Եղբայրների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Փետրվարի 3-ին, ժամը 19։35-ին ոստիկանության Թալինի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Ժիրոն 1970 թ. ծնված Ժիրայր Նազարեթյանն է, իսկ եղբայրը՝ 1973 թ. ծնված Ղևոնդ Նազարեթյանը: Նրանք նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին, Նոր Արթիկ գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում Ժիրայր Նազարեթյանը դանակահարել է եղբորը, որն ավելի ուշ մահացել է:
Ժամը 22։30-ին Ժիրայր Նազարեթյանը բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին, տվել է խոստովանական բացատրություն ու ձերբակալվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: