակցության ժամանակ։

Շոյգուն հավելել է, որ նույն ժամկետներում պետք է ստեղծել ցամաքային հրթիռային համալիր՝ մեծ հեռահարության հիպերձայնային հրթիռով։ Խոսքը «Ցիրկոն»-ի ցամաքային տարբերակի մասին է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքերով, տվյալ միջոցները ձեռնարկվում են Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրով իր պարտավորությունների կատարումից ԱՄՆ-ի հրաժարման արդյունքում։

Շոյգուն ընդգծել է, որ ցամաքային տարբերակը ստեղծելիս, ծովային և օդային տեղակայման հրթիռների օգտագործումը թույլ կտա էականորեն կրճատել հրթիռային նոր զենքի արտադրության ժամկետներն ու դրա ֆինանսավորման ծավալները։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր տեղակալ Ալեքսեյ Կրիվոռուչկոյին հանձնարարել է կարճ ժամկետում սկսել համապատասխան փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ։ Դրանց ֆինանսավորումը ենթադրվում է կազմակերպել 2019 թվականի և 2020-2021թթ. պլանային ժամանակահատվածի համար պաշտպանական պետպատվերով հատկացված միջոցների շրջանակներում։

Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ-ը փետրվարի 2-ից կասեցրել է իր մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրին (ՄՓՀՀՊ)։