Ադրբեջանի կործանիչների վրա բելառուսական բորտային համալիրներ են տեղադրվել (տեսանյութ)

Ադրբեջանական աղբյուրները, «Ռազմինֆո» լրատվական կայքի տեղեկացմամբ, ակտիվորեն տարածում են բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («Оборонные инициативы») ընկերության լուսանկարները, որտեղ երևում են ադրբեջանական ՄիԳ–29 և Սու–25 կործանիչներ՝ համալրված բելառուսական «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրներով (ՊԲՀ)։ Լուսանկարները տեղադրված են ընկերության պաշտոնական կայքում՝ արտադրանքի կատալոգում։

Լուսանկարները տեղադրված են ընկերության պաշտոնական կայքում՝ արտադրանքի կատալոգում։ Լուսանկարներում ցուցադրված է բելառուսական ՊԲՀ–ների տեղադրումը ՄիԳ–29 և Սու–25 կործանիչների վրա, իսկ որպես օրինակ ներկայացված կործանիչների վրա երևում են ադրբեջանական տարբերանշանները։

Կայքի տեղեկացմամբ, «Թալիսման» ՊԲՀ–ն աշխատում է ավտոմատ ռեժիմով, ապահովում է կեղծ թիրախներ, հայտնաբերում է ինքնաթիռի վրա հարձակվող հրթիռներն ու այդ մասին զգուշացնում օդաչուին, ինչպես նաև գործում է ՀՕՊ համակարգերի դեմ։ Դրա յուրաքանչյուր կոնտեյները կշռում է 65 կգ։

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բելառուս այցի ընթացքում կնքվել էին  տարբեր ոլորտների, այդ թվում՝ ռազմական ոլորտի համագործակցության մասին պայմանագրեր։

2018թ. Ադրբեջանը ստացել էր նաև բելառուսական «Պոլոնեզ» (https://razm.info/126828) համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին խմբաքանակը, իսկ արդեն սեպտեմբերին ստացել էր դրանց երկրորդ խմբաքանակը՝ առնվազն 5 լիցքավորող մեքենա, 3 արձակման կայանք և 3 միավոր կապի և ղեկավարման մեքենա։