Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց նորակառույց առաջնորդարանի բացումը

Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը:
Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ պատարագի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվեց դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ եկեղեցու բարերարներ և բազում այլ հավատավոր հայորդիներ:
Վեհափառ հայրապետը Հայկազուն Սրբազանի և Թեմական խորհրդի ատենապետ տիար Սարգիս Տեր-Պետրոսյանի հետ միասին կատարեց առաջնորդարանի հուշաքարի բացումը և հատեց մուտքի ժապավենը` ազդարարելով առաջնորդարանի պաշտոնական բացումը:
Տոնական այս առիթով Նորին սրբությունն իր օրհնության և գնահատանքի խոսքն ուղղեց ներկաներին` գոհություն հայտնելով Աստծուն, որ պարգևել է շնորհը ուրախակից լինելու հայ համայնքին նորակառույց առաջնորդարանի բացման հանդիսության կապակցությամբ, որը ծառայելու է ավստրալաբնակ մեր ժողովրդի հոգևոր և ազգային կյանքի պայծառությանը:
«Նորաշեն, մեծ ու գեղեցիկ այս շենքի կառուցումը մի նոր վկայություն է ավստրալաբնակ մեր ժողովրդի հավատքի և եկեղեցասիրության և ազգային կյանքի հանդեպ նախանձախնդրության: Այդ ոգին է շենացրել այստեղ հայկական կյանքը: Այդ ոգին միավորել է ձեր ծնողներին ու պապերին եկեղեցիներ կառուցելու, դպրոց ունենալու, ազգային կառույցներ ստեղծելու՝ պահպանելու համար ազգային ինքնությունը և հավատքի կյանքը, որն ունի Քրիստոսի շնորհը հավիտենականության:
Տիրոջ օրհնությամբ նոր Առաջնորդարանը ծառայելու է Ավստրալիայում մեր Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, հայ համայնքի զորացմանը, որպես ազգի տուն՝ համախմբելով այս մեծ երկրում ապրող մեր ժողովրդի զավակներին: Բոլորիս տեսիլքն է, որ այս նորաշուք հարկի ներքո հատկապես երիտասարդ հայորդիները առնչվեն իրենց արմատներին և առավել ներգրավվեն հոգևոր և ազգային կյանքում: Առաջնորդարանը՝ ինչպես ազգային կյանքի ամեն ձեռքբերում, նաև բարի գործերի նախանձախնդրության օրինակն է փոխանցելու հաջորդ սերունդներին՝ շարունակելու ավստրալահայ համայնքի հավատքի կյանքը, բարեպաշտ ընթացքն ու ավանդները: Ձեր բարեպաշտությունը, սիրելիներ, նաև հիմքն է այս մեծ ու բազմազգ երկրում ձեր հաջողությունների և ձեր հանդեպ հարգանքի ու վստահության»,- նշեց Ամենայն Հայոց հայրապետը:
Այս կապակցությամբ Նորին սրբությունը օրհնությամբ հանդերձ իր երախտիքի խոսքը փոխանցեց հանդիսությանը մասնակից իշխանության ներկայացուցիչներին, Քույր եկեղեցիների առաջնորդներին և հավատակից եղբայրներին այն բարի վերաբերմունքի համար, որը հայ ժողովրդի զավակները վայելում են Ավստրալիայում:
Հավատքի անսասանության, միմյանց հանդեպ սիրո և միասնականության պատգամի հետ մեկտեղ Վեհափառ հայրապետը հորդորեց հայորդիներին շարունակել շենացնել իրենց կյանքը, իրագործել ազգաշահ գործեր: Նորին սրբությունը մաղթեց, որ առաջնորդարանը արդյունավորությամբ ծառայի ժողովրդի հոգևոր և ազգային զարթոնքին՝ իրենց կյանքում վայելելու Աստծո օրհնությունն ու շնորհները: Հայրապետը հայցեց, որ Տերը պահպանի համայն մեր ժողովրդին ապահով ու անվտանգ, մեկ ու միասնական՝ մեր Սուրբ եկեղեցիով, Սուրբ Էջմիածնով և նվիրական մեր հայրենիքով:
Այս առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը իր գնահատանքն ու օրհնությունը բերեց առաջնորդարանի հիմնական բարերարներ Տեր և Տիկին Լորիս և Սոնյա Խանջյաններին և իրենց ավանդը առաջնորդարանի կառուցմանը բերած Եկեղեցու նվիրյալ զավակներին՝ հայցելով Տիրոջից նրանց քաջառողջություն, արևշատ կյանք և ազգաշահ նոր ձեռնարկներ: Ի գնահատություն եկեղեցանվեր և ազգօգուտ ծառայության Հայրապետական կոնդակով Տեր և Տիկին Խանջյաններին շնորհվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:
Հիշարժան այս օրը Ամենայն հայոց կաթողիկոսը արքայության պատիվ շնորհեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին` ի գնահատություն նրա բարեջան ծառայության:
Վեհափառ հայրապետն իր օրհնությունը բերեց հոգևոր դասին, որոնք անխոնջ խնամում և հսկում են մեր ժողովրդի հոգևոր կյանքը, ինչպես նաև եկեղեցական վարչականներին և Ավստրալիայում ապրող համայն հավատավոր մեր ժողովրդին:

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See-ի ֆեյսբուքյան էջից

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց նորակառույց առաջնորդարանի բացումըՓետրվարի 3-ին, հանդիսապետությամբ…

Опубликовано Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See Воскресенье, 3 февраля 2019 г.