Պետհամալսարանի աշխատակիցները վճռական են տրամադրված, նախապատրաստվում են կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիային

Եթե կառավարությունը չվերանայի իր որոշումը, գիտական մտքի նոր արտահոսք կսկսվի

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում այսօր գիտական լաբորատորիաների աշխատակիցները ծանուցումներ էին ստորագրում այն մասին, որ երկու ամսից լաբորատորիաների բազային ֆինանսավորման դադարեցման հետևանքով զրկվելու են իրենց աշխատանքից, եթե, իհարկե, ՀՀ կառավարությունը չվերանայի և չչեղարկի ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկած որոշումը։

Որոշման համաձայն, գիտական լաբորատորիաների համար մինչև վերջերս պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորումը մրցույթային կարգով  է տրամադրվելու։ Այս դեպքում շատ լաբորատորիաներ պարզապես կդադարեն գործել, եթե չհաղթեն հայտարարված մրցույթում։ Գիտնականներն ասում են, որ դա հայրենական գիտության վրա անդառնալի հետևանքներ կունենա, գիտնականները, զրկվելով աշխատանքից և արժանի գնահատականից, կարտագաղթեն, իսկ գիտությունը կլճանա։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աշխատակիցները վճռական են տրամադրված և պատրաստվում են հաջորդ շաբաթ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել և հորդոր-նամակ հանձնել վարչապետին։