Մադուրոյին աջակցող Թուրքիայում հիշել են, որ Վենեսուելան 2005-ին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը

Վերջին օրերին Վենեսուելայում տեղի ունեցող քաղաքական խժդժությունների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն էր հայտնել պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյին:

«Արցախպրես» լրատվական կայքի տեղեկացմամբ, ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Milli gazete» լրատվական կայքում հրապարակված հոդվածում հիշեցվել է, որ Վենեսուելայի խորհրդարանը 2005թ․ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ermenihaber-ի տեղեկացմամբ, աղբյուրն ընդգծել է, որ այդ ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահը եղել է հենց ներկայիս նախագահ Մադուրոն։

«2015-ի հուլիսի 14-ին Վենեսուելայի խորհրդարանը Մադուրոյի նախագահությամբ ճանաչել է այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը՝ պահանջելով նաև Եվրամիության անդամության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների առկախում»,- նշված է հոդվածում:

Թուրքական կայքը տեղադրել է նաև ժամանակին Թուրքիայի մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչի՝ Մադուրոյին հղած նամակը, որով Արընչը դժգոհությունն էր հայտնել վերոնշյալ որոշման կապակցությամբ: